Նույնիսկ սեփական օկուպացրած տարածքները ռազմական ճանապարհով վերադարձնելու խնդիր մենք չենք դնում
Կարծում եմ, «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը Ադրբեջանին մտահոգում է նրանով, որ այս նախագիծը կարող է տասնյակ միլիարդների օգուտներ բերել ՀՀ-ին։ Այս փաստը պոտենցիալ 2 մտահոգություն կարող է բերել Ադրբեջանին։ Այս մասին «Խաղաղության խաչմերուկ. միավորելով անվտանգությունն ու ժողովրդավարությունը» համաժողովին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով նախագծի մանրամասները։
Նա ընդգծել է, որ առաջին մտահոգությունը կարող է լինել այն, որ եթե Ադրբեջանը անկեղծ մտածում է, որ Հայաստանը ագրեսիվ պլաններ ունի Ադրբեջանի նկատմամբ՝ դա կարող է ստեղծել ընկալումներ, որ այդ տասնյակ միլիարդ դոլարները կարող են օգտագործվել ընդդեմ Ադրբեջանի։
«Բայց կա նաև հակառակը, որ եթե Ադրբեջանը ագրեսիվ մտադրություններ ունի ՀՀ-ի նկատմամբ՝ դա կարող է մտահոգել Ադրբեջանին, որ այդ տասնյակ միլիարդ դոլարները կարող են օգտագործվել Հայաստանի պաշտպանունակությունը բարձրացնելու համար և Ադրբեջանը իր ագրեսիվ պլանները ՀՀ-ի նկատմամբ իրագործելու խնդիրներ կարող է ունենալ։
Եթե Ադրբեջանի խորքային մտադրությունն առաջինն է, դա փարատելի մտահոգություն է, որովհետև ՀՀ-ն, ըստ էության, բարձրագույն մակարդակով իր իրականացրած ռազմավարական քաղաքականությամբ արձանագրում է, որ մենք որևէ ագրեսիվ նկատառում Ադրբեջանի նկատմամբ և ընդհանրապես տարածաշրջանի երկրների նկատմամբ չունենք, մենք ճանաչում ենք մեր բոլոր հարևանների տարածքային ամբողջականությունը և պատրաստ ենք դրա վերաբերյալ դե-յուրե պարտավորություններ ստանձնել։
Ավելին, ՀՀ –ն արձանագրել է, որ նույնիսկ սեփական օկուպացրած տարածքները ռազմական ճանապարհով վերադարձնելու խնդիր մենք չենք դնում, որովհետև սահմանազատման գործընթացում մեր ստորագրած փաստաթուղթը տալիս է բոլոր հնարավորությունները, որ սահմանազատման գործընթացները տեղի ունենան իրավական հենքերի վրա։
Այսինքն, մենք ըստ էության բոլոր երաշխիքները ստեղծում ենք, որպեսզի մեր հարևաններից որևէ մեկը ոչ միայն կասկած չունենա մեր ագրեսիվ մտադրությունների գոյության վերաբերյալ, այլև գոյություն ունենան դե յուրե երաշխիքներ՝ մեր երկրի կողմից ագրեսիվ քաղաքականությունների չվարման վերաբերյալ։
Փաստն այն է, որ Ադրբեջանն ուզում է, որ Հայաստանի ճանապարհներն օգտագործելի լինեն իր համար, բայց միևնույն ժամանակ Հայաստանը շարունակի մնալ շրջափակման մեջ»,-ասաց նա, ընդգծելով, որ թեև սա աբսուրդ ձևակերպում է թվում, բայց ադրբեջանական խոսույթների վերլուծությունը ցույց է տվել, որ ճանապարհները բացվեն Հայաստանի տարածքով, բայց Հայաստանը շարունակի մնալ բլոկադայի մեջ։
Նա ընդգծեց, որ սա ինքնին անտրամաբանական մոտեցում է ու Հայաստանի համար չի կարող ընդունելի լինել։
Փաշիօնյանը նաև շեշտեց, որ Հայաստանը պատրաստ է տրամադրել կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև։
«Վերջին շրջանում Ադրբեջանն ասում է՝ լավ եթե Հայաստանը մեր պայմաններով կապ չի ուզում տրամադրել Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև՝ ուրեմն մենք այդ կապի համար կօգտվենք Իրանի տարածքից։ Այս խոսույթն ինքնին նշանակում է, որ Իրանի տարածքով Ադրբեջանի և Նախիջևանի կապը այն պայմաններով, որոնցով այդ կապը գործում է՝ ընդունելի տարբերակ է, որովհետև հիմա մեծ գումարներ են ծախսվում այս կապուղիները օգտագործելու և լավարկելու համար։ Հետևաբար, մենք ասում ենք, պատրաստ ենք ճշգրիտ նույն պայմաններով ապահովել կապը Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև կապը։ Ավելին, մենք պատրաստ ենք անցման և հսկողությունների պարզեցումներ տրամադրել երկրների հավասարության, փոխադարձության և ինքնիշխանության և իրավազորության շրջանակներում»։