Աշխատավարձի բարձրացում չկա. փոքր ավելացումներ են լինում, ինչը, սակայն, այլ տեղերում աշխատավարձի իջեցմամբ է «կոմպենսացվում․ «Փաստ»
Կառավարության հունիսի 22-ի նիստում հայտարարվեց հերթական «պատմական ռեկորդի» մասին։ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ 2018-ի մայիսից ի վեր Հայաստանում ստեղծվել է 170 հազար 277 աշխատատեղ։ Նա հայտնեց, որ 2023 թ. մայիսի դրությամբ ունենք 718 հազար 266 գրանցված աշխատատեղ, և նախորդ տարվա մայիսի, ապրիլի համեմատ՝ այս առումով ևս աճ է գրանցվել։ Կառավարությունում էական աճ են տեսել նաև աշխատավարձերի ֆոնդում։ Ըստ իշխանությունների՝ 2018-ի մայիսի համեմատ ՀՀ-ում աշխատավարձերի ֆոնդը կրկնապատկվել է։ Փաշինյանը հայտնեց, որ 2023-ի մայիսին միջին ամսական անվանական աշխատավարձը 2018-ի մայիսի համեմատ ավելացել է 57,6 տոկոսով։ Կառավարության հրապարակած ցուցանիշներով, 2023-ի ապրիլի համեմատ 2023-ի մայիսին միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է մոտ 4215 դրամով, նախորդ տարվա մայիսի համեմատ՝ 17 տոկոսով։
Փաշինյանն ու իր կառավարությունը պնդում են, որ աշխատավարձը Հայաստանում շարունակաբար բարձրանում է, բայց թե՛ փորձագետները, թե՛ անգամ պետական վիճակագրության թվերը հակառակի մասին են վկայում։ Վիճակագրական կոմիտեում մայիսի տվյալները դեռ հրապարակված չեն, բայց նախորդ ամիսների մի քանի ցուցանիշները բավարար են ասելու, որ պնդումը, թե միջին աշխատավարձի շարունակական բարձրացում կա, չի համապատասխանում իրականությանը։ Ըստ վիճակագրության, 2023 թ. տարեսկզբից միջին աշխատավարձի ցուցանիշները ոչ թե ավելացել, այլ հիմնականում նվազել են։ Եթե մարտին միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 284 547 դրամ, ապա ապրիլին միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 255 785 դրամ։ Միայն այս փաստը վկայում է, որ միջին աշխատավարձը Հայաստանում շարունակաբար չի ավելացել։ 2023 թ. ապրիլին մարտի համեմատ աշխատավարձերը 28 762 դրամով նվազել են։ Իսկ, օրինակ՝ փետրվարին հունվարի համեմատ աճը չնչին է եղել՝ կազմելով 830 դրամ։ Տնտեսագետ Վարդան Բոստանջյանը, մինչ անդրադառնալը վերոնշյալ ցուցանիշներին, շեշտեց, որ իշխանությունները «ամեն մի փռշտոց աննախադեպ ու պատմական են համարում»։
«Բոլոր ցուցանիշների համեմատականներում չնչին փոփոխության դեպքում միանգամից աննախադեպ ու ռեկորդային են որակում, մինչդեռ ռեկորդային ցուցանիշների մասին խոսելն ավելորդ է. քաղաքացին պետք է ունենա բարեկեցության շարունակական թեկուզ փոքր բարձրացում, արժանավայել վարձատրություն, բայց մենք այդ առումով դեռևս նվաստ վիճակում ենք։ 2018-ից սկսած այս իշխանությունները յուրաքանչյուր քայլ են ռեկորդային ու աննախադեպ համարում, ինչը սովորություն է դարձել։ Իրականում ի՞նչ ռեկորդ, ի՞նչ աննախադեպ ցուցանիշ»,-«Փաստի» հետ զրույցում ասաց տնտեսագետը՝ շեշտելով, որ նույն աշխատողների ցուցանիշը հիմնականում ոչ թե մեծ թվով աշխատատեղերի ստեղծմամբ, այլ աշխատողների պետական գրանցմամբ է պայմանավորված։
«Բացի այդ գործոնից, իհարկե, չի բացառվում, որ գոյություն ունեցող շրջանառության մեծացման պայմաններում նաև աշխատատեղեր են ավելանում, թեպետ չեմ կարծում, որ դրանք մեծ թվով են»,-ասաց տնտեսագետը։ Ինչ վերաբերում է միջին ամսական անվանական աշխատավարձերին, Վ. Բոստանջյանը շեշտեց, որ նման աճ չկա։ «Որոշակի մասնագիտությունների կտրվածքով փոքր ավելացումներ են լինում, ինչը, սակայն, այլ տեղերում աշխատավարձի իջեցմամբ է «կոմպենսացվում»։ Մենք այլ խնդիր էլ ունենք։ Շատ մարդիկ, դժգոհ լինելով իրենց աշխատանքից, ամեն դեպքում, ստիպված ու պարտադրված աշխատում են, հաճախ եկամուտը կորցնելու խնդիրը հաշվի առնելով՝ համակերպվում ցածր աշխատավարձերի հետ։ Մեծ հաշվով՝ հանրապետություն մուտք գործած մեծ ֆինանսական ռեսուրսների պարագայում կարող է թյուր պատկերացում ստեղծվել, որ աշխատավարձի բարձրացում է տեղի ունեցել։ Իրականում աշխատավարձի բարձրացում չկա։ Իսկ չնչին բարձրացումները չեզոքանում են՝ հաշվի առնելով գնաճը։ Ունենք գնաճ, որն ավելի մեծ տեմպերով է շարունակվում, քան չնչին բարձրացումներն են»,-հավելեց տնտեսագետը։
Նրա խոսքով, ամենախոցելին այն է, որ աշխատողները համարժեք վարձատրություն չեն ստանում։ «Համարժեք վարձատրության բացակայության խնդիր կա, ինչը, ըստ իս, մարդկանց մասնագիտությունները չգնահատելու խնդրով է պայմանավորված։ Միջին ամսական անվանական աշխատավարձի ներքո համահարթեցում է տեղի ունենում, մինչդեռ ավելի արժեքավոր արդյունք ստեղծողները, բնականաբար, չպետք է մյուսների հետ հավասար վարձատրություն ունենան։ Մեզ մոտ, սակայն, բոլոր ոլորտներում միջին աշխատավարձը նույն տրամաբանությամբ է դիտարկվում, որի հետևանքով չենք կարողանում աշխատողի հիմնական որակական մակարդակները գնահատել։ Բարդ որակավորում պահանջող աշխատատեղերում չի կարելի այնպիսի վարձատրություն սահմանել, ինչը սահմանվում է ոչ այդքան բարդ աշխատանքի դեպքում։ «Բոլորին ինչ-որ չափով» սկզբունքը ճիշտ չէ։ Այս խնդիրն, ի դեպ, ավելի ցայտուն է կենսաթոշակային համակարգի դեպքում։ 500 հազար կենսաթոշակառու ունենք, որոնցից շատերը շատ պատվախնդրորեն աշխատել են, բայց այսօր համատարած բոլորը 40-50 հազար դրամ են ստանում»,-եզրափակեց մեր զրուցակիցը։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում