Ապրիլի 18-ին երկար ժամանակով կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Օդի ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Ադրբեջանի և ՌԴ-ի բարձրագույն ղեկավարությունը որոշում են կայացրել ԼՂ-ից խաղաղապահների վաղաժամ դուրսբերման մասին    

08 հոկ 2022 10:17

Պրահայում Փաշինյան-Ալիեւ հանդիպումից մենք օգտակա՞ր բան սպասենք, թե՞ վնասակար․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Երեկվանից մարդիկ փորձում են հասկանալ՝ ի՞նչ է «ստորագրել» Նիկոլ Փաշինյանը Պրահայում, եւ ի՞նչ է նշանակում պաշտոնական հաղորդագրությունը, որտեղ ասված է, որ 2022 թ․ հոկտեմբերի 6-ին Պրահայում՝ Ֆրանսիայի նախագահի եւ Եվրոպական խորհրդի նախագահի նախաձեռնությամբ կայացած Եվրոպական քաղաքական համայնքի առաջին հանդիպման շրջանակներում Հայաստանն ու Ադրբեջանը հաստատեցին իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը եւ 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Ի՞նչ փաստաթուղթ է դա, եւ արդյոք դրանով Հայաստանն Արցախը ճանաչո՞ւմ է Ադրբեջանի մաս։ Ոմանք պնդում են, որ 1991 թ․ այս հռչակագրով պետություններն ընդամենը ճանաչել են միմյանց անկախությունը՝ սահմանների հստակեցման մասին խոսք չի եղել։



Ընդ որում, այս փաստաթուղթը Հայաստանի խորհրդարանը՝ այն ժամանակվա Գերագույնը խորհուրդը, վավերացրել է 1993-ին, այն էլ՝ կոնկրետ վերապահումներով։ Այն ժամանակվա իշխող խմբակցությունը՝ ՀՀՇ-ն, բերել էր կառավարության ներկայացրած նախագիծը, որին, սակայն, դեմ է արտահայտվել ինչպես ընդդիմությունը, այնպես էլ իշխող ուժի մեծ մասը, եւ նախագիծը Գերագույն խորհրդում չի ընդունվել։ Միաձայն ընդունվել է ընդդիմադիր խմբակցությունների ներակայացրած նախագիծը՝ մի շարք վերապահումներով, այդ թվում՝ Արցախի մասով։ Նախագծի հիմնական զեկուցողը եղել է ԱԺՄ-ական Շավարշ Քոչարյանը։ Ի դեպ, այդ օրը ԳԽ նիստին ներկա է եղել նաեւ այն ժամանակ Հայաստանում ՌԴ դեսպան Վլադիմիր Ստուպիշինը։ Այն ժամանակ ընդդիմադիր պատգամավորներից է եղել նաեւ «Արցախ» պատգամավորական խմբի անդամ, ԳԽ Արցախի հարցերով հանձնաժողովի քարտուղար Սուրեն Զոլյանը, ում հետ զրուցել ենք այս թեմայով։


- Դուք ԳԽ պատգամավոր եք եղել եւ 1993 թվականին մասնակցել եք Ալմա-Աթայի հռչակագրի վավերացման քվեարկությանը։ Կպատմե՞ք՝ ինչպե՞ս է անցել քվեարկությունը, ի՞նչ վեճ կամ բախում է եղել խորհրդարանում։




- Ոչ թե բախում է եղել, այլ շատ նորմալ բանավեճ է եղել։ Այդ հռչակագրի վավերացման դեպքում մոտ 10 վերապահում է առաջարկվել, ես՝ որպես Արցախի հարցերով հանձնաժողովի անդամ, առաջարկել էի ու կարծեմ՝ նաեւ արտաքին հարաբերությունների հանձնաժողովից Շավարշ Քոչարյանը, որ ճանաչում ենք նաեւ այն պետական կազմավորումների մուտքն ԱՊՀ, որոնք հասցրել են մինչեւ Խորհրդային Միության փլուզումը, այսինքն՝ մինչեւ դեկտեմբերի 10-ը, անցկացնել իրենց հանրաքվեն։ Այսինքն՝ այս ձեւով հնարավորություն տրվեց նաեւ, որ Արցախն էլ մտնի դրա մեջ, որովհետեւ իրենք անցկացրել էին համապատասխան հանրաքվեն, եւ նրանցից բացի որեւէ մեկը չէր անցկացրել։ Ի՞նչ եղավ այդ ժամանակ․ կարծեմ հենց նիստը վարող Բաբկեն Արարքցյանն առաջարկեց կանգ առնել միայն այս վերապահման վրա՝ ասելով, որ եթե 10 վերապահումն էլ ընդունենք, բնական է՝ լուրջ չի ընդունվի, եւ միայն այս՝ մեզ համար կարեւորություն ունեցող վերապահումով էլ ընդունեցինք։ Ուղղակի հետագայում դա պիտի արդեն գործադիր իշխանությունը, այսինքն՝ Լեւոն Տեր-Պետրոսյանն ուղարկեր որպես Հայաստանի վերապահում, եւ այնտեղ պահպանվեր, բայց դրա հետքերը մենք չենք տեսել, այսինքն՝ կարող է նույնիսկ չի էլ ուղարկել։ Չի բացառվում։


- Վստահ եմ՝ տեղյակ եք, թե ինչ համաձայնության են եկել Պրահայում Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները՝ վերահաստատելով 1991 թվականի հռչակագիրը, որով ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը։ Նախ, ի՞նչ է ենթադրում այդ հռչակագիրը, եւ դրանում տեղ գտած «տարածքային ամբողջականություն» ձեւակերպման տակ ի՞նչ հասկանանք։


- Գիտե՞ք ինչ, այն ժամանակ Ադրբեջանն անգամ ԱՊՀ անդամ չի եղել, եւ ինչ էլ այնտեղ գրված լինի, Ադրբեջանին դա չէր վերաբերում։ Եվ դա շատ կարեւոր է։ Ադրբեջանը չի մասնակցել ԱՊՀ երկրների այդ գագաթնաժողովին եւ չի ստորագրել այդ հռչակագիրը, ինքը միացել է միայն 1993 թվականին՝ Ալիեւի հեղաշրջումից հետո (1993 թ․ սեպտեմբերի 24-ին է միացել)։ Այդ հռչակագիրն ասում է, որ ԱՊՀ անդամ պետությունները ճանաչում են իսկապես միմյանց տարածքային ամբողջականությունը, հավաստիացնում են, որ պետք է ունենան բարիդրացիական հարաբերություններ, միասին աշխատեն եւ այլն, այսինքն՝ շատ ընդհանուր ձեւով։ Դա, ավելի շուտ, հռչակում էր, որ այլեւս Խորհրդային Միություն չեն եւ ճանաչում են միմյանց անկախությունը։ Հիմնական մեխը դա է եղել՝ անկախության փոխադարձ ճանաչում։ Եվ այդ առումով տեղին է  ավելացնել, որ ոչ միայն հանրապետությունները, այլ նաեւ այն պետական կազմավորումները, որոնք օրենքի սահմաններում անցկացրել են իրենց հանրաքվեն։ Ու քանի որ դա, նորից եմ ասում, Ադրբեջանին չէր վերաբերում, Ադրբեջանն ու Վրաստանն այն ժամանակ չեն մասնակցել հռչակագրի ստորագրմանը, ուստի իրենց մասին խոսելը նույնն է, ինչ մենք խոսենք, ենթադրենք, Ֆրանսիայի տարածքային ամբողջականության ճանաչման մասին։ Այսինքն՝ այդ հարցը, առհասարակ, չկար։ Ինչ վերաբերում է Արցախին, ապա Հայաստանը հնարավորություն տվեց, որ որպես ԱՊՀ ապագա անդամ՝ ճանաչվի նաեւ Լեռնային Ղարաբաղը։


- Հիմա, Պրահայում 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի վերահաստատումը մեզ համար կարո՞ղ է օգտակար լինել, թե՞ հակառակը։ Ռիսկեր տեսնո՞ւմ եք այստեղ, եւ ենթատեքստում այն ավելի շատ Ադրբեջանի՞, թե՞ Հայաստանի տարածքային ամբողջականության ճանաչմանն է ուղղված։


- Ուրեմն այն ժամանակ՝ 1991 թվականին, շատ հստակ ձեւով բացատրություն կար, որ տարածքային ամբողջականությունը չի վերաբերում Ադրբեջանին, այսինքն՝ մենք ճանաչում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն առանց Արցախի, եւ դա հստակ էր, որովհետեւ Լեռնային Ղարաբաղը դուրս է եկել Ադրբեջանի կազմից մինչեւ Ադրբեջանի դուրս գալը Խորհրդային Միության կազմից։ Սա շատ հստակ է։ Երկրորդը․ վերջերս Պուտինն էլ հաստատեց, որ տարածքային ամբողջականությունը չի հակասում ինքնորոշման սկզբունքին, ավելին՝ Պուտինը շատ կարեւոր փաստաթուղթ բերեց, որ պետք է հարգել միայն այն պետությունների տարածքային ամբողջականությունը, որոնք ներկայացնում են իրենց պետության ամբողջ բնակչությունը, այլ ոչ թե առանձին տարածքների։ Այսինքն՝ եթե Ղարաբաղը չի մասնակցել Ադրբեջանի իշխանությունների ձեւավորմանը, ապա տարածքային ամբողջականությունը նրան չի վերաբերում։ Հիմա, բնական է՝ Մակրոնը կարող է չիմանար, որ Ադրբեջանը 1991 թվականին չի ստորագրել այդ հռչակագիրը, բայց Ալիեւը հաստատ դա պիտի իմանար, ինչպես նաեւ՝ Փաշինյանը։ Այսինքն՝ ինչ-որ ձեւով էդ ամբողջը շրջելու համար ասել, որ հղում է արվում մի փաստաթղթի վրա, որտեղ Ադրբեջանն առհասարակ գոյություն չունի եւ չի էլ նշվում, ճիշտ չէ։


- Այդ դեպքում՝ Ձեզ համար տարօրինակ չէ՞, որ Փաշինյանն ու Ալիեւը որոշեցին հենց այդ փաստաթղթին հղում անել։


- Դե, ուրեմն, ուրիշ ավելի լուրջ բան չունեն։ Եթե միակ հենարանն այդ հռչակագիրն է, դա ցույց է տալիս, որ դատարկություն է։


- Իսկ կարո՞ղ է վաղը Ալիեւը, այդուհանդերձ, օգտվել սրանից ու ասել՝ եթե դուք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչում եք, ուրեմն Արցախն էլ եք ճանաչում Ադրբեջանի մաս, Տավուշից որոշ գյուղեր ու Սյունիքից որոշ ճանապարհներ էլ եք ճանաչում Ադրբեջանի մաս, եւ այսպես շարունակ։


- Իհարկե։ Դե, գիտե՞ք ինչ, Ալիեւը կարող է վաղն ասել՝ եթե դուք ճանաչում եք Սովետի սահմանները, իհարկե, այնտեղ այդ անկլավներն էլ պիտի ճանաչեք։


- Հիմա, Պրահայում Փաշինյան-Ալիեւ հանդիպումից մենք օգտակա՞ր բան սպասենք, թե՞ վնասակար։


- Փաշինյանից ոչ մի օգտակար բան չեմ սպասում։ Ես կարող եմ ասել այն, որ Ադրբեջանի մասով որեւէ իրավական ուժ չունեցող փաստաթուղթ է դա․ սա՝ մեկ։ Իսկ Ղարաբաղի հարցով Հայաստանի Գերագույն խորհուրդը հստակ արել է համապատասխան վերապահում, եւ այդ վերապահումը Բաբկեն Արարքցյանը դրել է քվեարկության, եւ անցել է»։


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր