Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Տեսանյութ.Հայ–վրացական սահմանին մի քանի հարյուր բեռնատար է սպասում       ԵԽԽՎ-ում քննարկվել է Ադրբեջանում մարդու իրшվունքների կտրուկ վատթшրացմшն իրավիճակը    

04 հուն 2024 11:45

Եթե Վրաստանում տեղի են ունենում որոշակի փոփոխություններ, ապա Հայաստանի համար սա կատաստրոֆիկ զարգացում է

Եթե Վրաստանում տեղի են ունենում որոշակի փոփոխություններ, ապա Հայաստանի համար սա կատաստրոֆիկ զարգացում է«Հայկական ժամանակ»-ը քաղաքագետ Արեգ Քոչինյանի հետ զրուցել է տարածաշրջանում, մասնավորապես՝ Վրաստանում և Հայաստանում, տեղի ունեցող քաղաքական զարգացումների մասին, այդ համատեքստում փորձել հասկանալ, թե գործընթացները ինչպես կարող են ազդել երկրների եվրաատլանտյան ինտեգրման գործընթացի վրա:


— Պարոն Քոչինյան, վերջին ամիսներին տեսնում ենք ընդվզում Վրաստանում, ինչը կապված է «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի նախագծի ընդունման հետ, որը հանրության մի հատվածը ռուսական նախագիծ է համարում: Ստացվում է՝ մի կողմից դեպի Եվրամիությանն ինտեգրվելու ցանկություն կա, մյուս կողմից ընդունվում է նման օրենք: Ինչի՞ն են միտված գործընթացները և օրենքի ընդունումը:


— Վրաստանում տեղի ունեցող գործընթացները միանշանակ Վրաստանը եվրաատլանտյան ուղեգծից թեքելու, շեղելու փորձեր են: Ես այստեղ տեսնում եմ ոչ միայն ռուսական քաղաքական ներկայացուցչություն, այլև՝ չինական: Ակնհայտ է, որ սա ՌԴ-ի հետգաղութային քաղաքականության շրջանակներում վարվող քաղաքականություն է, իսկ Չինաստանի պարագայում. Վրաստանը չինական միջին միջանցքի կարևորագույն նախագծի բաղկացուցիչ մասն է: Միջին միջանցքը, ըստ պլանի, Չինաստանով պետք է մտնի Ղազախստան, Կասպից ծով, Ադրբեջան, Վրաստան, այնտեղից՝ Սև ծովով՝ դեպի Եվրոպա, և ուրեմն Վրաստանում ունենալ քաղաքական ներկայացուցչություն և թույլ չտալ եվրաատլանտյան ինտեգրումը Չինաստանի համար բավականին կարևոր խնդիր կարող է դառնալ: Այսինքն՝ այս օրինագծի երկու հիմնական շահառուները ՌԴ-ն և Չինաստանն են:


Ըստ էության՝ Վրաստանում արդեն տևական ժամանակ է՝ քաղաքական իշխանությունը գրեթե ամբողջությամբ անցել է մեկ անհատի՝ Բիձինա Իվանաշվիլուն, որ ՌԴ-ում կարողություններ դիզած վրացի միլիարդատեր է, ով, ըստ էության, կուսակցության միջոցով ամբողջ իշխանությունը կենտրոնացրել է իր ձեռքում: Այնպես չի լինում, որ ՌԴ-ում հարստություն դիզի և ՌԴ-ի դեմ գործի կամ սեփական պետության շահերը կարողանա սպասարկել: Ռուսաստանցի օլիգարխները նախկին չեն լինում:


— Վրաստանի դեպքում այս հետքայլը որևէ ազդեցություն կարո՞ղ է ունենալ ընդհանուր տարածաշրջանի կամ Հայաստանի համար:


— Այո, իհարկե, կարող է, որովհետև Հայաստանի համար եվրաատլանտյան ինտեգրացիայի ճանապարհը Վրաստանն է, տեսականորեն, եթե կարգավորվեն հայ-թուրքական հարաբերությունները, Թուրքիան նույնպես կարող է նման ճանապարհ դառնալ, բայց այս պահի դրությամբ միայն Վրաստանն է: Եթե Վրաստանում տեղի են ունենում որոշակի փոփոխություններ, ապա առնվազն Հայաստանի համար սա կատաստրոֆիկ զարգացում է:


Հայաստանում և Վրաստանում տեղի ունեցողը, ըստ էության, նույն բանն է՝ դերակատարների փոփոխությամբ. եթե Վրաստանում տեղի է ունենում իշխանության միջոցներով, ապա Հայաստանում այդ նույնը փորձ է արվում ընդդիմության միջոցով, և այն ուժերը, որոնք սպասարկում են այս շարժումը, կամա թե ակամա սպասարկում են նաև Ռուսաստանի շահերը. հայ-ադրբեջանական դելիմիտացիայի պրոցեսը հետաքրքիր չէ, և դրան առաջին հերթին դեմ է հենց ՌԴ-ն, որովհետև այդ դեպքում նվազում է էսկալացիայի և ստատուս քվոյի հնարավորությունը, ինչը բացարձակապես պետք չէ ՌԴ-ին: Այնպես որ դրանք նույն ուժերն են, տեղի ունեցողը՝ նույն բանը:


— Հարավային Կովկասում ազդեցությունը պահելու համար Արևմուտք-ՌԴ հակամարտությունն ո՞ւր կարող է հասնել, ի՞նչ իրավիճակ կարող է առաջացնել Վրաստանում և Հայաստանում:


— Ամենավատ տարբերակն այն է, որ այդ պետությունները կսկսեն իրենց շահերը և հետաքրքրությունները սպասարկել ավելի բռնի միջոցներով, լավագույն տարբերակն այն է, որ մրցակցությունը՝ քաղաքական, տնտեսական, ենթակառուցվածքային, որ եղել է վերջին 2-3 տարիներին մեր տարածաշրջանում՝ ըստ էության՝ 2020 թվականի պատերազմից հետո, կշարունակվի, և Հայաստանի խնդիրը պետք է լինի փորձել առավելագույնը ստանալ այդ մրցակցությունից և նվազագույնի հասցնել իր կորուստները: Ինչպե՞ս անել դա. պետք է կատարել բավարար տնային աշխատանք ենթակառուցվածքների կայացման առումով, հյուսիս-հարավ միջանցք, Վրաստանի հետ էներգակիր կառուցել, շարունակել Ադրբեջանի հետ խաղաղության բանակցությունները և հնարավորինս շուտ կնքել խաղաղության պայմանագիրը: Դրանք այն բոլոր ուղղություններն են, որոնք պետք են այդ մրցավազքում հաջողելու համար:


 
— Արտաքին հետախուզության պետը՝ Քրիստինե Գրիգորյանը, օրերս ասել է, որ Հայաստանի Հանրապետության համար կան բազմաթիվ սպառնալիքներ, որոնք գալիս են մի քանի երկրից՝ հստակ չմատնանշելով այդ երկրների անունները: Ըստ Ձեզ՝ ո՞ր երկրների մասին է խոսքը:


-Կդժվարանամ ասել, թե ում նկատի ունի արտաքին հետախուզության պետը, կարող եմ իմ տեսակետն ասել. դրանք են՝ ՌԴ-ն, Ադրբեջանը և Թուրքիան, նույն հերթականությամբ՝ ամենամեծ սպառնալիքը ՌԴ-ն է, հետո՝ Ադրբեջանը, երրորդը՝ Թուրքիան:


— Այդ դեպքում ինչո՞ւ ենք շարունակում մնալ ռուսական նախագծերում ու դաշինքներում:


— Այդ հարցը պետք է իշխանությանն ուղղել: Համենայն դեպս մինչև այս պահը ես տեսնում եմ քաղաքականություն այդ ազդեցության մակարդակը հետզհետե նվազեցնելու առումով, բայց, ըստ իս, այդ նվազեցման տեմպը, մեղմ ասած, ոչ բավարար է, ինչպես որ ոչ բավարար է տնային աշխատանքի իրականացման տեմպը:


— Որո՞նք պետք է լինեն առաջիկայում Հայաստանի անելիքները:


— Վրաստանի պարագայում նոյեմբերին սպասվում են խորհրդարանական ընտրություններ, ես հույս ունեմ, որ վրաց ժողովուրդը ևս մեկ անգամ կապացուցի իր՝ ազատության և եվրոպական ինտեգրացիայի հավատարիմ մնալու սկզբունքը, և գործող կուսակցությունը չի հաղթի:


Հայաստանի մասով ռեֆորմներն են, ենթակառուցվածքային նախագծերը արդյունավետ իրականացնելն է, ինքնապաշտպանական կարողությունների ամրապնդումն է, սա Հայաստանում ռուսական ազդեցության գործիքների հետզհետե նվազեցումն է, ինչու՝ ոչ, լյուստրացիան է, դատական համակարգի վեթինգն է, կոռուպցիոն գործերով անցնող նախկին պաշտոնյանների և ապօրինի գույքի բռնագանձման քաղաքականության շարունակությունն է, ԵՄ-ի հետ ինտեգրացիայի նախագծերի իրացումը, ՀԱՊԿ-ից, ԵԱՏՄ-ից և ԱՊՀ-ից դուրս գալը:


— Այս քայլերի դեպքում ավելի ագրեսիվ չե՞նք դարձնի Ռուսաստանին:


— ՌԴ-ն մեր նկատմամբ լինելու է ագրեսիվ այնքան, ինչքան որ կարողանալու է, այնքան ժամանակ, քանի դեռ չենք անում այն ամենը, ինչ ուզում է: ՌԴ-ի հետ մեր հարաբերությունները առնվազն կիսատ չեն լինելու. կա՛մ լինելու ենք հլու-հնազանդ կամակատար, ինչպես եղել է Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին, անելու ենք այն ամենը, ինչ մեզնից պահանջվի, կա՛մ փորձելու ենք սեփական պետությունը կառուցել՝ սեփական շահերից ելնելով: Չի լինելու, որ դու մի քիչ փորձես բավարարել «ցար»-ին, և «ցար»-ը քեզ չպատժի, նրա մոտ այդ համակարգը այդպես չի աշխատում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր