Արեւմուտքի հերթական պահանջը՝ ԱԱԾ-ի վերաբերյալ․ «Հրապարակ»          Կիրանցում ոստիկնության կողմից իրականցվել է «Օղակ» օպերացիա, կան բազմաթիվ բերման ենթարկվածներ       Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»    

20 հուն 2023 14:58

Միջազգային կանոնների խախտմամբ արձանագրված հաջողությունը «հաշիվ չի». Փաշինյանը՝ 1994-ի հաղթանակի մասին

Ռոբերտ Քոչարյանի դերը ԼՂ հակամարտության հարցում երկակի է. նա մի կողմից փորձագիտական մակարդակով տիրապետում է ԼՂ հարցին, մյուս կողմից Լեւոն Տեր-Պետրոսյանի մամուլի ասուլիսի ժամանակ հռչակված ուղեգիծը համարում է պարտվողական: Այս մասին այսօր՝ հունիսի 20-ին, 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


«Սա շատ հետաքրքիր հանգրվան է, որովհետեւ Ռոբերտ Քոչարյանի իշխանության շրջանում ԼՂ թեմայով ՀՀ իշխանությունների կողմից վարվող ներհայաստանյան եւ միջազգային հաղորդակցության միջեւ ճեղքը ավելի է մեծանում: Այսինքն, կա միջազգային հանրության հետ խոսակցություն եւ ներքին հանրության հետ խոսակցությունը եւ այդ խոսակցությունները հոսում են տարբեր ուղիներով եւ ճեղքը մեծանում է:


Տեր-Պետրոսյանի մոտ դա արտահայտվում էր գուցե ոչ այդքան ընդգծված՝ «Հաղթանակ, կայունություն, առաջընթաց» նախընտրական կարգախոսի եւ «Պատերազմ, թե խաղաղություն. Լրջանալու պահը» հոդվածի միջեւ առկա հայեցակարգային զգալի ճեղքով, ինչը Տեր-Պետրոսյանը նախագահական անհաջող ընտրություններից եւ Լիսաբոնի գագաթաժողովից հետո փորձում է լրցնել 1997-ի նոյեմբերի 1-ի հոդվածում հետեւյալ նախադասությամբ. «Դժբախտաբար, Ղարաբաղը շահել է ճակատամարտը, բայց ոչ պատերազմը: Բայց Ռոբերտ Քոչարյանը Տեր-Պետրոսյանի մոտեցումը պարտվողական համարով, հաղթողական մոտեցման առաջնորդությունը ստանձնելով ԼՂ հարցի  բանակցային գործընթացում այսուհանդերձ անում է  քայլեր, որոնք բյուրեղացնում են այն ճարտարապետությունը, որը կառուցվել է ԱՊՀ հիմնադիր փաստաթղթերով, ՄԱԿ-ի ԱԽ բանաձեւերով եւ 1996-ի ԵԱՀԿ Լիսաբոնի գագաթաժողովով, որի նախագահողի հայտարարության մեջ հստակ նշվում էր, որ հարցը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում եւ ԼՂ ինքնորոշման իրավունքը  եւս պետք է իրացվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում:


Իսկ ի՞նչ է անում Ռոբերտ Քոչարյանը. նա ԼՂ-ի զրկում է բանակցությունների մասնակցի կարգավիճակից: Այսինքն, Քոչարյանի ՀՀ նախագահ դառնալուց հետո ԼՂ ներկայացուցիչները բանակցություններին չէին մասնակցում, մինչդեռ դրանից առաջ մասնակցում էին լիարժեք:


Որ Ռոբերտ Քոչարյանի ՀՀ նախագահ դառնալու պահին ԼՂ-ն բանակցությունների լիարժեք կողմ էր, ապացուցվում է նաեւ այն փաստով, որ ԼՂ հակամարտության կարգավորման, այսպես կոչված, «ընդհանուր պետություն» փաթեթը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները 1998-ի  նոյեմբերին ներկայացրել են ոչ միայն Հայաստանին ու Ադրբեջանին, այլեւ ԼՂ-ին: Այդ ժամանակ Ռոբերտ Քոչարյանը ՀՀ նախագահ էր արդեն 5 ամիս: Բայց սա վերջին փաթեթն էր, որ համանախագահողների կողմից ներկայացվեց նաեւ ԼՂ-ին, դրանից հետո այլեւս ԼՂ-ին փաթեթ չի ներկայացվել: ԼՂ-ն փաստացի նույնիսկ նորմալ տեղեկացված չի եղել, թե ինչի շուրջ են ընթանում բանակցությունները:


Այն, որ ԼՂ-ին բանակցային գործընթացից հեռացնելը տեղի է ունեցել Ռոբերտ Քոչարյանի նախաձեռնությամբ, վկայել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն, ով 2009 թվականի հոկտեմբերի 2-ին Ստեփանակերտ այցելության ժամանակ հայտարարել է, որ բանակցային գործընթացին «ԼՂ ներկայացուցիչների մասնակցությունը ժամանակին դադարեցվել է հայկական կողմի որոշմամբ»:


Երկրորդ, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ով 2019-ի սեպտեմբերի 11-ին Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է. «Ավելի վաղ փուլում, երբ դադարեցվել էին ռազմական գործողությունները, ԼՂ-ն բանակցությունների մասնակից էր, սակայն ինչ-որ փուլում Հայաստանի նախագահներից մեկը որոշեց, որ ԼՂ շահերը պետք է ներկայացնի Երեւանը»:


Երրորդ, Լեւոն Տեր-Պետրոսյանը 2012-ի ԱԺ ընտրությունների նախընտրական քարոզարշավի ժամանակ  հայտարարեց. «Ռոբերտ Քոչարյանը Արկադի Ղուկասյանի  լուռ համաձայնությամբ Ղարաբաղը դուրս դրեց բանակցությունների գործընթացից  և սկսեց պաշտոնապես խոսել ԼՂ-ի անունից: Սրանից ավելի մեծ նվեր միջազգային հանրությանը եւ հատկապես Ադրբեջանին, Ռոբերտ Քոչարյանը չէր կարող անել: Հայ դիվանագիտության ամենամեծ նվաճումը Ռոբերտ Քոչարյանը եւ Արկադի Ղուկասյանը ոչնչացրին»:


Չորրորդ, ինքը՝ Ռոբերտ Քոչարյանն է վկայել այդ մասին, ով 2004-ի ապրիլի 3-ին «Գոլոս Արմենիի» թերթի հարցերին պատասխանելիս անդրադարձել է ԼՂ-ի՝ բանակցային սեղանից դուրս մնալուն, ասելով հետեւյալը. «Տպավորություն է ստեղծվել, որ Հայաստանը պատրաստ է կարգավորման ցանկացած  ձեւի, բայց խնդիրը Ղարաբաղն է, ավելի ճիշտ ԼՂ ղեկավարությունը: Հարց էր առաջանում՝ միթե Հայաստանն ի վիճակի չէ իրենից Ղարաբաղի ակնհայտ կախվածության պայմաններում ճնշում գործադրել եւ ստիպել համաձայնել այս կամ այն դիրքորոշման հետ: Ես առաջարկել եմ փոխել այդ տեսակետը եւ փորձել ՀՀ ռեսուրսն օգտագործել հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ սեփական մոտեցումները մշակելու համար: Այսինքն մենք ոչ թե համաձայն ենք կարգավորման ցանկացած ձեւի, որին կհամաձայնի ԼՂ-ն, այլ մենք ունենք սեփական դիրքորոշում եւ  պատրաստ ենք այն պնդել: Իմ ընտրվելուց հետո ես այդպես էլ  արեցի»:


Իր այս դիրքորոշմամբ Ռոբերտ Քոչարյանը ԼՂ օրենսդրության կոպտագույն խախտում է արել այն պարզ պատճառով, որ 1991-ի դեկտեմբերի 10-ի հանրաքվեով ԼՂ ժողովուրդը «այո» է ասել անկախությանը:


Ռոբերտ Քոչարյանը ԼՂ-ին զրկեց միջազգայնորեն ճանաչված միակ կարգավիճակից, այն կարգավիճակից, որը նրան հնարավորություն էր տալիս միեւնույն սեղանի շուրջ նստել ՌԴ-ի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչների հետ որպես հակամարտության եւ բանակցային գործընթացի կողմ: Սա ԼՂ-ի միջազգային սուբյեկտայնության վերջն էր: Այն, թերեւս, միակ ձեռքբերումը, որ ունեցել ենք ԼՂ հարցում, մսխվեց»,-ասաց նա:


Փաշինյանը հայտարարեց, որ իր կարծիքով Ռոբերտ Քոչարյանը այդ քայլին գնացել է միջազգային լեգիտիմությունը ձեռք բերելու համար, որ միջազգային հանրությունը չնկատելու տա ՀՀ-ում իր կողմից իշխանությունը զավթելու հանգամանքը:


«Միջազգային հանրությանը անհրաժետ էր ԼՂ-ին դուրս թողնել բանակցային գործընթացից, քանի որ դրանով բանակցային ֆորմատը պարզանում էր եւ միջազգային հանրությունը 3-ի փոխարեն 2 սուբյեկտի հետ կարող էր բանակցել: ԼՂ-ն չլինելով միջազգային իրավունքի սուբյեկտ, իրեն պահում էր ավելի ազատ, նրա վրա ճնշումներ գործադրելու միջազգային լծակներ չկային:


Բայց ԼՂ-ին բանակցություններից դուրս թողնելով պատմությունը չի ավարտվում: Ինչպես բազմիցս ասել եմ, 1999-ի նոյեմբերի 18-19-ին ԵԱՀԿ ստամբուլյան գագաթաժողովում նաեւ Հայաստանի, այսինքն Ռոբերտ Քոչարյանի կողմ քվեարկությամբ ընդունվում է Եվրոպայի անվտանգության խարտիան, որի մարդու իրվունքների բաժնում կարդում ենք. «Մարդու իրավունքների, ներառյալ ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրվունքների նկատմամբ լիարժեք հարգանքը բացի այն բանից,  որ դա ինքնին նպատակ է, չպետք է խաթարի, այլ ընդհակառակը, պետք է ամրապնդի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը:  Ինքնավարության տարբեր հայեցակարգերը, ինչպես նաեւ վերոնշյալ փաստաթղթերում նշված այլ մոտեցումներ, որոնք  համապատասխանում են ԵԱՀԿ սկզբունքներին, ազգային փոքրամասնությունների էթնիկ, լեզվական եւ կրոնական ինքնության պաշտպանության միջոցներ են գոյություն ունեցող պետության կազմում»:


Այսինքն Ստամբուլյան խարտիան, ըստ էության,  շարունակում է 1996-ի Լիսաբոնյան գագաթաժողովի տրամաբանության զարգացումը:


Ընդդիմադիրներն ասում են, որ ոչ ԱՊՀ հիմնադիր փաստաթղթերը, ոչ Եվրոպայի անվտանգության խարտիան ԼՂ հարցի կարգավորման մասին չեն: Սա ճիշտ է, այնպես ինչպես քաղաքացիական օրենսգիրքը այսինչյանների ու այնինչյանների  ընտանիքների հարաբերությունների կարգավորման մասին չէ: Բայց երբ այդ ընտանիքների միջեւ հարց է առաջանում, հարցի պարզաբանման համար նրանց փաստաբանները սկսում են փորփրել իրավական դաշտը»,-հայտարարեց Փաշինյանը:


Նա ընդգծեց, որ արցախյան առաջին պատերազմում տարած հաղթանակը մթագնվեց ՄԱԿ-ի ԱԽ 1993-ի 4 բանաձեւերով, որտեղ տեղ գտած ձեւակերպումները նշանակում են, որ ռազմական գործողությունների արդյունքում գրանցված ձեռքբերումները միջազգային հանրության տեսակետից չէին կարող հետագայում դրվել ԼՂ հարցի կարգավորման հիմքում. «1990-ականներին հենց այս նրբություններին էին տիրապետում փորձագետները, որոնք հասկանում էին, որ կանոնների խախտմամբ արձանագրված հաջողությունը «հաշիվ չի», այնպես ինչպես կանոնների խախտմամբ խփած գոլը ֆուտբոլում չեն հաշվում:


ԼՂ-ի սուբյեկտայնությունը կարող էր հարցի մեզ համար ընկալելի լուծման գոնե աղոտ հույս ստեղծել: Բայց Ղարաբաղի դուրս մղումը բանակցային գործընթացից, փլուզեց հիմնախնդրի կարգավորման հայկական տեսլականի  իրականացման թեկուզ աղոտ հույսերը, որովհետեւ ԼՂ-ն բանակցային կողմ չէ, ուրեմն նաեւ սուբյեկտ չէ: Եթե սուբյեկտ չէ, ուրեմն վտանգվում է նաեւ ինքնորոշման իրավունքի հայկական մեկնաբանությունը միջազգայնորեն ընկալելի դարձնելու թեկուզ տեսական հույսը: Բնական հարց է ծագում՝ իսկ ո՞վ է ինքնորոշվողը, իսկ ո՞ւր է նա»,-ընդգծեց նա:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր