Մայիսի 2-ին և 3-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Մայիսի 2 -ին վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված ջուր չի լինելու հետևյալ հասցեներում       Ժիրայր Սէֆիլյանն ազատ արձակվեց. ոստիկանները նրան և ԱԺԲ մյուս առաջնորդներին բերման էին ենթարկել    

11 ապր 2024 14:39

Վրաստանը բավարար քաղաքական ռեսուրս չունի ՀՀ-ի և Ադրբեջանի միջև գլխավոր միջնորդ դառնալու համար, սակայն..

Վրաստանը բավարար քաղաքական ռեսուրս չունի ՀՀ-ի և Ադրբեջանի միջև գլխավոր միջնորդ դառնալու համար, սակայն..Վրաստանը բավարար քաղաքական ռեսուրս չունի Հայաստանի և Ադրբեջանի միջև գլխավոր միջնորդ դառնալու համար, սակայն Թբիլիսին կարող է միջնորդ լինել տեխնիկական առումով որոշակի շփումներ հաստատելու համար։ Վրաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր, քաղաքագետ Իվլիան Խաինդրավան այս հայտարարությունն արեց՝ ելույթ ունենալով «Հայաստան-Վրաստան ռազմավարական գործընկերություն. հայեցակարգից դեպի իրականություն» փորձագիտական համաժողովում:

Նա համարում է, որ և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ բարիդրացիական հարաբերություններ պահպանելը Վրաստանի արտաքին քաղաքականության գլխավոր ձեռքբերումն է անկախության ողջ ընթացքում։ Խաինդրավան ընդգծեց, որ Երևանն այս ամբողջ ընթացքում կասկածով էր նայում վրաց-ադրբեջանական նախագծերին, Բաքուն՝ հայ-վրացական նախագծերին:

«Վրաստանը տեխնիկական առումով կապեր հաստատելու միջնորդ կարող է լինել և կա։ Կա դրա պատրաստակամությունը, և որոշակի քայլեր ձեռնարկվել են»,- ասաց Խաինդրավան:

Այս առնչությամբ նա հիշեցրեց ականապատ դաշտերի քարտեզների հետ գերիների փոխանակումը, որն իրականացվեց Վրաստանի միջնորդությամբ։
Միաժամանակ նրա կարծիքով` ժամանակն է, որ Հարավային Կովկասի երկրները միավորվեն, որպեսզի տարածաշրջանը աշխարհագրական հասկացությունից վերածեն աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական հասկացության:

Նրա խոսքով` Հայաստանն ու Վրաստանն առանձին-առանձին գրավիչ չեն խոշոր բիզնեսի, նախագծերի և ներդրողների համար։

«Պետք է փնտրել և գտնել տնտեսական և քաղաքական շահերի ձևաչափեր, որոնք հետաքրքիր և շահավետ կլինեն մյուսների համար»,-ասաց Խաինդրավան:

Այս առումով նա կարևորեց այն փաստը, որ Հայաստանն ընդլայնում է Հնդկաստանի հետ կապերը ։ Խաինդրավան կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի համար պոտենցիալ օգուտ է նաև այն, որ Վրաստանն ազատ առևտրի ռեժիմ ունի ԵՄ-ի և Չինաստանի հետ:

Հիշեցնենք, որ Վրաստանը 44-օրյա պատերազմից հետո բազմիցս հարթակ է առաջարկել հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորման համար: Երկրի ղեկավարները հանդես են եկել խաղաղ հարևանության նախաձեռնություն-հարթակի ստեղծման գաղափարով, որի շրջանակում հնարավոր կլինի լուծել երեք երկրների միջև առկա մշակութային, տնտեսական և այլ բնույթի հարցերը: 2022 թվականի հուլիսին նման փորձ արվեց` Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը երկկողմ հանդիպում ունեցան Թբիլիսիում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր