Հայաստանում գողական սերնդափոխություն տեղի ունեցավ.հիմա ուրիշ է. կա մեկը, նա ինչպես ասի, այնպես էլ կանենք

««Օրենքով գող» կար գրեթե ամեն բակում». այսպես էր Երևանը բնութագրում գրող, քրեագետ Լևոն Սողոմոնյանը: Դրանք 1930-1940-ական թվականներն էին: Իսկ նախորդ դարի վերջին և այս դարի սկզբին երևանյան գողական աշխարհում մնացել էին Կառլեն Թովմասյանը (Գիժ Կառլեն), Մաելս Մկրտչյանը (Կնդո Մայիս), Վարդգես Ասլանյանը (Ցիպո Վարդգես), Ռաֆիկ Խոյեցյանը (Խոյ) և ևս մի քանիսը: Այս պահին այս «աստղաբույլից» ոչ մեկը չկա: Իհարկե, մեկը դեռևս ապրում է, դա Վանիկ Տեր-Պետրոսյանն է՝ Վանիկը, սակայն գործերից հեռացած 82 տարեկան մի կույր ծերունի է:
Այսպիսով, վերջին տարիների ընթացքում Հայաստանում գողական սերնդափոխություն տեղի ունեցավ. եկան համեմատաբար երիտասարդները, սակայն նրանք չունեին այն ազդեցությունը, որն ունեին իրենց նախորդողները:
Ներկայի հայաստանյան «օրենքով գողերին կարելի է պայմանականորեն բաժանել երկու խմբի՝ հյուսիսցիներ և երևանցիներ: Առաջինը՝ հյուսիսցիները, հիմնականում Գյումրիից են (նախկին անվանումը՝ Լենինական), և հենց նրանց առաջնորդն է Զապը: Այց ցուցակում են նաև Արտեմ Ղազարյանը (լենինականցի Արտեմ), Սուրեն Ավետիսյանը (լենինականցի Սուրո), ինչպես նաև Գևորգ Մելիքյանը (Օշականցի Գևորիկ): Չնայած նման բաժանմանը՝ այս խմբերը թշնամություն չունեն և հաճախ համագործակցում են որոշ հարցերում: Բացի այդ, գտնվելով հայրենիքում՝ հայ «օրենքով գողերն» աշխատում են քիչ շփվել արտաքին գողական աշխարհի հետ՝ հատկապես ռուսական: Կապը նրանց հետ պահպանվում է, և հարցերը լուծվում են Հայաստան գործուղղված երկու «օրենքով գողերի» հետ՝ Զախարի Քալաշովի (Շաքրո Մոլոդոյ) բարեկամ Մերաբ Քալաշովի և վրացի օրենքով գող Կոբա Շամազաշվիլիի (Կոբա Ռուստավսկի) հետ:
Կայքն ընդգծում է, որ Հայաստանում աննշան է նաև «բանտային հասարակությունը», քանի որ ցածր է հանցագործությունների մակարդակը: «Օրենքով գողերին» տեղ չկա տարածվելու համար: Սա ընդհանուր կանոն է Հայաստանում: Իհարկե, կան նաև բացառություններ, օրինակ՝ Անդրանիկ Սողոյանը՝ Զապը, նա հանդիսանում է ներկայի Հայաստանի ամենահեղինակավոր «օրենքով գողը»: Նա շատ սերտ հարաբերություն ուներ նախկին իշխանության հետ և նեղ շրջանակներում նրան կոչում էին «Պետական օրենքով գող»: Հիմա դա անհնար է, որովհետև նրան հովանավորող նախկին ոստիկանապետ Վովա Գասպարյանը և նրա ամբողջ շրջապատը ազատված են աշխատանքից:
Չնայած «օրենքով գողերն» արդեն նախկին ազդեցությունը չունեն՝ հայ հասարակությունը շարունակում է հարգալից վերաբերվել նրանց: Դրա պատճառը հայ «օրենքով գողերի» «սրբապատկեր» Ռաֆայել Բաղդասարյանն է՝ Սվո Ռաֆը: Վերջինն «օրենքով գող» է օծվել 14 տարեկանում: Նա ոչ թե տեղական, այլ համաշխարհային նշանակության «օրենքով գող» էր: Նրա կյանքի մասին անգամ գրքեր են գրվել: Նրան թաղել են Երևանում 1993թ.-ին, թաղմանը մասնակցել է ավելի քան 150 000 մարդ: Չնայած պատերազմին՝ նույնիսկ Ադրբեջանից էլ էին «օրենքով գողեր» եկել թաղմանը: Այդպիսի կշիռ և ճանաչում ունեցող «օրենքով գող» Հայաստանում այլևս չի եղել:
«Որպեսզի հասկանանք, թե ինչ է փոխվել Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո, պետք է իմանալ, թե ինչ է եղել դրանից առաջ»,- գրում է կայքը՝ նշելով, որ նախկին իշխանությունների օրոք «օրենքով գողերին» դիտարկում էին ոչ թե որպես սպառնալիք, այլ որպես լծակ, որը թույլ էր տալիս հարցեր լուծել: Նախկինում ամեն «օրենքով գող» իր հովանավորն ուներ: Օրինակ՝ Անդո Խրոմոյը սերտ կապեր ուներ գեներալ Մանվել Գրիգորյանի հետ:
Սակայն այժմ այդպես չէ. Նիկոլ Փաշինյանը՝ իշխանության գլուխ անցնելուց հետո, հայտարարեց, որ այդ համակարգն այլևս պետք չէ:
Lenta.ru-ի զրուցակիցը՝ գողական աշխարհի ներկայացուցիչը, ով չի ցանկացել ներկայանալ, մի արտահայտություն է արել. «Դու գրում ես «օրենքով գողերի» կյանքի մասին, սակայն գլխավոր գողի անունը չես տալիս: Գլխավոր գողն այժմ Նիկոլ Փաշինյանն է: Հիմա նա է ամեն ինչ որոշում, ինչպես ասի, այնպես էլ կանենք»: