Տեսանյութ.Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ոստիկանության գործողությունների արդյունքում ուշագնաց եղավ          Տեսանյութ.Գեղարքունիքի մարզի բնակիչները փակել են Մարտունի-Երևան ավտոճանապարհը       Պետք է զգույշ լինել.Ամենաուժեղ մագնիսական փոթորիկը, որը կհարվածի Երկրին, կլինի այսօր    

13 հոկ 2017 18:32

Յուրաքանչյուր նկար իմ հույզերի ու ապրումների արտահայտությունն է, իմ մասնիկը

Յուրաքանչյուր նկար իմ հույզերի ու ապրումների արտահայտությունն է, իմ մասնիկըԱլավերդու մշակութային կյանքն աշխուժացրել է իրավաբան, Ալավերդու պետական քոլեջի տնօրեն Ռուդոլֆ Ստեփանյանի նկարների՝ Հայաստանի անկախության տոնին նվիրված անհատական ցուցահանդեսը: Բացելով ցուցահանդեսը՝ Հայաստանի ազգային պատկերասրահի Ալավերդու մասնաճյուղի տնօրեն Ռաֆայել Ջավախյանը ներկաների ուշադրությունը հրավիրեց ոչ նկարիչ մասնագետների նկարելու հանգամանքի վրա, միաժամանակ կարևորելով, որ նկարելը փոխում է մարդկանց ներաշխարհը: «Երբ նայում ենք Ստեփանյանի նկարած ձիերի գեղեցիկ, թեթև շարժումը, տեսնում ենք, թե ինչքան նուրբ հոգու տեր անձնավորություն է նա:
Յուրաքանչյուր նկար իմ հույզերի ու ապրումների արտահայտությունն է, իմ մասնիկըԻհարկե, առաջին տպավորությամբ կարող են հարցեր առաջանալ, թե նա, աշխատելով ՆԳ համակարգում, լինելով օրենքի մարդ, ինչպե՞ս կարող է նկարել, բայց համեմատելով, տեսնում ես նրա գեղանկարչության և այդ մասնագիտության սերտ կապը: Սա, անշուշտ, ուշագրավ է»,-ասաց Ջավախյանը, որն էլ անհատական ցուցահանդեսով հանդես գալու «մեղավորն» է:  

«Ցուցահանդեսից օրեր առաջ ինձ մոտ եկավ Ռաֆայել Ջավախյանը, ով բազմիցս առաջարկել է ցուցադրել նկարներս: Այս անգամ արդեն հարազատավարի, առանց փորձելու երկար համոզել ինձ, հավաքեց աշխատանքներս ու հեռացավ, կատակով ասելով, թե ցուցահանդեսին ինձ էլ կհրավիրի: Մեր երկրի անկախության տոնի առթիվ  ցուցահանդես բացելն առավել քան խորհրդանշական է և ոգևորիչ: Խոստովանեմ, որ շատ ուրախ եմ և շնորհակալ Ջավախյանին: Ուշագրավ էր իմ աշխատանքների դիտարկումը կողքից՝ հանդիսատեսի աչքերով. բացահայտեցի որոշակի տրամադրություն և մթնոլորտ»,-ասում է Ստեփանյանը: 
Օձունի եկեղեցու քահանա Տեր Վրթանեսի գնահատմամբ՝ «… նկարչությունը յուրահատուկ արվեստ է, աստվածնմանողության դրսևորում, իսկ նկարիչն էլ նմանվում է Արարչին, արարում և ստեղծագործում է…Աստված երբ ստեղծեց երկիրը, սկզբում խավար էր և Աստված ասաց՝ թող լույս լինի… Այս նկարներում, իրոք, լույս կա»: 
Ստեփանյանի գործընկեր, Ալավերդի քաղաքի մշակույթի ոլորտի փորձառու գործիչ Սիլվա Դավթյանի համոզմամբ՝ Ստեփանյանը անհատական ցուցահանդեսով դեռևս տարիներ առաջ կարող էր հանդես գալ: Այսօր նա նկարների, գույների տարբերությունը զգալի է համարում, ինչը խոսում է հեղինակի ինքնակատարելագործման, ստեղծագործական աճի մասին:  
Ռուդոլֆ Ստեփանյանը նկարել է դեռևս մանկուց: «Վեներայի առևանգումը» հանրահայտ թեմայով յուղաներկ առաջին ավարտուն նկարը՝ արված 10-րդ  դասարանում, «խոսուն ճանապարհ» է անցել, անհայտանալով Թբիլիսիում գտնվող իր հայրական տնից, միաժամանակ տալով Ստեփանյանի արդեն իսկ ուրույն ոճի և նկարելու շնորհքի իրական գնահատականը: «Մտածում էի ծանոթ բարեկամներից մեկի տանը երբևէ կգտնեմ, բայց մինչ օրս այն չկա»,-ասում է հեղինակը: 
Իսկ ի՞նչն է իրականում դրդում մասնագիտական կրթություն չունեցող նկարչին վրձին վերցնել և նկարել. Ստեփանյանը համարում է, որ նկարելը ինքնաարտահայտվելու միջոց է. «Նկարում եմ ինքնարտահայտվելու, բայց ոչ ուրիշներին ցույց տալու նպատակով: Նկարելիս երբևէ չեմ մտածում, որ պետք է նկարը ցուցադրվի, քննարկվի, ընդունվի և գնահատվի: Նկարում եմ ինձ համար: Իհարկե, յուրաքանչյուր նկար իր նախապատմությունն ունի. այդ պահին ինձ հուզող թեմայի  գայթակղության ու պահի ազդեցությամբ էլ նկարում և այդ պահն էլ փորձում եմ պատկերել: Վերջնարդյունքում, յուրաքանչյուր նկար իմ հույզերի ու ապրումների արտահայտությունն է, և դրանով հանդերձ, իմ մի մասնիկը: Իսկ թե ով ինչպես է ընկալում՝ կախված է դիտողից: Երբևէ պատվերով չեմ նկարել, թեև հնարավոր է որևէ թեմա առաջարկեն, և եթե այն իմ սրտով լինի՝ նկարեմ, ինչպես «Ժաննա դը Արկ»-ը, որը թիֆլիսաբնակ իմ լավ բարեկամ Աշոտի խնդրանքով եմ նկարել: Երբ սկսեցի նկարել, հասկացա, որ ինչոր բան, ըստ ինձ, պակասում էր նկարին: Մանրամասն կարդացի Ժաննայի իրական պատմությունը, տարբեր աղբյուրներից տեղեկություններ հավաքեցի արտաքին տվյալների, բնավորության մասին, որից հետո նկարը փոխվեց և ստացվեց  այնպես, ինչպես ես եմ նրան տեսնում: Անկեղծ ասած՝ ինձ համար ավարտված նկար չկա և չկա որևէ նկար, որը ձեռքիս տակ ընկնի ու դրա վրա ինչ-որ բան նորից չփոխեմ: Եթե նկարներիս մեծ մասի առաջին շերտը մաքրվի, տակից այլ բան կբացվի, և այն առանձին վերցրած ավարտուն գործ է:
 
Հաճախ է ստացվում, որ նկարելու ժամանակ ծնվում է այլ գործ, հետո մեկ ուրիշ ու այդպես չես կարողանում կանգ առնել…»,-ասում է զրուցակիցս, հավելելով, որ հումորով է վերաբերվում հանդիսատեսի գնահատականներին և նույնպիսի հումորով էլ հիշում է, որ տարիներ առաջ աղջկա դասընկերներից մեկը լինելով իրենց տանը, երբ 4-5-րդ դասարանում էին, արտահայտվել էր, թե «Ռիմուլիկենց տան պատերից խուժանական նկարներ էին կախված»: Այն առայսօր համարում է իր լսած գնահատականներից ամենաանկեղծը:
Դատելով ցուցահանդեսի արձագանքից, այնուամենայնիվ, կարելի է ասել, որ Ստեփանյանը կարողանում է դիտողին փոխանցել իր պատկերավոր ասելիքը, քանի որ գեղանկարների նրա անհատական ցուցահանդեսն այցելուներին զարմացնում և հիացնում է գեղեցիկը զգալու, գեղեցիկի ընկալման իր մոտեցումներով: 
Ռուզան Պեպանյան

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր