ՀՀԿ-ն հրաժարվեց Սերժ Սարգսյանից. ահա թե ինչու Սարգսյանը ՀՀԿ-ի հետ չէր կիսում իր պլանները
Մանվել Գրիգորյանի գործն ու դրա հանդեպ ՀՀԿ դիրքորոշումը հետաքրքիր կերպով ցույց տվեցին, թե ինչու Սերժ Սարգսյանն այդպես էլ տասը տարի նախագահության ընթացքում որևէ քաղաքական պլան չվստահեց ՀՀԿ-ին մինչև վերջին պահը: Սարգսյանը ամենից լավ գիտեր, որ այդ պլանը ՀՀԿ-ն «վաճառքի» կհաներ առաջին իսկ հարմար «առաջարկի» դեպքում: Այդ իսկ պատճառով Սարգսյանը իր նախագահության ամբողջ ընթացքում ՀՀԿ-ի հետ չէր կիսում իր պլանները՝ մինչև դրանց իրականացման պահը, ինչն էլ բազմաթիվ անգամներ դրսևորվում էր նրանով, որ մինչև վերջին պահը ՀՀԿ-ն մի բան էր ասում, իսկ Սերժ Սարգսյանը անում էր այլ բան:
Բավական էր, որպեսզի գեներալ Մանվելը ընկներ, ու ՀՀԿ-ն անմիջապես հանձնեց նրան, բայց իհարկե ոչ թե պետության հանդեպ նրա քայլերից վրդովված, այլ պետության հանդեպ, այսպես ասած, սեփական քայլերի համար պատասխանատվությունից խուսանավելու, լղոզելու հույսով:
Խնդիրը տվյալ պարագայում, սակայն, ոչ թե Մանվել-ՀՀԿ, այլ ՀՀԿ-Սերժ Սարգսյան տիրույթում է: Հանրապետականն իրականում հանձնում է, «ձեռքերը լվանում» է ոչ թե Մանվել Գրիգորյանից, այլ Սերժ Սարգսյանից: Հանձնելով Գրիգորյանին, հայտարարելով, թե չգիտեին նրա արածների մասին՝ Հանրապետական կուսակցության տարբեր դերակատարներ անուղղակի հայտարարում են Սերժ Սարգսյանի արածներից անտեղյակ լինելու, այդ արածներից, այսպես ասած, հրաժարվելու մասին: Որովհետև նրանք բոլորը գիտեն, հասկանում են, որ գեներալ Մանվելը չէր կարող հենց այնպես «մեխն» էլ, «չագուճն» էլ տալ «վերջին բոլշևիկի» ձեռքը և ասել՝ ինչ ուզում ես արա, եթե ի պատասխան չէր ստացել «ինչ ուզել անելու» երաշխիքը կամ թույլտվությունը:
Ի վերջո, ՀՀԿ-ն էր լավագույնս տեսնում, որ 2016-ի ապրիլյան պատերազմից հետո գեներալ Մանվելն իր խմբավորումով Արցախից հետ չեկավ այնքան ժամանակ՝ չնայած արցախցիների բազմաթիվ բողոքներին և հեռանալու պահանջներին, մինչև որ նրան այնտեղից հետ չկանչեց Սերժ Սարգսյանը:
Ըստ այդմ, ՀՀԿ-ն այժմ Սերժ Սարգսյանից է «ավանսով» հրաժարվում, որովհետև գեներալ Մանվելից հրաժարվելը խոշոր հաշվով այլևս իմաստ չունի: Իսկ ահա Սերժ Սարգսյանի պարագայում ամեն ինչ դեռ առջևում է, քանի որ ստեղծված է իսկապես հետաքրքիր մի իրավիճակ:
Իրավապահները հայտարարում են, որ բացահայտումները դեռ նոր են միայն սկսվել: Նոր իշխանությունը հավաստիացնում է, որ չկա կաշկանդող ոչինչ, որ անհրաժեշտության, փաստերի և ապացույցների դեպքում քննությունն ու բացահայտումները հասնեն մինչև անգամ նախկին առաջին դեմքերին: Դե, իսկ եթե դրանք հասնեն ընդհուպ առաջին դեմքերին, ապա անկասկած է, որ «երկրորդական» դեմքերին հասնելը ուղղակի տեխնիկայի հարց է:
Դրա արդյունքում առաջանում է իրավիճակ, երբ «առաջին» ու «երկրորդական» դեմքերի մոտ ձևավորվում է շահերի բախում՝ այն իմաստով, որ քննության հետ գործակցելու ինքնապաշտպանական տրամաբանությամբ նրանք միմյանց կարող են դիտարկել այլևս որպես «զոհաբերվող»՝ հանուն «փրկության»:
Նյութի աղբյուր 1in.am