«Ժողովուրդ». Մանվել Գրիգորյանից նեղացածներն ակտիվացել են. նրանք կդատապարտեն Գրիգորյանի արարքներն ու ինքնալուծարման կգնան

Մասնավորապես՝ երեկ «Ազատամարտիկների դաշինք»-ի անդամները հանդիպում էին կազմակերպել ազատամարտիկների միությունների մի քանի ղեկավարների հետ և որոշում կայացրել ԵԿՄ-ն իրենց վերահսկողության տակ վերցնել, քանի որ ԵԿՄ ղեկավար կազմն ընդհատակ է անցել: ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը, Արշալույս Փայտյանը և էլի շատերը ԵԿՄ տարածքային կառույցների անդամների հետ պայմանավորվածություն են ձեռք բերել, որ վերջիններս պետք է դատապարտեն Գրիգորյանի արարքներն ու ինքնալուծարման գնան, որպեսզի լինի ԵԿՄ արտահերթ համագումար, նոր ղեկավար կազմ ընտրվի:
Գագիկ Մելքոնյանի համոզմամբ՝ ԵԿՄ-ն նախագահ չպետք է ունենա, կոլեգիալ պետք է որոշումները կայացվեն: Ի՞նչ է մտածում այս ամենի մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը. այս հարցով «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց վարչապետի խոսնակ Արման Եղոյանին, որն էլ ասաց. «ԵԿՄ-ն հասարակական կազմակերպություն է և պետք է գործի օրենքով սահմանված կարգով այնպես, ինչպես մյուս բոլոր հասարակական կազմակերպությունները»: Այսքանից հետո արձանագրենք մեկ կարևոր փաստ. ԵԿՄ-ն այսուհետ պետք է դադարի լինել պետության ու բանակի միակ հենարանը, պետք է դադարի քաղաքական գործընթացների վրա ունենալ ճնշող ազդեցություն, ինչ եղել է մինչև հիմա, պետք է դադարի լինել կիսառազմականացված կառույց, և համապատասխան խնդիրները պետք է դրվեն պետության ուսերին: Իսկ ԵԿՄ-ն մի հասարակական կազմակերպություն է, ինչպիսիք կան մեր երկրում տասնյակներով՝ տարբեր ազատամարտիկների կողմից ստեղծված: Ի դեպ, սա նոր Հայաստանի ղեկավարության հրամայականներից է»:
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում