Ադրբեջանը կարող է չթույլատրել նաև բեռնատարների տեղաշարժը․Բաքուն շանտաժի է դիմում Լաչինի միջանցքի հարցով

Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանի խոսքով՝ Լաչինի միջանցքի վերաբերյալ Բաքվից հնչող հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան սովորական շանտաժ։ «Ունենալով այդ լծակը՝ Ադրբեջանը փորձ է անում ճնշում բանեցնել Հայաստանի իշխանության վրա, շանտաժի ենթարկել՝ եթե չկատարես իմ պահանջները, կարող եմ այս պատրվակով վերջ դնել Լաչինի միջանցքի գոյությանը»,- JAMnews-ի հետ զրույցում ասել է նա։
Հարցին՝ արդյո՞ք ճնշում գործադրելու նպատակը, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք» ստանալն է՝ փորձագետը պատասխանել է․ Բաքուն հետապնդում է մի շարք նպատակներ։ Հովհաննիսյանի դիտարկմամբ, դրանք են՝ ցույց տալ, որ խաղաղապահ ուժերը չեն տիրապետում իրավիճակին, այն ուժերը չեն, որոնք կարող են վերահսկողություն սահմանել Լաչինի միջանցքի վրա, այսինքն՝ շանտաժի ենթարկել ոչ միայն Հայաստանին, այլև ՌԴ-ին, Հայաստանի տարածքով և որոշակի կարգավիճակով ճանապարհ ստանալ դեպի Նախիջևան, որոշակի սահմանափակումներ մտնցել Լաչինի միջանցքով երթևեկող մեքենաների նկատմամբ։ Ռազմական փորձագետի գնահատմամբ՝ Ալիևը փորձում է այս կերպ արդարացնել նաև մինչև տարեվերջ խաղաղության պայմանագրի չստորագրումը՝ մեղքը բարդելով «դեռևս չլուծված հարցերի» վրա։ Վերադառնալով Լաչինի միջանցքի շուրջ հնարավոր զարգացումներին՝ Հովհաննիսյանը կարծիք է հայտնել, որ Ադրբեջանը կարող է չթույլատրել բեռնատարների տեղաշարժը։ «Բաքուն կարող է ասել՝ դա ոչ նպատակային եմ համարում, որովհետև բեռնատարներով հնարավոր է, օրինակ՝ զենք-զինամթերք տեղափոխել։ Պարզ ու հասկանալի է, որ բեռնատարների չթույլատրման դեպքում, ըստ էության, կտրվում է կապը Արցախի հետ»,- շեշտել է նա։