Համակարգչային կախյալության հոգեբանական պատճառներն ու հետևանքները
Համակարգիչը դարձել է կյանքի անբաժանելի մասը: Սակայն բոլորս էլ գիտենք, որ այն ունի ինչպես դրական, այնպես էլ բացասական ազդեցություն և ֆիզիկական, և հոգեկան առողջության վրա:
Տեղեկատվությունը անգնահատելի դեր ունի յուրաքանչյուր մարդու կյանքում, իսկ համակարգիչը ժամանակակից հզորագույն միջոցն է տեղեկատվություն ստանալու, մշակելու և պահպանելու համար, բացի այդ` համակարգչի շնորհիվ հասանելի են դառնում տեղեկատվության ամենատարբեր տեսակները: Հատկապես այս առանձնահատկությունն է գրավում այն մարդկանց, ովքեր ունեն համակարգչային կախյալություն: Առաջին անգամ «համակարգչային կախյալություն» տերմինը օգտագործել են ամերիկացի գիտնականները դեռևս 20–րդ դարի 80–ական թվականներին:
Չնայած ակնհայտ է և տարածուն բնույթ է ստացել մարդու և համակարգչի միջև պաթոլոգիկ կապի ձևավորման ֆենոմենը, սակայն հոգեկան խանգարումների պրոբլեմով զբաղվող ոչ բոլոր մասնագետներն են ընդունում այն, և համակարգչային կախյալությունը ներկայումս ընդգրկված չէ ՀՄԴ-10_ ի մեջ: Համակարգչային կախյալություն ասելով հասկանում ենք համակարգչով աշխատելու կամ ժամանակ անցկացնելու մարդու պաթոլոգիկ ձգտումը: Համակարգչային կախյալությանը զուգահեռ առանձնացնում են նաև ինտերնետ-կախյալություն, խաղամոլություն, որոնք ևս կապված են համակարգչով երկարատև ժամանակ անցկացնելու հետ:
Ն.Ի.Ալտուխովը և Կ.Յու.Գալկինը առանձնացնում են համակարգչային կախյալության հետևյալ նշանները`
ակտուալ հոգեկան վիճակի փոփոխությունը /բացասականից դրական/ համակարգչից օգտվելու դեպքում,
ժամանակի վերահսկողության բացակայություն համակարգչից օգտվելու ընթացքում,
ձգտումը հնարավորինս երկար մնալ համակարգչի մոտ,
նյարդայնություն, ճնշվածություն, «դատարկության» զգացում, երբ չկա համակարգչից օգտվելու հնարավորություն:
Ինտերնետ կախյալության նախանշաններից են` էլեկտրոնային հասցեն ստուգելու կպչուն /սևեռուն/ ցանկությունը, սոց. ցանցերին երկարատև ժամանակ տրամադրելը, տարբեր տեսակի տեղեկատվություն փնտրելու և կարդալու անվերահսկելի ցանկությունը:
Համակարգչային խաղերի երկրպագուները հիմնականում դեռահասներն են: Այս փաստը մտահոգիչ է, քանի որ դեռահասները հեշտությամբ են հարմարվում համակարգչային աշխարհին, որը ժամանակի ընթացքում հանգեցնում է օտարվածության և հոգևոր դատարկության: Եվ հաճախ զարգանում է սոցիալական դեզադապտացիա, դեռահասը արտամղում է օբյեկտիվ իրականությունը վիրտուալ միջավայրով` ստեղծելով այն համակարգչի միջոցով: Որպես բացասական հոգեբանական հետևանքներ ի հայտ են գալիս ագրեսիվություն, նյարդայնություն, ասոցիալ վարք, տագնապայնություն, գործերի և սոցիալական հարաբերությունների նկատմամբ ուշադրության պակաս, քրոնիկական հոգնածություն, ինքնամփոփություն: Տեղին է մեջբերել հետևյալ տեսակետը, որ համակարգչային կախյալության ձևավորման պրոցեսին նպաստում է կյանքի դժվարություններից փախուստը դեպի վիրտուալ աշխարհ, որտեղ դեռահասը ստեղծում է իր իդեալական իրականությունը:
Ի գիտություն ծնողներին, դեռահասների շրջանում համակարգչային կախյալության առաջացման պատճառներից կարող են լինել` ցածր ինքնագնահատականը, ինքնաարտահայտման հնարավորության բացակայությունը, ամաչկոտությունը, հաղորդակցման դժվարությունները: Ինտերնետի առկայությունը հնարավորություն է տալիս նաև ինտերակտիվ շփման, որը չափազանց գրավիչ է անինքնավստահ և օտարված մարդկանց համար: Հետևաբար ծնողները պետք է աջակցեն և օգնեն հաղթահարել իրական պրոբլեմը, այլ ոչ թե քննադատել նրան, երբ ժամանակի մեծ մասը անցկացնում է համակարգչի մոտ: Քննադատությունը կարող է նույնիսկ խորացնել պրոբլեմը և "հեռացնել” դեռահասին ծնողից:
Ակնհայտ է համակարգչային կախյալության բացասական ազդեցությունը սոցիալական այնպիսի հատկանիշների վրա, ինչպիսիք են ընկերասիրությունը, անմիջականությունը, շփվելու ցանկությունը, ապրումակցումը:
Ինչ խոսք, չենք կարող ժխտել, որ համակարգչի, ինտերնետի, որոշ խաղերի օգտագործումը օգտակար կարող են լինել տրամաբանությունը, ուշադրությունը, մտածողությունը զարգացնելու, նոր, կարևոր և հետաքրքիր տեղեկատվություն փոխանցելու հարցում: Այն պրոբլեմ է դառնում, երբ համակարգչից օգտվելու դեպքում նկատվում է ժամանակի "վերահսկողության կորուստ”:
Համակարգչային կախյալությունը ոչ պակաս վտանգավոր է, ինչպես և կախյալության մյուս տեսակները, քանի որ հանգեցնում է ադապտացիայի նշանակալի խանգարումների հասարակական կյանքում: Այստեղ հատկանշական է նաև այն, որ համակարգչային կախյալությունը հաճախ նկատում են տվյալ մարդու հարազատները, ընկերները, բայց ոչ ինքը` համակարգչային կախյալություն ունեցողը: Հետևաբար անհրաժեշտ է բուժման մոտիվացիա արթնացնել նրա մոտ, քանզի տվյալ պրոբլեմի բուժումը պահանջում է նախևառաջ պրոբլեմի գիտակցում և բուժման ցանկություն:
հ.գ.թ. Սոնա Հարությունյան
Hayacq.com