ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը          Տասնյակ կամ 100 միլիոնավոր դոլարները, որը Կրեմլը հատկացրել է հեղաշրջման միջոցով Հայաստանը իր ազդեցության տակ վերադարձնելու համար՝ սկսել են արդեն բաժանել իրենց խամաճիկներին       Ցուցարարների ճնշման ներքո Փաշինյանի հեռացման մասին խոսելը դեռ վաղաժամ է.ՀՀ-ում սահմանազատման դեմ բողոքի ակցիաները կարող են ավարտվել արյունով    

11 ապր 2023 11:29

Պատահական չէ, որ կրկին օրակարգ է բերվել ՀԱՊԿ-ի կողմից ՀՀ-ին ռազմատեխնիկական օգնությունը.Ռուսները ոչ մի կերպ մտադիր չեն հեռանալ ՀՀ-ից և Հարավային Կովկասից, անգամ մտադիր են ավելի ամրապնդել իրենց դիրքերը

Խորհրդային Միության փլուզումից հետո Հարավային Կովկասը շարունակում է մնալ ռուսական կենսական շահերի գոտի։ Բայց ժամանակի ընթացքում Հարավային Կովկասում նոր խաղացողներ են ի հայտ եկել, որոնք փորձում են այս տարածաշրջանում վճռական դերակատարություն ունենալ։ Այդ խաղացողներից է Թուրքիան, որը ձգտում է Հարավային Կովկասը վերածել թուրքական ազդեցության ցատկահարթակի դեպի Միջին Ասիա ու այլ տարածաշրջաններ։ Եվ Անկարան այս հարցում էական հաջողությունների հասել է՝ մանավանդ նկատի ունենալով Արցախյան պատերազմն ու դրա արդյունքները։

Թուրքական իշխանություններն ամեն անգամ ադրբեջանական կողմին հիշեցնում են, որ իրենց աջակցության արդյունքում է, որ Ադրբեջանը կարողացել է հաղթանակ տանել, իսկ Հարավային Կովկասում ուժերի հավասարակշռությունը փոխվել է։ Ու որպես թուրքական աջակցության փոխհատուցում՝ Անկարայի ազդեցությունը խորքային ձևով ներթափանցում է դեպի Ադրբեջան։ Առանց Թուրքիայի մասնակցության Ադրբեջանում որևէ խոշոր նախաձեռնություն տեղի չի ունենում։ Պատահական չէ, որ երբ Ադրբեջանն Արցախից օկուպացված տարածքներում օդանավակայաններ է կառուցում, ապա դրանց բացումն անպայմանորեն Էրդողանն է կատարում։ Թուրքական ազդեցությունը տարածաշրջանում այն աստիճանի է հասել, որ նույնիսկ Մոսկվան է ստիպված հաշվի նստել Անկարայի հետ և պայմանավորվածություններ ձեռք բերել։
Այդ է պատճառը, որ թուրքական և ռուսական բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպումներում քննարկվող ամենակարևոր թեմաներից մեկը վերաբերում է Հարավային Կովկասին և Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը։ Միաժամանակ, հարկավոր է նկատի ունենալ, որ Հարավային Կովկասի վերաբերյալ Թուրքիայի ու Ռուսաստանի տեսլականները շատ տարբեր են։ Նույնիսկ ՌԴ նախագահ Պուտինն է հայտարարել, որ Հարավային Կովկասում տիրող իրավիճակի հարցում ՌԴ-ի և Թուրքիայի դիրքորոշումները չեն համընկնում։ Մյուս կողմից էլ՝ Հարավային Կովկասում ակտիվորեն աշխատում է Արևմուտքը, որի գլխավոր խնդիրն այս տարածաշրջանը Ռուսաստանից կտրելն է։
Հավաքական Արևմուտքը ներկայացնող երկրները մի կողմից փորձում են նոր թեժ օջախներ ստեղծել տարածաշրջանում կամ Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ բացել, իսկ մյուս կողմից տարածաշրջանային գործընթացները վերցնել իրենց վերահսկողության տակ՝ դրանցից դուրս թողնելով ռուսական կողմին։ Հենց այսպիսի նպատակի է ծառայում Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման արևմտյան տարբերակների առաջ քաշումը, որոնցում, ի տարբերություն ռուսական առաջարկների, Արցախի կարգավիճակի մասին խոսք չկա, ինչը հետագայում հնարավորություն է տալու Արցախից ռուսական խաղաղապահներին դուրս բերելու հիմքեր ստեղծել։ Եթե այս իրողությունների շրջանակում հաշվի ենք առնում, որ Հարավային Կովկասում Ռուսաստանի առանցքային դաշնակիցը Հայաստանն է, ապա Երևանի դիրքերի թուլացումը ենթադրելու է իր հերթին նաև Մոսկվայի թուլացում։
Եվ քանի որ Հայաստանն ու Արցախն Ադրբեջանի կողմից ագրեսիայի են ենթարկվում, ապա Մոսկվայի կողմից համապատասխան արձագանքի բացակայության արդյունքում ակտիվացել են տարածաշրջանից Ռուսաստանի հեռանալու մասին խոսակցությունները և քննարկումները։ Բայց, չնայած ուկրաինական ճակատի ուղղության վրա կենտրոնանալուն, ռուսական կողմը ակնհայտ ցույց է տալիս, որ ոչ մի կերպ մտադիր չէ հեռանալ Հարավային Կովկասից, ինչպես շատերը հակված են մտածելու։ Պատահական չէ, որ ՀՀ-ում ՌԴ դեսպան Կոպիրկինը դիվանագիտորեն հատուկ ընդգծում է, որ Հայաստանից և Հարավային Կովկասից հեռանալը ՌԴ ծրագրերի մեջ չի մտնում։ Ռուսական պաշտոնական և ոչ պաշտոնական այլ շրջանակներ ևս այդ մասին են խոսում։ Ընդ որում, պարբերաբար:
Ավելին՝ Ռուսաստանը վերջին շրջանում սկսել է ցույց տալ, որ անգամ մտադիր է ավելի ամրապնդել իր դիրքերը։ Սակայն դրա համար ռուսական կողմը նախ պետք է ուժեղացնի տարածաշրջանում Հայաստանի դիրքերն ու աշխատանքներ տանի Հայաստանում օրեցօր աճող հակառուսական տրամադրությունների վերելքը զսպելու ուղղությամբ։ Այլապես ներկա տեմպով շարունակելու դեպքում իրավիճակը կարող է կտրուկ փոխվել։ Նույնիսկ Ռուսաստանում տարբեր վերլուծաբաններ մեղադրում են ՌԴ ղեկավարությանը Հայաստանին աջակցելու ուղղությամբ բավարար ջանքեր չգործադրելու մեջ։ Մյուս կողմից՝ պարբերական է դարձել, որ ադրբեջանական կողմի սադրանքներից հետո Փաշինյանը զանգահարում է Պուտինին ու քննարկում նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների պահպանման ու Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի հաղթահարման հետ կապված հարցերը։

Ու պատահական չէ, որ այս իրադարձությունների ֆոնին կրկին օրակարգ է բերվել ՀԱՊԿ-ի կողմից Հայաստանին տրամադրվելիք ռազմատեխնիկական օգնության փաթեթի ու Հայաստանի սահմաններին ՀԱՊԿ դիտորդներ տեղակայելու թեման։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարում է, թե Հայաստանում ՀԱՊԿ խաղաղապահների հնարավոր տեղակայման ժամկետները կախված են հայկական կողմից։ Իսկ պաշտոնական Երևանն արձագանքում է, որ չի հրաժարվել ՀԱՊԿ առաքելությունից, և այդ ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։
Այս ամենը նշանակում է, որ հայկական կողմը համաձայնել է ՀԱՊԿ առաքելության տեղակայմանը, բայց աշխատանքները ընթանում են ժամկետների ու որոշ դետալների շուրջ։ Բացառված չէ նաև, որ առաջիկայում Մոսկվան հայկական կողմի հետ համագործակցությունը խորացնելու այլ նախաձեռնություններով ևս հանդես գա, որը կարող է ներառել երկկողմ փոխգործակցության լայն շրջանակ, ինչը բխում է և՛ Ռուսաստանի, և՛ Հայաստանի շահերից։



Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր