Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով. առաջիկա օրերի եղանակի կանխատեսում          Ապրիլի 26-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Ապրիլի 26-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

13 դեկ 2022 11:11

Թուրքիայի հզորացումն այլևս իրողություն է,երկրի ընդարձակումը նոր գլխացավանք կարող է դառնալ Արևմուտքի համար, կարող է տարբեր ուղղություններով թելադրող դառնալ

«Փաստ» օրաթերթը գրում է


Ներկայում աշխարհաքաղաքական տեկտոնիկ փոփոխություններ են տեղի ունենում, իսկ իրավիճակին համապատասխան արձագանքելու համար անհրաժեշտ է վերլուծել այդ փոփոխությունների առաջացրած վերադասավորումներն ու հակադիր շահերի գործոնը։ Ի մասնավորի, պարզ է, որ Թուրքիան այն պետությունը չէ, որը տարիներ առաջ էր։ Ուզենք, թե չուզենք, թուրքական պետության հզորացումն այլևս իրողություն է։ Նույնիսկ Ռուսաստանն է ստիպված Հարավային Կովկասում հաշվի առնել Թուրքիայի գործոնը, իսկ նախկինում այս տարածաշրջանը համարում էր ամբողջովին իր ազդեցության գոտի։ Արդեն իսկ Հարավային Կովկասի զգալի մասում թուրքական ազդեցությունը շատ ուժեղ է՝ առաջին հերթին՝ Ադրբեջանում, ապա նաև Վրաստանում։ Նրանց երազանքն է Հայաստանը ևս գցել թուրքական ազդեցության տակ, և տարածաշրջանի հարցերը վերջնականապես լուծված կլինեն։


Բայց այս հարցում թերևս Թուրքիային խոչընդոտող հանգամանքներ կան, որի մասին վերջերս ակնարկել էր այդ երկրի նախագահի խոսնակ և գլխավոր խորհրդական Իբրահիմ Քալընը` նշելով, թե Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի հայկական սփյուռքը խոչընդոտում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը։ Մյուս կողմից էլ՝ նկատել էր, թե Հայաստանը Ռուսաստանի ռազմական հովանավորության ու տնտեսական ուժի վերահսկողության տակ գտնվող և Արևմտյան դաշինքի մի մասը դիրքավորել ցանկացող երկիր է, և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումն ամենից շատ հենց ՀՀ-ին կարող է օգուտ բերել։ Ըստ էության, Թուրքիայի նախագահի խոսնակը քողարկված ակնարկ է հնչեցրել այն մասին, որ Արևմուտքը շահագրգռված չէ, որ Թուրքիան շատ հզորանա, որը, մեծ ձեռքբերումներ ունենալով, կարող է նույնիսկ Արևմուտքին փաստի առաջ կանգնեցնել ու ցանկացած հարցով շանտաժ անել։


Չէ՞ որ այսօր արդեն տեսնում ենք, թե ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում Անկարան ինչպես է հատուկ նախապայմաններով խոսում Շվեդիայի ու Ֆինլանդիայի հետ։ Եվ այդպիսի մտավախություններով է պայմանավորված, որ Արևմուտքը աջակցում է քրդերին ընդդեմ Թուրքիայի, իսկ Հայաստանի ուղղությամբ թուրքական քայլերը դիմադրության են արժանանում առաջին հերթին ԱՄՆ-ի և Ֆրանսիայի կողմից։ Պարզ է, որ Հարավային Կովկասում Թուրքիայի ընդարձակումը նոր գլխացավանք կարող է դառնալ Արևմուտքի համար, քանի որ այդ երկիրը ՌԴ-ի դեմ պատժամիջոցների սահմանման պայմաններում փորձում է դառնալ դեպի Եվրոպա էներգետիկ հոսքի ապահովման հիմնական ուղին՝ այդ թվում օգտագործելով նաև Միջին Ասիայի էներգակիրների ռեսուրսների մատակարարման ուղիները։ Փաստացի Թուրքիան կարող է տարբեր ուղղություններով թելադրող դառնալ, մանավանդ որ այն հավակնություններ է դրսևորում հունական կղզիների նկատմամբ, իսկ Էրդողանի կողմից Հունաստան ներխուժելու մասին բացահայտ սպառնալիքներ են հնչում։




Ուստի պատահական չէ, որ արևմտյան երկրները՝ մասնավորապես ԱՄՆ-ը և Ֆրանսիան, ամբողջովին Հունաստանին են պաշտպանում ու սպառազինություններ մատակարարում այդ երկրին։ Եվ պարզ է, որ եթե Թուրքիան հարավկովկասյան ուղղությամբ հաջողության հասավ, ապա իր ամրապնդված դիրքերը հաջորդիվ օգտագործելու է նաև եվրոպական ուղղությամբ արդյունքներ գրանցելու համար։ Հետաքրքրական է, որ Թուրքիայի նախագահի խոսնակը նաև ակնարկում էր, թե իրենք կարող են Երևանին օգնել ազատվել ռուսական կախվածությունից, և Հայաստանը Թուրքիայի միջոցով բաց ծով դուրս կգա։ Այլ կերպ ասած՝ Թուրքիան կարող է դուրս մղել ՌԴ-ին Հայաստանից, հետևաբար նաև տարածաշրջանից։ Իսկ դրա համար թուրք-ադրբեջանական տանդեմն ամեն ջանք գործադրում է, հատկապես քայլեր են ձեռնարկվում, որ խաղաղապահների մնալու ժամկետը չերկարաձգվի, ու նրանք շուտափույթ հեռանան Արցախից։ Իսկ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումից հետո կդրվի նաև ՀՀ-ում ռուսական ռազմաբազայի պահպանման նպատակահարմարության հարցը։


Ստացվում է, որ ինչքան էլ Մոսկվան և Անկարան որոշ համագործակցության կետեր գտնեն, միևնույնն է, նրանց շահերը տարածաշրջանում միմյանց հակադիր են։ Օրինակ՝ եթե Թուրքիան ամբողջովին հաստատվեց Հարավային Կովկասում, ապա ՌԴ-ն ստիպված է լինելու դուրս գալ նաև Սիրիայից ու խնդիրներ է ունենալու արդեն Հյուսիսային Կովկասում և Միջին Ասիայում։Այսինքն՝ ռուսական ազդեցության պահպանումը դեռևս փակում է թուրքական էքսպանսիայի ճանապարհը։ Մյուս կարևոր գործոնը, որը զսպում է Թուրքիային, Իրանն է։ Եվ պատահական չէ, որ Իրանն արդեն մի քանի անգամ խոշոր զորավարժություն է կազմակերպել Ադրբեջանի հետ սահմանին և անընդհատ հայտարարում է, թե թույլ չի տա, որ տարածաշրջանում ընդունված սահմանների փոփոխություն տեղի ունենա։ Թեհրանը կոնկրետ դեմ է թուրքադրբեջանական «Զանգեզուրի միջանցք» նախագծի կյանքի կոչմանը, որի միջոցով պանթուրքական ծրագրերն իրականություն են դառնալու և հետագայում մեծացնելու են նաև Իրանի մասնատման վտանգը։


Դրա համար էլ Թուրքիան ու Ադրբեջանն էլ Իրանի սահմանի մոտ են համատեղ զորավարժություն կազմակերպել, անգամ Արաքս գետի վրայով լողացող կամուրջների տեղակայման տեսքով զորքերի տեղափոխման սցենար խաղարկել։ Փաստացի այս զորավարժությամբ կոնկրետ մեսիջ է ուղարկվում Թեհրանին, որ իրենք հարկ եղած դեպքում կարող են նաև Իրանի տարածք ներխուժել։ Ըստ այդմ, անհնար է հաշվի չառնել պանթուրքական սպառնալիքը Իրանի համար։ Դրա համար էլ այդ երկիրը գործի է դնում նաև իր կրոնական և քարոզչական լծակները իսլամական հեղափոխությունը դեպի Ադրբեջան արտահանելու ուղղությամբ։


Հատկապես ակտիվ աշխատանք է տարվում Նախիջևանի ուղղությամբ, Իրանում նույնիսկ այդ շրջանն ուղղակիորեն իրենց պետությանը միացնելու կոչեր են հնչում։ Իսկ այս հանգամանքն այնքան է անհանգստացրել Բաքվին, որ Նախիջևանում մեծ թափով կադրային փոփոխություններ են իրականացվում, փոքրացվում է և ճնշվում է այդ երկրամասի ինքնավարության աստիճանը։ Կարճ ասած՝ Թուրքիային զսպող բազմաթիվ գործոններ են առկա, մնում է միայն զուգակցել այդ աշխարհաքաղաքական վեկտորները։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր