«168 ժամ».Ոչ մի լավ բան՝ բանակցային գործընթացի շուրջ.իրավիճակը բավականին լարված էլ կմնա
«Իրավիճակը բավականին լարված կարելի է որակել, քանի որ չկա գործընթաց, որը կթուլացնի լարվածությունը, ավելին՝ այն անընդհատ խորանում է»,- մեզ հետ զրույցում ասաց ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության գոտում տիրող իրավիճակին և բանակցային գործընթացին։
Հիշեցնենք, որ հունիսի 17֊23-ն ընկած ժամանակահատվածում արցախաադրբեջանական հակամարտ զորքերի սահմանում նկատվել է օպերատիվ իրադրության որոշակի փոփոխություն։ Բացի արդեն սովորական դարձած հրադադարի ռեժիմի խախտման դեպքերից, որի ընթացքում առաջնային գծի հյուսիս-արևեյյան և արևելյան հատվածներում կիրառվել է նաև ձեռքի հակատանկային նռնականետ (РПГ-7), հակառակորդը հունիսի 17-ի ժամը 21:45-ի սահմաններում Ակնայի ուղղությամբ դիմել է հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձի։ Ինպես տեղեկացնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը, ՊԲ առաջապահ անձնակազմի կողմից ձեռնարկված կանխարգելիչ գործողությունների արդյունքում 6 հոգուց բաղկացած ադրբեջանական հատուկջոկատայինների խումբը հետ է շպրտվել։
Շաբաթվա ընթացքում, բացի վերոնշյալից, շփման գծին հարակից մի շարք տարածքներում հակառակորդը շարունակել է իրականացնել սպառազինության և ռազմական տեխնիկայի ակտիվ տեղաշարժեր։ Արցախի զինված ուժերի առաջապահ ստորաբաժանումներն ու մարտավարահետախուզական ապահովման ծառայություններն աչալրջորեն վերահսկել և վերահսկում են առաջնային գծի ողջ երկայնքով ստեղծված օպերատիվ իրավիճակը և անհրաժեշտության դեպքում դիմում համապատասխան գործողությունների։
Ռուս քաղաքագետն ասաց, որ երկու հարթություններում էլ իրավիճակը լավատեսական հույսեր չի ներշնչում։ Հակամարտության գոտում, Տարասովի բնորոշմամբ, տեղեկատվական պատերազմը չի դադարում, որը մեծ լարվածություն և հակամարտության բռնկման վախ է ստեղծում, իսկ երկրորդ բաղադրիչում չկա բանակցային գործընթաց՝ վստահության մթնոլորտ, բանակցային պատրաստականություն, հրադադարի պահպանում, որոնք այս բանակցային գործընթացի անհրաժեշտ նախապայմաններն են։
Փորձագետի բնորոշմամբ, անհասկանալի է, թե ինչով են զբաղված համանախագահները, որոնք երկար դադարից հետո Հայաստանում ծանոթացան ՀՀ իշխանությունների հետ առանց էական արձանագրումների և արդյունքների։
«Ստեղծված իրավիճակում մի շարք լուրջ հարցեր կան։ Հեռակա և ուղղակի բանակցային գործընթացը փակ է հանրության համար, որից բխում են մյուս բոլոր խնդիրները։ Հայտարարվում է, որ պետք է հարգվեն Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի պայմանավորվածությունները, իսկ Բաքուն այլ բան է պնդում, ներկայումս այս պայմանավորվածությունների կատարման մասին խոսելն արդեն ծիծաղելի է դառնում։ Մնացականյանը Բրյուսելում այլ բան է խոսում, Մամեդյարովն Ադրբեջանում՝ մեկ այլ։ Չկան կոնկրետ թեմաներ և ընդհանրության կետեր բանակցությունների հետագայի համար, որը բանակցային գործընթացը փակուղի է մտցրել։ Միակ կոնկրետությունը վերջին շրջանում արել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններին Ստեփանակերտի մասնակցության վերաբերյալ, որն այս փուլում անհնար է, բայց ապագայում անհրաժեշտ նախապայման հակամարտության կարգավորման համար։ Իրավիճակը բավականին լարված կարելի է որակել, քանի որ չկա գործընթաց, որը կթուլացնի լարվածությունը, ավելին, այն անընդհատ խորանում է»,- նշեց Ստանիսլավ Տարասովը։
Ամբողջական՝ թերթի օրվա համարում