Տեսանյութ.Լարված իրավիճակ Երեւան-Սեւան մայրուղում. ճանապարհը փակ է          Եվրոպան վերջնարդյունքում հայերին «մի ծխելու սիգարետ տվեց» ու մի փոքրիկ դրամաշնորհ, իսկ Ալիևը հասնում է այն ամենին, ինչ ցանկանում է ներկան հաղթել է և արդեն 2030 թ-ի մասին է մտածում.       Հայտնի թուրք սեյսմոլոգը նախազգուշացրել է՝ Թուրքիայում ուժգին երկրաշարժ, ցունամի կլինի    

19 հոկ 2017 22:42

Ընտանեկանից մինչև քաղաքական բռնություն

Զարմանալի բան` պետության համար ամենակարեւոր հարցերը, համենայնդեպս` ըստ որոշ լրատվամիջոցների, վարչապետ-նախագահ մրցակցության հարթույթում կարելի է դիտարկել, եւ միայն: Կամ` ռուս-ամերիկյան մրցակցությունում: Կամ` ռուսամետների եւ արեւմտամետների բախման: Եւ այդպես շարունակ:
 
Մենք էլ բազմիցս գրել ենք` ուզած հարցի արհեստական կամ բնածին լինելը կապ ունի այն բանի հետ, թե ինչ տեղեկատվական հոսքից է սնվում լրատվամիջոցը: Այնպես որ հայտնի լրատվամիջոցներին հետեւելով (ի դեպ` նրանք այժմ ավելի ծանրակշիռ քաղաքական գործոն են, քան բուն քաղաքական շրջանակները)` հանգիստ կարելի է ասել, թե ո՞ր քամին որտեղի՞ց եւ ո՞ր ուղղությամբ է փչում: Այս վերստին անդրադարձի առիթը Հայաստան-ԵՄ համաձայնագրի, «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրինագծի, ինչպես նաեւ Արցախյան հիմնախնդրի հերթական արարի շուրջ վերջին, կարելի է ասել անգամ` տեղեկատվական զարգացումներն են, անգամ դրանց միջեւ առկա ակնհայտ կապը, քանի որ այլ զարգացում առայժմ հնարավոր չէ անգամ խոշորացույցով գտնել...
 
Սկսենք «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» նախագծի` սկսված թեժ քննարկումներից, որի վերաբերյալ լսումներ էր կազմակերպել ԱԺ եվրոինտեգրման հանձնաժողովը: Այդ լսումներին հետեւել ենք օնլայն, ու միգուցե դա էլ նշանակություն ունի` նկատելու այն, ինչ կարծես նկատելի չէր դեպքի վայրում:
 
Ընտանեկան բռնության մասին նախագծի խորհրդարանական լսումների ընթացքում ակամա ստեղծված սեւ-սպիտակ ձեւաչափը, որտեղ քննարկմանը մասնակցում էին ե՛ւ եկեղեցու, ե՛ւ մամուլի հայտնի շրջանակները, ե՛ւ ամենաբարձրաստիճան մարդկանց «անձնական» ներկայացուցիչները, ե՛ւ զարմանազան այլ պերսոններ, ստիպում է մեզ մտածել, որ նախագիծը, ըստ այդմ էլ` նրա քննարկումը, ոչ թե որպես այդպիսին սոսկ օրենք ընդունելու նախաձեռնություն է, այլ ավելի խորքային դիրիժորների` տարբեր նպատակների ու կիրառության համար ստեղծված գործիք, որի ենթատեքստը առաջին հայացքից կարող է նաեւ ֆանտաստիկ թվալ: Այս պահին անհաշտ երկու տեսակետների` քարթու ազգային-պահպանողականների եւ եվրոպամետների, անգամ կարելի է պարզունակացնել` ռուսամետների եւ եվրոպամետների բախումը ո՞ւմ է հարկավոր եղել, որ այս նախագիծն այս պահին բերել են հրապարակ, ո՞ւմ է պետք եղել աշխարհի ղեկավարմանը մասնակցող կենտրոններին ինչ-որ բան հասկացնել:
 
Հետեւություն անել, թե սա պրիմիտիվ`ընտանիքը ավանդականի շրջանակում տեսնել ցանկացողների եւ բարքերն ազատականացնելու կողմնակիցների բախում է, ուղղակի նշանակում է նայել ծառերին, ու չտեսնել նրանց հետեւի անտառը, ընդ որում` նկատի չունենք խորհրդարանական մակարդակը, այլ մեր կյանքի մի քանի նախագծողների հեռահար գծագրերը:
 
Միգուցե մի կողմից եվրոպաներին է հասկացվում, որ շատ հարցերում մեր հասարակության մեջ կոշտ դիրքորոշումներ կան, այնպես որ` լավ կանեք ԵՄ-Հայաստան համաձայնագրի ստորագրումն առայժմ հետաձգեք, տեսեք` մի ընտանեկան բռնության կանխարգելման օրենք ինչպիսի դիմադրության է հանդիպում (սա ` ուղղակի որպես պրիմիտիվ հիմնավորում` համաձայնագրի չստորագրելու հրահանգներին տրվելը չմատնելու տարբերակով): Մյուս կողմից` միգուցե մի այլ կողմին ամեն կերպ դուր գալու առիթի ստեղծում է, թե տեսեք, մենք ամեն ինչ անում ենք` վիժեցնելու համար եվրոպացիների հրամայականները... Ի դեպ` մի քանի օրից Ռուսաստանի վարչապետը կժամանանի Հայաստան. զանազան վերլուծություններով խառնշտելու սիրահար լրատվամիջոցները շատ հանգիստ կարող են իրենց զարմանազան ենթադրությունների թեմայով, այդ թվում` ԵՄ-ի հետ համաձայնագիր ստորագրելու Հայաստանի մտադրության մասին տեսակետ հարցնել հենց նրանի՛ց, տեղեկատվական ձեռնածություններ հորինելու փոխարեն:
 
Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրումն ինքնին վտանգ չի ներկայացնում Հայաստանի համար, այլ զարգացման նոր պատուհան է բացում: Բայց դա ստորագրողին է, հա՞, վտանգ ներկայանալու ապագայում, ըստ որոշակի խոսափողների, չմնա՛լ իշխանության ղեկին, գոնե ռուսամետների հայացքով: Նայեք միայն սոցիալական ցանցերը` վճարովի-անվճար, այնպես են մի հարձակվել միմյանց վրա, այնպես է ամեն մեկն իր տեսակետները պաշտպանում- դիմացինին ոչնչացնում, ասես հայ- թուրքական սահմանն է պաշտպանում: Էքստազի մեջ նրանք չեն նկատում իրենց շահագրգռությունների մերկացումը: Խորանում ես, ուզում ես արձագանքել (քանի որ ինքս էլ օրենքի նախագծում բազմաթիվ երկիմաստ դրույթներ եմ գտնում), նկատում ես, որ քո ազնիվ մղումն անմիջապես օգտագործվում է, այն էլ հայտնի «մետ»- երի կողմից: Այ քեզ բան, կլինի՞, որ հայերս ձեւավորենք երրորդ գիծ` ո՛չ ռուսամետների, ո՛չ արեւմտամետների կամ եվրոպամետների, այլ հայամետների՛, հայաստանամետների՛, ու սա ամենայն անկեղծությամբ եմ ասում: Այս դեպքում կլինեն նրանք, ովքեր դիմակավորված կամ թաքնված նպատակներով կամ շահադիտական շարժառիթներով չեն պաշտպանի այս կամ այն տեսակետը, այլ իսկապես երկրի, ազգի եւ պետության շահին ի տրիտուր, իսկապես ապագա ունենալու մտահոգությամբ: Հոգնեցինք «մետ»-երից, նրանց անամոթությունից, նրանց` կերածն արդարացնելու ամենաջանքերից:
 
Գումարած, որ եթե օրենքն այս պահին քննարկումների դնելու ու ապագա միակ ղեկավարը այդպիսով լինելու` ինչ -որ կողմին համոզելու երակն էլ է բաց եղել, ապա` ամոթ մեզ:
 
Վերադառնալով նախագծին` ամենահասարակ արգումենտը կբերենք. Ընդհանրապես ի՞նչ կարիք կա բռնությունները բաժանելու ընտանեկանի ու ոչ ընտանեկանի, արդյոք Հայաստանի օրենսդրությամբ բռնության բոլոր ձեւերը չե՞ն քրեականացված, ինչ տարբերություն ընտանեկան է (ի դեպ` սա սխալ բնորոշում է, «կանացի վարսավիրանոց» հայտնի օրինակի անալոգով, քանի որ բռնությունն ընտանիքում չի կարել բնորոշվել «ընտանեկան բռնություն» սխալ կապակցությամբ), թե արտաընտանեկան: Հիմա ինչ անենք, վերցնենք ու սկսենք աշխատանքային, ծառայողական, սոցիալական ու զանազան այլ բռնությունների վերաբերյալ օրենսգրքեր բերե՞լ խորհրդարան, սա ի՞նչ տունտունիկ է: Անգամ առողջապահական բռնության կանխարգելման օրինագիծ կարելի է ստեղծել այս նախադեպով. ասենք` հիմա ախտորոշման կենտրոններ մտած հիվանդների մի զգալի մասին աչքաչափով ախտորոշում են` չարորա՛կ, բիոպսիա են անում, ու, հայդե, վիրահատության, կես միլիոնը առողջապահական հիմնարկին նվեր, իսկ թե հետո չարորակը չի հաստատվում, ու հաստատ հիվանդն այդ ողջ ընթացքում ենթարկվում է առողջապահական բռնության` դե մաֆիա է, հիմա ինչ անենք, ուրեմն առողջապահական բռնությունը կանխարգելող օրենք մոգոնե՞նք, թե՞ Եվրոպայի «վեջը» չէ Հայաստանի առողջապահական բռնությունը, նրան մեր երեխանե՛րն են պետք:
 
Իսկ եթե մանրամասն մտածված, քաղաքական հեռահար նպատակներն ու պահը զուգորդելու շարժառիթով է հենց հասարակությունը հարկավոր պահին ինչ-որ մեծ խաղի մասնակիցը դարձվում այս նախագծի սերիալային քննարկմամբ, դե, կներեք, էլի, շատ պրիմիտիվ եք, պարոնայք, միշտ էլ կգտնվեն դա ըմբռնող մարդիկ:
 
Միգուցե ավելի կոմպրոմիսային տարբերակն ընդհանրապես այս օրենքը չընդունելն է, այլ նրա անհրաժեշտ, միգուցե օրենսդրությունից բացակայող որոշ դրույթներ մեր օրենսդրության տարբեր ճյուղերում ներմուծելը, Եվրոպային էլ բացատրելը, թե որոշ, հայերիս համար խորթ պահանջներից արժե հրաժարվել, մենք հո մեր ավանդական ընտանիքը չե՞նք պարտադրում, ասենք, Շվեդիային: Այլապես, ինչպես իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանն է ծիծաղելի համարում օրենքը ծնողներից երեխաների խլելուն նպաստելու տեսակետը, քանի որ Ընտանեկան օրենսգիրքն արդեն երեխայի հանդեպ բռնության տարբեր ձեւերի դեպքում խնամակալների եւ հոգաբարձուների հանձաժողովին լիազորել է երեխային մեկուսացնելու իրավասություններով` սա հենց ցույց է տալիս այսպիսի օրենք ընդունելու մի շարք շրջանակների շահագրգռությունը: Է, եթե օրենսդրությամբ կարգավորված է, ի՞նչ կարիք կա խնձոր նկարել ու տակը տեղեկացնել, որ սա խնձոր է:
 
Նույն կերպ անհասկանալի են մի ամսից ստորագրվելիք «Հայաստան-ԵՄ ընդլայնված եւ համապարփակ գործընկերության» համաձայնագրի` հնարավոր հետաձգման կամ չստորագրման արտահոսքերը: Եթե նայեք` ո՞ր լրատվամիջոցներն են անում այդ արտահոսքերը, շատ հանգիստ կհասկանաք նաեւ, թե ինչո՞ւ, ի՞նչ նպատակով: Կհասկանաք, թե ո՞վ է տեր կանգնելու եվրոպական «հաղթանակին», եթե այն տեղի ունենա, ո՞ւմ են վերագրում նրա դեմ աշխատելը եւ այլն:
 
Վերադառնում եմ ավելի վերեւում արտահայտած տեսակետին` Հայաստանն աշխարհի նման երկբեւեռ է դարձել, իսկ մեր տնտեսությունն ու հանրային կյանքը այդ երկու բեւեռների գերին են, մեզ պետք է երրորդ եւ միա՛կ բեւեռ` զուտ հայկական, հայկականամետ, ոչ մեկի առաջ չճկվող, մեր խնդիրները հետեւողականորեն գերադրող: Հաճելի չէ, հակաբնական է, որ երկրի կարեւոր, ճակատագրական փաստաթղթերին, դրանց կայացմանն ու իրականացմանը հակադրում են երկրի առանցքային ղեկավարներից մեկին, իսկ մյուսին համադրում են դրանց իրականացմանը, դա աննորմալ է: Ստրկամտության հայեցակարգերից պետք է ազատագրվել: Իսկ ԵՄ-Հայաստան համաձայնագիրը, այո, ոչ մի շանս չպիտի ունենա չստորագրվելու, կամ հետաձգվելու, քանի որ, հայ-ռուսական, հայ-ամերիկյան համագործակցության փաստաթղթերի նման, սա ուղղակի հերթական հայանպաստ, զարգացման տանող նախագծերից մեկն է: Իսկ ովքեր դա դիտում են եկող տարվա քաղաքական գործընթացների համատեքստում, ներեցեք, նրանք մեր երկրին միայն վնաս են հասցնում: Մանավանդ որ Արցախի վերաբերյալ համաձայնագրի անդրադարձում բարենպաստ ձեւակերպում կա, ուր խնդիրը տարածքային ամբողջականության սկզբունքից դիտարկելու զուգահեռ` չի անտեսվում ազգերի ինքնորոշման իրավունքին համադրելու սկզբունքը:
 
Իսկ ամենից ավելի այս օրերին շուռումուռ տրվեցին, հասկանալի է` նայած շուռումուռ տվողի նախասիրությունների, Սարգսյան-Ալիեւ ժնեւյան հանդիպումը եւ դրան նախորդած զարգացումները: Երբ դա անում են միջազգային շրջանակները, դա հասկանալի է, նրանք տարբեր երկրներ ու շահեր են ներկայացնում, իսկ երբ դա արվում է մեր երկրի ներսում` քաղաքական դիվիդենտներ շահելու համար, սա անընդունելի է. էս մի հարցում էլ զերծ մնացեք քաղաքական հեռանկարը սնելու գայթակղությունից:
 
Ասենք` երբ Մինսկի խմբի նախկին համանախագահ Քերի Կավանոն, տարածաշրջան բերված ահռելի զենքի առկայությամբ, ավելի բարդ իրավիճակ է կանխատեսում հարցի հետագա ընթացքի համար, լրիվ հասկանալի է, նրա երկրի սրված տարածաշրջանային հետաքրքրությունները չեն թողնում նրան այլ բան կանխատեսել, բացի դրամատիկ քաղաքական փոփոխություններից: Երբ էլի նախկին համանախագահ Ջեմս Ուորլիքը Արցախի հարցի հետ կապված Մոսկվայի հետ համագործակցելու մասին է հիշում, էլի հասկանալի է, սա դիվանգիտություն է, որտեղ ասվածը մեծ հաշվով կարող է նաեւ տրամագծորեն հակառակ գործնական դրսեւորումներ ունենալ: Բայց երբ մեր երկրի ներսի շրջանակները, գիտենալով փաստերն, այնուամենայնիվ դրանք հարմարեցնում են ապագա վարչապետ այս կամ այն անձին տեսնելու խնդրին, ու հաճախ ծիծաղելի եզրահանգումների գալիս, սա արդեն վերջն է:
 
Չնայած մինչեւ Ժնեւյան հանդիպումը` Հայաստանի նախագահի կոշտ հայտարարություններին, որոնք հնչել են ի պատասխան ալիեւյան անհեթեթություններին, Հայաստանի նախագահը մասնակցե՛ց այդ հանդիպմանը: Մենք չմասնակցելու առիթ չունենք, թող Ալիեւը չմասնակցի, նա է , չէ՞, անվերջ լարվածություն ստեղծում սահմանին եւ հարժարվում վստահության մեխանիզմի լայնամասշտաբ ներդրումից: Որ ասվել է, թե հանդիպմանը որեւէ պայմանավորվածություն չի եղել` լարվածությունը թուլացնելու մասին են պայմանավորվել ընդամենը, Արցախն էլ չի կարող Ադրբեջանի մաս լինել, էլ ինչո՞ւ կասկածներով լցնել տեղեկատվական հայկական տարածքը, կամ խնդիրը դիտարկել ապագա իշխանությունը կրել-չկրելու տեսանկյունից: Միգուցե մի անգամ, իրոք, արժե որեւէ այսպիսի հանդիպման բոլոր մանրամասները ներկայացնել հայ հանրությանը, որպեսզի լրատվամիջոցներով այս թեման եւս անձնակռվի չվերածեն տարբեր բեւեռներից ուղղորդվողները, դիվանագիտական հաղթանակի կամ դիվանագիտական պարտության մշտական սխեման մեջտեղ չգցեն` այս մի թեման այս առումով հանգիստ թողնեն: Հերթական հանդիպում էր Ժնեւում չորս օր առաջ` Արցախյան հարցի մեծ իմիտացիայի համատեքստում, ու վերջ: Թե չէ` էլ ինչ ասես վերլուծեցին այս առիթով, քաղաքականացրին` ով ոնց կարող էր, քաղաքական բռնության մասին օրինագծի ստեղծման վերաբերյալ մտմտացող էլ գուցե մինչեւ եկող տարվա իշխանափոխանցումը գտնվի:

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր