Ինտերնետ կապի պրովայդերները սպառողների գլխին պատուհաս. ոլորտը վերահսկման խիստ անհրաժեշտություն ունի
ՀՀ-ում ինտերնետ կապի սպասարկման ոլորտը վերահսկման խիստ անհրաժեշտություն ունի: Տպավորություն է, որ ով ասես կարող է բացել որևէ ՍՊԸ, հորինել անուն և ինտերնետ մատուցել:Այս կազմակերպություններից շատերը զանգերով, դռնեդուռ ընկնելով, նաև խաբելով բաժանորդներ են հավաքում, այնուհետև «Ծառայությունների մատուցման» պայմանագրեր կնքելիս ծուղակ ապահովում բաժանորդների համար՝ այն է. «ծառայությանը բաժանորդագրվելու և հետագայում ինտերնետ կապից վաղաժամկետ հրաժարվելու դեպքում բաժանորդը պարտավոր է օպերատորին վճարել սակագնային վճարով նախատեսված իր կողմից չօգտագործված և/կամ չվճարված ամիսների վարձավճարի ողջ գումարը»:
Իսկ, թե իրենք ինչ որակի ծառայություն են ապահովում՝ սպառողի գլխին դառնալով պատուհաս, կարևոր չէ:
ԹԻՎԻՆԵՏ ՍՊԸ ինտերնետային ծառայություն մատուցող ընկերությունը վերը նշվածների շարքում է:
Բացի նրանից, որ ընկերությունը բաժանորդների համար խնդիրներ է ստեղծում նաև աշխատակցուհիները քամահրանքով են խոսում. «եթե ինտերնետի համար եք զանգել, ամբողջ Հայաստանով է», երբ տեղեկացնում ես, որ տարբեր պրովայդերների և կապի միջոցների հետ նման խնդիր չկա, հնչում է ավելի «խելացի» պատասխան. «սպասեք, մեկ ժամից կլինի, թե 10 ժամից չգիտենք»:
Զավեշտալին այն է, երբ խնդրում ես փոխանցել էլեկտրոնային հասցե բողոքը նամակի ձևով տեղ հասցնելու համար, պարզվում է ընկերությունը նույնիսկ էլեկտրոնային հասցե չունի, և խրոխտ ձայնով խորհուրդ են տալիս ձեռագիր գրել և տանել իրենց գրասենյակ:
Անիմաստ համարելով «խելացի» աշխատակցուհիների հետ որևէ բան քննարկել, խնդրում ես տնօրենի հեռախոսահամարը, պարզվում է ընկերության տնօրեն Շահեն Արզումանյանը խիստ անձեռնմխելի է:
Աշխատակցուհիները հեռախոսահամար վերցնելով խոստանում են տնօրենին փոխանցել, որը կապ կհաստատի, իսկ տնօրենը այդպես էլ կապի դուրս չի գալիս: Եվ այս ամենը բազմաթիվ անգամներ:
Բազմիցս զգուշացրել ենք, որ խնդիրը հրապարակման ենթակա է, բայց պատրաստ ենք քննարկել տնօրինության հետ հասկանալու հետագա անելիքները: Նորից Շահեն Արզումանյանն արհամարական պահվածք է դրսևորում:
Այնուհանդերձ նշենք որ սա միակ պրովայդերը չէ, որ այսպիսի դրսևորում է ցուցաբերում:
Հորդորում ենք ՀՀ Հանրայի ծառայությունները կարգավորող հանձնաժողովին այս ոլորտում լիցենզիա տրամադրելուց հետո վերահսկի նաև նրանց կողմից մատուցվող ծառայությունների որակը:
