Տեսանյութ.Փարիզում տղամարդը ներխուժել է Իրանի հյուպատոսության շենք և սպառնացել պայթեցնել իրեն. տղամարդուն ձերբակալել են          Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը       Կապանում ահասարսուռ սպանության դեպք է բացահայտվել.սպանելուց հետո այրել է դիակը, հետո թաղել    

25 մայիս 2018 16:00

Քննություն Հայաստանի և ռուսաստանահայ օլիգարխիայի համար

Քննություն Հայաստանի և ռուսաստանահայ օլիգարխիայի համար
1in.am գրում է, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամը Հայաստանի իշխանության նկատմամբ սփյուռքահայության վստահության ցուցիչն է՝ մայիսի 25-ին Երևանում մեկնարկած հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Դժվար է չհամաձայնել այդ դիտարկմանը, եթե անգամ «Հայաստան» համահայկական հիմնադրամը ուղիղ առնչություն չունի իշխանությանը: Միևնույն է՝ նախ հենց իշխանությունն է ձևավորում հոգաբարձուների խորհրդի ղեկավար կազմը, և հետո՝ իշխանությունն է առաջնային պատասխանատուն թե՛ մթնոլորտի, թե՛ ծրագրերի արդյունավետության համար, որոնք էլ իրենց հերթին բերում են հանրության վերաբերմունքի ձևավորման:
Այդ տեսանկյունից «Հայաստան» համահայկական հիմնադրամի հանգանակությունների դինամիկան լիովին արտացոլել է իշխանության հանդեպ թե՛ Հայաստանի, թե՛ սփյուռքահայության վստահության աստիճանը կամ՝ պարզապես վստահության գրեթե բացակայությունը: Վերջին տարիներին հատկապես հիմնադրամի հանգանակությունների մեծ մասը բաժին էր ընկնում հայաստանյան և ռուսաստանահայ օլիգարխիային՝ այդպիսով արտացոլելով ներհայաստանյան հարթությունում տեղի ունեցող ներքաղաքական գործընթացների դինամիկան:
Եվ ներկայումս Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունների առումով իրավիճակը իսկապես ուշագրավ է նաև «Հայաստան» հիմնադրամի մասով: Հիմնադրամի տարեկան հանգանակությունը կատարվում է աշնանը՝ նոյեմբերին, հեռախոսամարաթոնի և հետո հեռուստամարաթոնի միջոցով:
Ինչպիսի վիճակում կամ հանգրվանում կլինի Հայաստանի թավշյա հեղափոխությունը նոյեմբերին՝ դժվար է ասել, սակայն ներկայումս աներկբա է, որ այն վերելքի վրա է, և համահայկական այդ վերելքը անխուսափելիորեն կարտացոլվի նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի վրա կամ առնվազն պետք է արտացոլվի, քանի որ այդ հիմնադրամը ունի հույժ կարևոր նշանակություն բոլոր առումներով՝ ընդհուպ աշխարհաքաղաքական:
Այս տեսանկյունից շատ կարևոր է, օրինակ, թե հիմնադրամի հանդեպ իրեն ինչպես կպահի Հայաստանի և ռուսաստանահայ օլիգարխիայի, այսպես ասած, ծանր հրետանին, որ վերջին տարիներին ինչ-ինչ պատճառներով իր վրա էր վերցրել հանգանակությունների «վիճակագրական դեմքը փրկելու» գործը: Նոր իրավիճակում թե՛ հայաստանյան, թե՛ ռոսաստանահայ օլիգարխիայի համար ըստ էության քննություն է, և նրանց վարքագծից պարզ կլինի՝ նրանք հիմնադրամին նվիրատվություններն արել են բացառապես սեփական տնտեսաքաղաքական կամ կլանային տնտեսաքաղաքական շահերի՞ց ելնելով, թե՞ իրապես հայրենասիրությունից, Հայաստանին օգնելու անկեղծ մղումից ու պատրաստակամությունից դրդված: Եթե նրանք շարունակեն հանգանակությունը նույն տեմպով, ինչ վերջին տարիներին, ապա դրանով իհարկե գերազանց կհանձնեն քննությունը՝ ցույց տալով, որ, այդուհանդերձ, հայրենիքի և պետության շահը ավելի բարձր է, և հայրենասիրությունը պայմանավորված չէ հայրենիքում իշխանություն ունենալու հանգամանքով, ուղիղ համեմատական չէ դրան:
Մյուս կողմից, սակայն, անկասկած է, որ հիմնադրամի հանգանակության, համահայկական նշանակության հարցում իր վերաբերմունքը պետք է փոխի պարզապես շարքային սփյուռքահայը, որը նախկինում ասոցացնելով այն իշխանության հետ՝ զգալիորեն արդարացի կերպով չէր վստահում հիմնադրամին:
Այժմ պատկերը այլ է, և թավշյա հեղափոխության օրերին պաթետիկ, հնչեղ, աղմկոտ, բայց գերազանցապես դեկլարատիվ աջակցությունը, որն իհարկե իր հերթին կարևոր էր, այսօր, սակայն, ունի առարկայանալու կարիք, և հիմնադրամի հանգանակությանն ակտիվ մասնակցությունն այն է, ինչ կնյութականացնի, կառարկայացնի, կկապիտալացնի այդ աջակցությունը բառի բուն իմաստով: Իհարկե դա ամենևին չի նշանակում, որ աջակցությունը պետք է սահմանափակվի դրանով: Եվ գլխավորը՝ դա չի նշանակում, որ Հայաստանի իշխանությունն էլ Սփյուռքից պետք է ունենա միայն դրա ակնկալիքն ու տրամադրի միայն հաշվեհամարներ:
Հայաստանի իշխանությունը պետք է ապահովի Հայաստանի կյանքում սփյուռքահայության նաև մտավոր ներուժի, քաղաքակրթական բազմազան ներուժի ներգրավման խողովակներ ու հարթակներ, պարզապես դա, իհարկե, տևական աշխատանք պահանջող պրոցես է: Մյուս կողմից, սակայն, «Հայաստան» հիմնադրամի մասով էլ, հավեհամարներից բացի, Հայաստանի նոր իշխանությունը պետք է առաջարկի թերևս նոր համահայկական գաղափարներ ու նպատակներ՝ իհարկե առանցքում ունենալով հայկական պետականությունը:
Սփյուռքահայությանը պետք է վարակել ոչ միայն նոր իրավիճակով, այլ նաև դրա գաղափարական թարմությամբ և կոնկրետ առաջարկներով՝ մեծացնելով համահայկական հիմնադրամի գործառութային նշանակությունը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր