Ապրիլի 19-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել       Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը    

19 հոկ 2016 17:20

Դարերի խորքից. Հայաստանում հայտնաբերված 10 ամենանշանակալի հնագիտական գտածոները․ Լուսանկարներ

Ժամանակակից Հայաստանի տարածքը հարուստ է հնագիտական գտածոներով, որոնք կարելի է եզակի համարել։
Չնայած փոքր տարածքին, ժամանակակից Հայաստանը հնագույն քաղաքակրթությունների իսկական գանձարան է: Ամեն տարի հնագիտական արշավախմբերը եզակի գտածոներ են հայտնաբերում, որոնց նմանը չես գտնի աշխարհում էլ ոչ մի տեղ:
Հայաստանում հայտնաբերված 10 ամենանշանակալի հնագիտական գտածոները․
Ամենահին կաշվե կոշիկը 
Վայոց Ձորում գտնվող Արենիի քարանձավում հնագետները հայտնաբերել են ամենահին կաշվե կոշիկը, որը ստեղծվել է մոտավորապես մ.թ.ա. 3600-3500 թթ. ` նեոլիթի դարաշրջանում: Դա հաստատեց նաև ՀՀ, Իռլանդիայի, Բրիտանիայի և ԱՄՆ գիտնականների մասնակցությամբ անցկացված փորձաքննությունը: Կոշիկը պատրաստված է չմշակված կաշվի ամբողջական կտորից, ենթադրյալ տիրոջ ոտքով, և լցոնված է չոր խոտով` հավանաբար, ներբանը տաքացնելու նպատակով, կամ ոտնամանի ձևը պահպանելու համար: Ըստ ժամանակակից պատկերացումների` կոշիկը 37 համարի է, մեծ չէ: Սակայն գիտնականները ենթադրյալ տիրոջ սեռի մասին եզրակացություններ չեն անում: Այն ժամանակներում մարդիկ ավելի ցածրահասակ էին, այնպես որ կոշիկը կարող էր նաև տղամարդ կրել: Գտածոն պահպանվել է մինչ օրս իր նախնական տեսքով Արենիի քարայրի միկրոկլիմայի շնորհիվ, որտեղ ջերմաստիճանի տատանումները շատ փոքր են և օդը չոր է:
Հնադարյան մարդու գլխուղեղը
Արնեի-1 քարանձավում հայտնաբերվել է հնադարյան մարդու ուղեղ: Ըստ նախնական տվյալների, լավ պահպանված գտածոյի տարիքը մոտ 6 հազար տարի է: Պեղումների ժամանակ հնագետները հայտնաբերել են բազում հինավուրց գտածոներ, այդ թվում նաև 12-14 տարեկան աղջիկների գանգեր: Անատոմիական անալիզը ցույց տվեց, որ երկու աղջիկները սպանվել են մահակի հարվածներից, հնարավոր է, ծիսակատարության ժամանակ: Իսկ երրորդ գանգում գիտնականները հայտնաբերել են չորացած, բայց լավ պահպանված ուղեղ: Ըստ մասնագետների, այս գտածոն կարող է ամենահինը լինել Հին աշխարհում երբևէ հայտնաբերված մարդկային ուղեղներից: Գլխուղեղի մակերեսին պահպանվել են արյունատար անոթները, որից վերցված արյան բջիջներն ուղարկվել են մանրակրկիտ հետազոտության:
4000-ամյա սայլերը և մարտակառքերը
Սևանա լճի ավազանում Լճաշեն հնագիտական տեղանքում պեղումների ժամանակ դեռևս 20-րդ դարում պեղվել էին տասնյակ հարուստ դամբարաններ: Հայտնաբերված գտածոներից ամենահետաքրքիրը գրեթե ամբողջական քառանիվ ու երկանիվ սայլերը, ինչպես նաև 2 մարտակառք, որոնց անիվները ճաղեր ունեն: Այդ մարտակառքերը գտնվում են Հայաստանի Պատմության թանգարանում: Սայլերի անիվները պատրաստված են կաղնեփայտի երեք շերտից, իսկ ներսից սայլերը պատված են կաշվով և բրդով: Մ.թ.է. 2000 թ. թվագրված այդ սայլերը աշխարհում հայտնի ամեհահին սայլերն են:
Մ.թ. ա 39-րդ դարի կանացի հագուստը
Ծղոտից պատրաստված կիսաշրջազգեստի հատվածը հայտնաբերվել է 2010 թ. «Արենի-1» քարանձավում պեղումների ժամանակ: Այն թվագրվում է մ.թ. ա 39-րդ դարով և հիանալի պահպանվել է: Դա հաջորդական գունային երանգներով հրաշալի գործվածք է, հայտնաբերվել են ծղոտե գործվածքի նաև այլ հատվածներ:
Գինեգործական համալիրը Արենի գյուղում
6 հազար տարի առաջ Հայաստանում գինու հնձան է գործել, այն հավակնում է աշխարհի հնագույն գինեգործական համալիրի կոչմանը: Արենիի քարանձավում հայտնաբերվել է գինու արտադրության համալիր, որի տարածքում պահպանվել են խաղողի կորիզներ, ինչպես նաև գինու կարասներ: Գիենգործության նախահայրենիքը համարվում է Առաջավոր Ասիայի տարածաշրջանը` Միջագետքը, Կովկասը, Հայկական լեռնաշխարհը: Հենց այստեղ են կուլտիվացվել խաղողի որոշ տեսակներ, այստեղ է սկսվել գինու արտադրությունը: Արենին եզակի է նրանով, որ այստեղ հայտնաբերվել է մի ամբողջ արտադրություն:
 
Մեծամորի պղնձաձուլարանը
1965 թ. մինչ օրս Մեծամորի հնագիտական տարածքում պարբերաբար պեղումներ են կատարվում: Պեղված հատվածի մշակութային շերտը թվագրվում է բրոնզե և երկաթե դարաշրջաններով: Պեղված նյութը վկայում է, որ բրոնզե դարաշրջանում (մ.թ.ա IV-II հազարամյակներում) Մեծամորը ծաղկուն մշակութային կենտրոն է եղել: Լավ է պահպանվել ամբողջ պղնձաձուլարանը` հալոցը և հնոցները, որոնք կառուցվել են ժայռի մեջ, ձուլման համար նախատեսված տասնյակ վառարաններ բոլոր անհրաժեշտ պարագաներով` օդամղիչ խողովակներով, կավե կափարիչներով: Անշուշտ այս ամենը հինավուրց պղնձաձուլարանի հետքեր են: Սպեկտրալ հետազոտությունն ու շլիխային անալիզը հաստատել են, որ այստեղ ձուլում էին ոչ միայն բրոնզ, այլ նաև ոսկի և անագ:
Քարե դարի գործիքները
Հայաստանի Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի մոտ իրականացված պեղումները հեղափոխական տեղեկություններն են ի հայտ բերել քարե դարի մասին: Հնագիտական արշավախումբը հայտնաբերել է աշխատանքի քարե գործիքներ, որոնք ստացված են լևալուզյան տեխնիկայով քարի մշակման արդյունքում: Հրաբխային լավայի շերտերի ուսումնասիրությունը ցույց տվեց, որ այդ գործիքները պատրաստվել են 325-335 հազար տարի առաջ: Տեղանքում հայտնաբերված տեղաբնակ մարդկանց հազարավոր զենքերն ու գործիքները հիմք են տալիս վերանայելու մարդագոյացման ամբողջ ընթացքը: Քարի մշակման լևալուզյան տեխնիկան բարդ տեխնոլոգիա է: Այդ տեխնոլոգիայով սուր քար ստանալու համար, այն ոչ միայն սրում էին, այլ նաև մասերի բաժանում, առանձնացնելով ծլեպները: Այս հայտնագործությունը կասկածի տակ է դնում հնագետների շրջանում տարածված այն թեզը, որ լևալուզյան տեխնիկան սկզբից հայտնվել է Աֆրիկայում, իսկ հետո տարածվել Եվրասիայում բնակչության թվաքանակի ավելացմանը զուգահեռ: Նոր Գեղիում արված բացահայտումները ցույց տվեցին, որ մարդկության համար այդ կարևոր հայտնագործությունն արվել է մարդկանց երկու խմբերի կողմից միմյանցից անկախ:
Հայաստանի ժայռապատկերները (պետրոգլիֆներ)
Հայաստանի տարածքը հարուստ է նաև ժայռապատկերներով` պետրոգլիֆներով, որոնք փորագրված են լեռներում և սարերի լանջերին: 1966 թ. սկզբից Գեղամա լեռներում, իսկ հետո արդեն Վարդենիսի լեռնաշղթայում և Արագածի լանջերին հայտնաբերվել է մոտ 30 000 ժայռապատկեր: 1967 թ. Վարդենիսի լեռնաշղթայում հայտնաբերվեց ևս 3 հնագույն օբյեկտ, որոնց նշանակության մասին մասնագետների, մասնավորապես ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Բ. Թումանյանի կարծիքը հետևյալն է. դրանք մեր հեռավոր նախնիների աստղագիտական մտքի քարե վկաներն են: Հին Հայաստանի ժայռապատկերների մշակույթը զարգացել է Հին աշխարհի մշակույթի հետ սերտ փոխկապակցվածությամբ: Համաստեղությունների քարտեզները, լուսնային օրացույցներն ու «բաց երկնքի տակ հայտնվող պատկերասրահները» ստեղծում էին այն ժամանակների ամեզարգացած մարդիկ` գիտնական մոգերը, նկարիչներն ու փորագրիչները:
Ձիու ամենահին դամբարանը
Փարպի գյուղից ոչ հեռու գտնվող Ներքին նավեր դամբարանադաշտում, որը թվագրվում է մ.թ.ա. III հազարամյակի առաջին կեսով, պեղումների արդյունքում հայտնաբերվել են զոհաբերված ձիու ոսկորների հնագույն նմուշները: Դամբարանը թվագրվում է մ.թ.ա 25-26 դարերով և ամբողջ Առաջավոր Ասիայում ձիու նման հին զոհաբերության փաստ մինչ այդ ապացուցված չի եղել: Դա ևս մեկ անգամ հաստատում է նախկինում առաջ քաշված, բայց շատերի կողմից թերահավատորեն ընդունված այն տեսակետը, որ Հայաստանը ձիաբուծության հնագույն կենտրոններից է: Քանի որ ձին սրբազան կենդանի էր համարվում, զոհաբերությունը կատարվում էր արքայի կամ առաջնորդի անմիջական մասնակցությամբ:
Ամենահին ժանտախտակիրը
Հայաստանում կատարված պեղումները թույլ տվեցին նոր տվյալներ ստանալ ժանտախտի առաջացման և տարածման մասին: Ուսումնասիրելով բրոնզե և երկաթե դարերում ապրած 101 մարդու ատամները, գիտնականները ժանտախտի հետքեր են գտել նրանցից յոթի մոտ: Ամենաերիտասարդ ժանտախտակիրի՝ Հայաստանի Կապան քաղաքի մերձակայքում հայտնաբերված վաղ երկաթի դարի ժամանակաշրջանում (Ք.Ա. 1048-885 թթ, մոտավոր հաշվարկներով՝ 951 թվական) ապրած մարդու մնացորդները: Հայտնագործման հիման վրա գիտնականները եզրակացրին, որ ժամանակակից ժանտախտը ձևավորվել է Ք.Ա. երկրորդ և առաջին հազարամյակների շեմին Մերձավոր Արևելքում, որտեղից էլ տարածվել է Եվրասիայում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր