Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների          Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ    

10 հուլ 2018 17:40

ՀՀԿ-ն առաջարկում է ընտրողներին գրանցել միայն տեխնիկական սարքերի միջոցով

ՀՀԿ-ն առաջարկում է ընտրողներին գրանցել միայն տեխնիկական սարքերի միջոցովԱզգային ժողովում Ընտրական Օրենսգրքի փոփոխությունների շուրջ խորհրդարանական ուժերի քննարկումներն ավարտվեցին: Հուլիսի 4-ից 6-ն ընկած ժամանակահատվածում խորհրդարանական ՀՀԿ, ԵԼՔ, ԲՀԿ և ՀՅԴ խմբակցությունները ներկայացրեցին փոփոխությունների իրենց տարբերակները: Ընդդիմադիրի կերպարում հիմնականում ՀՀԿ-ի ներկայացուցիչներն էին:
Մասնավորապես, Հանրապետական կուսակցությունն առաջարկում է ընտրողներին գրանցել միայն տեխնիկական սարքերի միջոցով, քանի որ այդ սարքերը չիպ ընթերցելու հնարավորություն ունեն: ՀՀԿ ներկայացուցիչ, արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանի խոսքով՝ ID-ի քարտերի մասսայական կիրառումը բարձրացնելու է ընտրության որակը: Հղում անելով վարչապետի այն խոսքին, որ ընտրություննները կայանալու են մեկ տարվա ընթացքում, նա հայտարարեց, որ մեկ տարին բավական երկար ժամանակ է, որ ID քարտ չունեցողներին դրանք տրամադրեն:
ՀՀԿ-ն ցանկանում է, որ բացի ընտրողների գրանցումը, տեխնիկական սարքերով իրականացվի նաև քվեարկությունը: Դավիթ Հարությունյանի պնդմամբ՝ պատգամավորության թեկնածուները, որպես կանոն, քաղաքացիներին հոգեբանական ճնշման են ենթարկում՝ պարտադրելով ծալել քվեաթերթիկի մի անկյունը և հայտարարելով, թե հետո դա ստուգելու են: Հարությունյանի խոսքով, թեև դա հնարավոր չէ, բայց և շատ քաղաքացիներ հոգեբանական ճնշման տակ գնում են այդ քայլին:
Այժմ ՀՀԿ-ն առաջարկում է կիրառել թաչ-սքրին համակարգը: «Ընտրողը մոտենում է սենսոր սարքին, կուսակցության սիմվոլները կամ անունները կան, մատով կպչում է, բացվում է կուսակցության ցուցակը, մատով կպչում է, բացվում է համապատասխան թեկնածուի անունը, և տպվում է քվեաթերթիկը: Ապակու տակ անձը տեսնում է քվեաթերթիկը: Տեսնելով, որ քվեաթերթիկը արտացոլում է իր քվեարկությունը, սեղմում է կոճակը, քվեաթերթիկն ավտոմատ ընկնում է քվեատուփի մեջ: Լույսը մարում է և հաջորդ մտնողը չի կարող տեսնել, թե այնտեղ ինչ քվեաթերթիկ է գտնվում: Սարքը կա, աշխատում է, առաջարկում եմ այս ուղղությամբ մտածել՝ նաեւ ներգրավելով դոնորների»,- մեր զրույցում ասաց Դավիթ Հարությունյանը:
Նա նշեց, որ այն անձինք, ովքեր վատ տեսողություն ունեն, այս սարքի միջոցով քվեարկում են, սարքն ունի ականջակալներ, կամ ինքը մատով սեղմում է, հերթով թվարկում է և քվեարկում է: Նույնիսկ կաթվածահարները կարող են սարքի միջոցով ինքնուրույն քվեարկել:
Ի դեպ, անդրադառնալով հոգեբանական ճնշումներին, նշենք, որ քվեաթերթիկի անկյունը ծածելու ցուցումները 2017 թվականի ԱԺ ընտրությունների ժամանակ տալիս էին ՀՀԿ-ական պատգամավորները:
ՀՅԴ-ն էլ, ինչպես միշտ, առաջարկում է հրաժարվել ռեյտինգային-տարածքային ընտրակարգից և անցնել բաց ցուցակներով 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի: ՀՅԴ-ականների խոսքով՝ տարածքային ցուցակներով ընտրությունների դեպքում կարող է շատ ձայն ստացածը մանդատ չստանա, իսկ քիչ ձայն ստացածը՝ ստանա, որի ականատեսը եղել ենք անցած ընտրությունների ժամանակ:
«Փակ ցուցակներով ընտրությունը ևս համամասնական է, բայց ավելի պակաս ժողովրդավարական է, քանի որ ընտրողն ընտրում է միայն կուսակցությունը: Այսինքն, եթե կուսակցությունը ստացավ 10 մանդատ, կուսակցությունն է որոշում, թե հատկապես որ 10 հոգին են դառնալու պատգամավոր: Բաց ցանկերի դեպքում ընտրողին հնարավորություն է տրվում ոչ միայն ընտրել կուսակցությունը, այլև նաև որոշել, թե հատկապես ում է ուզում, որ մանդատ ստանա այդ կուսակցությունից: Սա ժողովրդավարություն է ապահովում նաև կուսակցությունների մեջ»,- ասաց Արմեն Ռուստամյանը:
Քննարկման ժամանակ ՀՀԿ ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը հարց ուղղեց, թե այդ ընտրակարգի դեպքում ինչպես կարելի է խուսափել նրանից, որ բոլոր ընտրվողները լինեն Երևանից: Արմեն Ռուստամյանը պատասխանեց, որ բաց ցուցակների դեպքում ժողովուրդն է որոշում, թե ով անցնի ԱԺ. եթե որոշել է, որ դրանք պետք է երևանցիներ լինեն, ուրեմն խնդիր չկա:
ՀՅԴ-ն առաջարկում է նաև ստեղծել ընտրական մասնագիտացված հանձնաժողովների համակարգ՝ ընտրությունների համար կոնկրետ հասցեական պատասխանատվություն սահմանելու նպատակով։ Ինչպես նաև ընտրություններին մասնակցող կուսակցություններին կամ կուսակցությունների դաշինքներին, վստահված անձանց միջոցով լիազորություն տալ լիարժեք հսկողություն իրականացնելու տեղամասային ընտրական հանձնաժողովների նկատմամբ:
Դաշնակցությունն առաջարկում է ընտրությունները վերահսկել կուսակցությունների միջոցով ձևավորված հանձնաժողովներով: Այդ պարագայում այնպես է արվում, որ իշխանությունն ու ընդդիմությունն ունենան իրար հակակշռելու հնարավորություններ՝ հավասար քվոտաներով: Նրանց մեկ այլ առաջարկությամբ էլ պետությունը պետք է մասնագիտացված հանձնաժողովներ ստեղծելու պատասխանատվություն վերցնի:
Դաշնակցությունն ուզում է կուսակցություններին կամ կուսակցությունների դաշինքներին տրվող մանդատների առավելագույն 2/3 շեմը նվազեցնել մինչև մանդատների ընդհանուր թվի 3/5-ը։ Գործող օրենսգրքով որևէ ուժ խորհրդարանում չի կարող 2/3-ից ավելի մանդատներ ունենալ, քանի որ ընդդիմությունը պետք է առնվազն 1/3 տեղ ունենա:
ՀՅԴ-ական Արմեն Ռուստամյանը ԸՕ-ի իրենց տարբերակն առաջարկելիս նշեց, որ մեկ քաղաքական ուժը խորհրդարանում չպետք է 60 տոկոսից ավելի տեղ ունենա, որովհետև 2/3-ը այդ ուժին հնարավորություն է տալիս միանձնյա Սահմանադրություն փոխել:
ՀՅԴ առաջարկներից մեկն էլ վերաբերում էր ընտրություններից առաջ ողջամիտ ժամկետներով դադարեցնել բարեգործական կազմակերպությունների կողմից բարեգործական ակցիաների կատարումը, բացառել այն բարեգործական կազմակերպությունների գործունեությունը, որոնց անվանումը կարող է նմանեցվել ընտրություններին մասնակցող այս կամ այն կուսակցության կամ թեկնածուների անուններին:
«Բարեգործական կազմակերպության անվանումը չպետք է համընկնի կուսակցության կամ դաշինքի անվան հետ: Եթե կա «Պողոս Պողոսյան» անունով հիմնադրամ, նույն անունով կուսակցություն կամ դաշինք չպետք է մասնակցի ընտրություններին»,- քննարկումների ժամանակ ասաց Արմեն Ռուստամյանը, ենթադրվում է՝ նկատի ունենալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին:
ԵԼՔ դաշինքն էլ առաջարկում է զորամասերում առանց անցագրային և գաղտնիության ռեժիմի փոփոխման ապահովել հավասար քարոզչական պայմաններ: Դաշինքի ներկայացուցիչների պնդմամբ՝ այդ առաջարկի էությունն այն է, որ կուսակցությունները տպագրված քարոզչական նյութերը հանձնում են ՊՆ-ին, որտեղից դրանք բաշխվում են զորամասերով. «Սա անհրաժեշտ է, որ զինծառայողները ևս ծանոթանան կուսակցությունների գործունեությանը, քաղաքական ծրագրերին և կարողանան որոշում կայացնել»,- հիմնավորել է Լենա Նազարյանը:
Ծառուկյան խմբակցությունն առաջարկում է արտահերթ ընտրություններն անցկացնել պարզ, հարյուր տոկոս փակ համամասնական ընտրակարգի միջոցով, կազմել 300 հոգանոց ցուցակ, որի յուրաքանչյուր 6-րդ համարը կլինի մարզում բնակվող թեկնածու:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր