Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը          Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք       Մարտի 29-ին երկար ժամանակով լույս չի լինի բազմաթիվ հասցեներում    

09 մար 2018 19:10

Ո՞ւմ է ավելի շատ սպառնում խելագարվելու վտանգը

 Ո՞ւմ է ավելի շատ սպառնում խելագարվելու վտանգը
Աշխարհի վեց երկրերում անցկացված միջազգային հետազոտությունների հիման վրա գիտնականները առանձնացրել են լուրջ հոգեկան խանգարումների զարգացման բարձր ռիսկայնության խմբի մարդկանց։
Պարզվել է, որ երիտասարդ տղամարդիկ (մինչեւ 24 տարեկան), էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչները, նաեւ մարդիկ, որոնք ապրում են սոցիալական ու տնտեսական անբարենպաստ շրջաններում, ավելի մեծ հավանականությամբ են բախվում մեկ կամ մի քանի ծանր հոգեկան խանգարումների դրսեւորումների, այդ թվում՝ շիզոֆրենիայի, երկբեւեռ աֆեկտային խանգարման ու հոգեկան ախտանշաններով դեպրեսիայի, ինչպիսիք են հալյուցինացիաները, ցնորքն ու կոգնիտիվ ապակազմակերպվածությունը։ Նման եզրակացության են հանգել այն հետազոտությունները, որոնք անցկացրել էր միջազգային կոնսորցիումը, որը գնահատել է առաջին հոգեկան դրվագի հաճախությունը հինգ եվրոպական երկրներում՝ Անգլիայում, Ֆրանսիայում, Իտալիայում, Նիդերլանդներում ու Իսպանիայում, նաեւ Բրազիլիայում։
Նախ նրանք հայտնաբերել են 2774 մարդու, որոնց մոտ փսիխոզի առաջին դրվագի կասկած կար։ Նրանք դիմել էին հոգեբույժի օգնությանը այն շրջաններում, որտեղ անցկացվում էր հետազոտությունը։ Նրանցից 1578-ը տղամարդիկ էին, իսկ 1196-ը՝ կանայք։ Նրանց միջին տարիքը կազմում էր 30 տարեկան։ Տվյալների վերլուծությունը հետազոտված շրջաններում ցույց է տվել ութապատիկ տարբերություն փսիխոզի առաջին դրվագի հաճախության ցուցանիշներում։ Եվ այսպես՝ Իսպանիայի Սանտյագոյում 100 000 բնակչին բաժին էր ընկնում տարեկան 6 նոր դեպքի բացահայտում, Փարիզում՝ 46 դեպք, իսկ Բրազիլիայի Ռիբեյրան-Պրետուում՝ 21 դեպք։
«Հետազոտությունը հաստատել է, որ փսիխոզի առաջին դրվագի հաճախությունը տատանվում է ըստ խոշոր քաղաքների ու գյուղական տեղանքների, նաեւ ցույց է տվել, որ շրջակա միջավայրի գործոնները, ըստ երեւույթին, վճռորոշ դեր են կատարում այդ տարբերություններում։ Մինչեւ քսաներորդ դարի վերջը հոգեկան խանգարումների էթիոլոգիան համարվում էր հիմնականում գենետիկ, բայց մեր հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ միջավայրի գործոնները նույնպես չափազանց կարեւոր են»,- պատմել է Սան Պաուլուի համալսարանի կանխարգելիչ բժշկության ամբիոնի պրոֆեսոր Պաուլո Ռոսսի Մենեզեսը։
Հետազոտությունը նաեւ ցույց է տվել, որ փսիխոզի առաջին դրվագի հաճախությունը ավելի բարձր էր 18-24 տարեկան տղամարդկանց շրջանում, քան նույն տարիքային խմբի կանանց շրջանում։ Այս հայտնագործությունը հաստատում է ավելի վաղ հրապարակված տվյալները։ Բայց մինչեւ 35 տարեկան տղամարդկանց ու կանանց ցուցանիշներն աստիճանաբար հավասարվում են։ Ընդ որում՝ 45-54 տարեկան կանանց շրջանում փսիխոզի առաջին դրվագի դրսեւորման հավանականությունը մի փոքր ավելի բարձր է, քան այդ նույն տարիքային խմբի տղամարդկանց մոտ։
«Մենք հաստատ չգիտենք, թե որն է սեռերի ու տարիքային խմբերի միջեւ այս տարբերությունների պատճառը, բայց դրանք կարող են կապակցված լինել գլխուղեղի հասունացման պրոցեսի հետ՝ ուղեղը հասունանում է 20-25 տարեկանում, ու այդ տարիքում տղամարդիկ, ըստ երեւույթին, ավելի խոցելի են հոգեկան խանգարումների հանդեպ, քան կանայք»,- նշել է Պաուլո Մենեզեսը։
Հետազոտողները նաեւ հայտնաբերել են, որ փսիխոզի առաջին դրվագի հաճախությունը բարձր է էթնիկ փոքրամասնությունների, նաեւ ոչ բարեկեցիկ շրջանների բնակիչների շրջանում։ Ընդ որում՝ տրավմատիկ մանկական ապրումները կամ դեռահասության տարիքում ծխելը, պարզվում է, նույնպես հոգեկան խանգարումների ռիսկը բարձրացնող գործոններ են։
«Սա վկայում է այն մասին, որ սոցիալ-տնտեսական պայմանները ու շրջակա միջավայրը, որում ապրում են մարդիկ, կարեւոր դեր են կատարում հոգեկան խանգարումների էթիոլոգիայում։ Հիմա մենք պետք է ավելի լավ հասկանանք այն մեխանիզմները, որոնք պայմանավորում են տարբերությունները բնակչության խմբերի միջեւ։ Եթե մենք կարողանանք բացահայտել այդ հոգեկան խանգարումների զարգացման ռիսկի գործոնները ավելի խոցելի խմբերում, ապա կկարողանանք միջամտել, որպեսզի նվազեցնենք հիվանդացությունը»,- ամփոփել է Մենեզեսը։
Հետազոտությունը իրականացվել է վեց երկրների 17 քաղաքային ու գյուղական շրջաններում ՝ 2010-2015 թվականներին։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են JAMA Psychiatry ամսագրում։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր