Մայր Աթոռից Սուրբ Խաչ եկեղեցի էր բերվել Քրիստոսի Խաչափայտի մասունքը          Տեսանյութ.Մանկական տարիքի հիմնական սթրեսները և դրանց ազդեցությունն արդեն հասուն տարիքում       Տեսանյութ.Երևան-Գյումրի ճանապարհը փակ է` ի աջակցություն Տավուշի    

12 հուլ 2018 15:30

ԱԱԾ-ն թիկունքից հարված է հասցնում Դավիթ Տոնոյանին

ԱԱԾ-ն թիկունքից հարված է հասցնում Դավիթ ՏոնոյանինԳեղարքունիքի մարզի Մարտունու զինկոմիսարիատում ԱԱԾ-ն գործողություններ է իրականացրել, որի արդյունքում բերման է ենթարկվել զինկոմիսարը:

Հանրապետական զինկոմիսարիատից հաստատել են տեղեկությունը, որ ԱԱԾ-ն տարել է Մարտունու զինկոմին:
ԱԱԾ վերջին շրջանի ակտիվության ֆոնին այս լուրը արտառոց չէ, մանավանդ որ անցած օրերին հատուկ ծառայություններն ունեցել են ավելի «էլիտար» այցելուներ: Կասկածից վեր է նաև, որ զինկոմն ինչ-որ ապօրինություն է գործել, հակառակ դեպքում` հազիվ թե հայտնվեր ԱԱԾ տեսադաշտում:
Այս ամբողջ պատմության մեջ արտառոց է այլ հանգամանք: ՊՆ-ն ունի ռազմական ոստիկանություն, քննչական մարմիններ և այս համատեքստում խիստ զարմանալի է, որ օրինազանց զինկոմիսարով զբաղվել են ոչ թե գերատեսչության համապատասխան մարմինները, այլ ԱԱԾ-ն: Նման դեպքերում ուժային կառույցները փոխանակվում են տեղեկատվությամբ, անհրաժեշտության դեպքում խնդիրը զեկուցվում է վարչապետին և տեղի է ունենում գոնե համատեղ օպերացիա:
Այսօր, ըստ էության, գործ ունենք ԱԱԾ հատուկ գործողության հետ և այնպիսի տպավորություն է, որ ցուցադրական անվստահություն է հայտնվել պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին կամ, որ ավելի վատ է, նա չի տիրապետում իրավիճակին:
Կրկնում ենք` խնդիրն ամենևին էլ իրավական հարթությունը չէ կամ այն, որ Մարտունու զինկոմիսարը անմեղ է: Հարցը ուժային կառույցների միջև գոյություն ունեցող սուբորդինացիայի կոպիտ խախտումն է: ԱԱԾ-ն իր հեղինակության պիկին կատարել է գործողություն, որով էապես վնաս է հասցրել բանակի հեղինակությանը, կասկածի տակ է դրել պաշտպանության նախարարի գործունակությունը:
Ինչո՞ւ է ԱԱԾ-ն դիմել նման գործողության` շրջանցելով ՊՆ համապատասխան կառույցներին, որոնք ունեն քննչական գործողություններ իրականացնելու իրավասություն: Արդյո՞ք ԱԱԾ-ն ունի այսպես կոչված հատուկ կարգավիճակ ուժային կառույցների աստիճանակարգում, թե՞ հեղինակության խնդիր ունեն բանակն ու նրա ղեկավարը: Հարցն ամենևին էլ հռետորական չէ, որովհետև վերաբերում է Հայաստանի թերևս ամենակայացած պետական ինստիտուտին, որը հանրային գիտակցության մեջ առավելագույնս ասոցացվում է անկախության և անվտանգության հետ:
Մյուս կողմից` ինչքանո՞վ է նպատակահարմար շարունակել աղմկոտ մասկի-շոուները բանակի շուրջ, երբ արդեն Իլհամ Ալիևն է չարախնդում կոռումպացված հայ գեներալների թեմայով:
Ասվածն ամենևին չի ենթադրում հանդուրժողականություն կաշառակեր կամ օրինազանց սպաների հանդեպ. ուղղակի ցանկանում ենք ահազանգ հնչեցնել և ասել, որ յուրաքանչյուրը պետք է զբաղվի իր գործառույթներով ու բնավ էլ տեղին չէ, որ ԱԱԾ-ն «միավորներ» հավաքի բանակի հեղինակության, ՊՆ համապատասխան կառույցների հաշվին:
Հեղափոխություններին աշխարհի բոլոր երկրներում հաջորդում են աղմկոտ բացահայտումները ու ձերբակալությունները, ինչը տեսարաններին սիրահար հասարակությունների աչքերում բարձրացնում է ուժային կառույցների հեղինակությունը: Հաջողել են այն կառավարությունները, որոնք ուժայինների ազդեցության բնական աճը հակակշռել են քաղաքական գործիքներով, մեխանիզմներով: Հակառակ պարագայում` իշխանության ներսում կարող է առաջանալ վտանգավոր դիսբալանս, որը ժամանակի ընթացքում կարող է հանգեցնել քաղաքական և քաղաքացիական ազատությունների սահմանափակմանը:
Գլոբալ նախաձեռնությունների մեջ անվերապահորեն աջակցելով Նիկոլ Փաշինյանի կառավարությանը` հնարավորինս արձագանքում ենք այնպիսի երևույթների, որոնք կարող են ստվերել հեղափոխության նվաճումները:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր