«Գունավոր հեղափոխություն» Իրանում Բաքվի աջակցությա՞մբ.Eadaily.com
Eadaily.com–ը գրում է, որ «Եթե Իրանում գործողությունները զանգվածային դառնան ու հաջողությամբ պսակվեն, ապա կարծում եմ, որ Հարավային Ադրբեջանը կարող է անկախանալ։ Նույնիսկ միջազգային իրավիճակն է դա թույլ տալիս»։ Այդ մասին հայտարարել է քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սաբիր Մամեդլին։ Նրա խոսքով, «ղարաբաղյան երկրորդ պատերազմում պատմական հաղթանակը» պետք է «շարժմաան մեջ դներ Հարավային Ադրբեջանի հայրենակիցներին»։
«30 տարի շարունակ Իրանի կողմից Հայաստանի մշտական աջակցությունը լրջորեն անհանգստացրել է ինչպես մեր հայրենակիցներին, այնպես էլ թյուրքական աշխարհին։ Որովհետև Իրանն իրեն ոչ հարիր է պահում ոչ իր հարևանության, ոչ էլ իսլամի համար (նկատենք, որ Հայաստանն Իրանի համար նույնպես հարևան երկիր է, և իսլամի նպատակը չի կարող լինել քրիստոնյաների ոչնչացումը, ինչպես պատկերացնում է Բաքվի պրոֆեսոր Մամեդլին): Այդ առումով ընթացիկ իրադարձությունները սպասելի էին։ Իսկ պաշտոնական Թեհրանը բավականին շատ սխալներ է թույլ տալիս։ Հայաստանի հետ կապերի ամրապնդումն առաջացրել է հարավային մեր հայրենակիցների արձագանքը։ Այդ պետության հաջորդ լուրջ սխալը Իրանի զորավարժություններն էին Արազ գետի երկայնքով (Արաքս գետ): Այսպիսով, մոլլաների ռեժիմը հատեց բոլոր «կարմիր գծերը»։ Իսրայելի և Թուրքիայի պաշտպանության նախարարների հետագա այցը մեր երկիր ցույց տվեց, որ Իրանի վերջին գործողություններով մտահոգված են նաև մեր բարեկամ և դաշնակից պետությունները։ Այդ այցերը, անշուշտ, լուրջ ուղերձ են Իրանին»,- ասել է Մամեդլին:
Նա նշել է, որ Իրանում երիտասարդ աղջկա սպանությունը հիջաբը
«սխալ» կրելու համար խթանել է բողոքի ցույցերը. «Մեծ քաղաքներում ակցիաները շարունակվում են։ Ազգային-ազատագրական շարժումը հստակ է դրսևորվում: Մեր հարավային հայրենակիցների կարգախոսները ցույց են տալիս, որ գործողությունները կրում են ազգային բնույթ։ Միջազգային ուժային կենտրոնները հատուկ ուշադրություն են դարձնում այդ գործընթացներին։ Օրինակ ԱՄՆ–ի նախագահ Ջոզեֆ Բայդենն ընդգծել է, որ Իրանը ազատ է լինելու։ Իմ կարծիքով, այդ հայտարարությունը պատահական չէ։ Իրանը իրեն անկյուն է մղել»։
Սաբիր Մամեդլին ասել է, որ միջուկային գործարքից Իրանի դուրս գալն ավելի է զայրացրել ԱՄՆ-ին և Իսրայելին (նկատի ունենանք, որ «միջուկային գործարքից» դուրս է եկել ոչ թե Իրանը, այլ ԱՄՆ-ը Դոնալդ Թրամփի օրոք։ Եվ հետո Իսրայելը դրանից չէր զայրացել, ավելի շուտ ուրախ էր, քանի որ լիովին աջակցել էր Թրամփի վարչակազմի գործողություններին):
«Հարավային սահմանին մեր հատուկ ջոկատայինների կողմից իրականացվող զորավարժությունները ավելի են ոգևորում հարավային մեր հայրենակիցներին։ Իմ կարծիքով, Իրանում բողոքի ցույցերն էլ ավելի են աճելու։ Արդեն պարզ է, որ բողոքի ակցիաները կազմակերպված են։ Դա է վկայում հանրահավաքների շարժառիթը։ Արտերկրում գտնվող մեր հայրենակիցների գործողությունները ցոույց են տալիս, որ շարժումը մոտ ապագայում չի ավարտվելու, այլ ընդհակառակը, աստիճանաբար կամրապնդվի։ Ներկայիս գործողությունը հիշեցնում է «գունավոր հեղափոխություն»,– խոստովանել է Սաբիր Մամեդլին։