Մայր Աթոռից Սուրբ Խաչ եկեղեցի էր բերվել Քրիստոսի Խաչափայտի մասունքը          Տեսանյութ.Մանկական տարիքի հիմնական սթրեսները և դրանց ազդեցությունն արդեն հասուն տարիքում       Տեսանյութ.Երևան-Գյումրի ճանապարհը փակ է` ի աջակցություն Տավուշի    

31 հուն 2023 11:00

Ինչ էր նկատի ունեցել Սասուն Միքայելյանը՝ ասելով, որ «30 տարի բանակ չենք ունեցել», և ինչ լույսի ներքո այն ներկայացվեց

Հունվարի 28-ին Հայոց բանակի կազմավորման 31-ամյակի առթիվ «Եռաբլուր» զինվորական պանթեոն այցելած ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը, լրագրողների հետ զրույցում խոսելով զինված ուժերի խնդիրների մասին, ասել էր, որ սպարապետ Վազգեն Սարգսյանից հետո մենք բանակ չենք ունեցել՝ մանրամասնելով.


«Դուք չիմացա՞ք՝ ինչ եղավ, նախորդ իշխանություններն ի՞նչ արին: Ես չեմ ասում՝ Փաշինյանը սուրբ է, ես սուրբ եմ, բայց այն թերացումներից հետո, որ կային, երեք տարում չես կարող բանակ ունենալ: Եթե ադրբեջանցին 15-20 տարի ռազմական ժամանակակից տեխնիկա էր ձեռք բերում, մենք ասում էինք՝ մարտական ոգի ունենք: Եթե մեր նախորդ իշխանություններն ասում էին՝ բանակցություններով ոչ մի հարցի լուծում չի լինի, պետք է մենք պատրաստվեինք պատերազմի, պետք է զինվեինք այդ տարիների ընթացքում: Իսկ սպարապետի օրոք մեր բանակը Հարավային Կովկասում եղել է ամենամարտունակը»:


Նա հայտարարել էր նաև, որ հակառակորդը կարողացավ ձեռք բերում ունենալ, քանի որ այս տարիների ընթացքում բանակը մի տեսակ այլ ուղղությամբ գնաց: «Դրան գումարած, ինչքան ստրատեգիական նշանակության օբյեկտներ ունեինք, տվինք ռուսին՝ «գույք պարտքի դիմաց»: Կամաց-կամաց թուլացրինք մեզ»,- նշել էր նա:


Սասուն Միքայելյանի հայտարարությունը բազմաթիվ մեկնաբանությունների և քննադատությունների առիթ էր տվել, այդ թվում՝ վերջինիս խոսքը շատ դեպքերում ներկայացվել էր ընդհանուր մտքից կտրված՝ հատուկ տպավորություն ստեղծելով, թե նա փոշիացնում է հայկական զինված ուժերը:


ԵԿՄ նախագահին կոշտ կերպով արձագանքել էր նաև ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, ՊԲ նախկին հրամանատար, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը:


«Ես ծառայել եմ հայկական բանակում։ Ինչո՞ւ եք ինձ Սասուն Միքայելյանից հարցեր տալիս։ Նա ո՞վ է, իր տեսքին, իր խոսքին որ հետևում եք, ինքն իրավունք ունի՞ որևէ գնահատական տալու մեկին, իր գնահատականն ինձ համար զրո է։


Դե, փողոցի մաքրուհիներից էլ հարցրեք, իրենք էլ գնահատական կտան բանակի մասին, ինքն այդ դասին է դասվում։ Բանակի մասին գնահատական տալու համար ինքը դասվում է փողոցի հավաքարարի՝ մեծ հարգանքով փողոցի հավաքարարների հանդեպ, գուցե իրենք իրենց գործը լավ են անում… ինքն այդտեղից կարող է խոսել, ոչ բանակից»,- ասել էր նախկին զինվորականը:


Ի պատասխան՝ ԵԿՄ մամուլի բաժինն արձագանքել է Մովսես Հակոբյանի արտահայտած մտքերին՝ շեշտելով, որ Արցախի հերոսին, գեներալ-գնդապետին վայել չէ համեմատել հաստիքները, որի հետեւանքով մարդկանց որոշակի խմբեր ներկայացվում են բացասական լույսի ներքո։


«Ի տարբերություն ձեզ՝ մենք մարդկանց չենք դասում ըստ հաստիքների եւ կարեւորում ենք ու հարգում յուրաքանչյուրի կատարած աշխատանքը։


Այս երկրի մայրաքաղաքը սկսվում է խրամատից, ու մենք միշտ եղել ենք եւ այսօր էլ խրամատում ենք՝ կատարելով մեր առջեւ դրված մարտական խնդիրը։ Երեւանի տաքուկ անկյուններից անհիմն հայտարարություններ տարածելը, այնուամենայնիվ, շատ հեշտ է։ Բանակ չի եղել ասելով՝ անհրաժեշտ է հասկանալ, որ խոսքը վերաբերում էր ռազմաքաղաքական էլիտային եւ ոչ իր առջեւ դրված մարտական խնդիրը կատարող զինծառայողին։ Որոշ բարձրագույն զինվորական անձինք (ի դեմս ձեզ) իրենց զբաղեցրած պաշտոնները ծառայեցնում էին ոչ թե ի նպաստ Հայաստանի Հանրապետությանն ու Զինված ուժերին, այլ ծառայեցնում էին անձնական շահերի սպասարկմանը։


Քանի որ հանրային ու պետական ծառայությանը գնահատական տվողը դուք չեք, այլ քաղաքացին, անհրաժեշտ է հիշել, որ Սասուն Միքայելյանը մշտապես զբաղեցրել է ժողովրդի կողմից ընտրովի պաշտոններ, եւ հենց դա է նրա գնահատականը»,- ասվում է ԵԿՄ տարածած տեքստում:


Հայտարարությունը ԵԿՄ մամուլի բաժինը սահմանափակել է հայտնի ասացվածքով. «Ամեն հաչացող շան վրա քար գցելով՝ նպատակիդ չես հասնի»։


«Մեր նպատակը եղել է եւ կա Հայաստանի Հանրապետության ու Արցախի Հանրապետության անվտանգությունը, սահմանների անառիկությունը, ինչին էլ ուղղված է մեր այսօրվա գործունեությունը»,- շեշտել են կառույցից:


Աղբյուրը՝ Հայկական Ժամանակ


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր