Տեսանյութ. Բազմիցս բարձրաձայնել ենք, որ Գարեգին Բ-ն կենակցել է և ունի առնվազն մեկ զավակ, խախտում է կուսակրոնության, աղքատության, հնազանդության ուխտերը
Հայացք մամուլի ակումբում «Նոր Հայաստան նոր Հայրապետ» նախաձեռնության անդամներ` Տեր Կորյուն Աբեղա Առաքելյանը և պատմաբան Գևորգ Յազիչյանը խոսեցին կաթողիկոսի հրաժարականի պահանջի պատճառների մասին, ինչպես նաև նշեցին, որ հրաժարականի պահանջը որևէ կերպ չի առընչվում Հայ Առաքելական եկեղեցու և իշխանության հետ:
Գևորգ Յազիչյանը նշեց, որ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն խախտում է կուսակրոնության, աղքատության, հնազանդության ուխտերը և հրաժարականի պահանջը հիմնավորված է հենց այս հանգամանքներով. «Բազմիցս բարձրաձայնել ենք այն փաստը,
որ Գարեգին Բ-ն կենակցել է և ունի առնվազն մեկ զավակ,
որի մասին ԶԼՄ-ները նույնիսկ տարիներ առաջ գրել էին: Բազմաթիվ հրապարակումներ են եղել,
որ Գարեգին Երկրորդն ունի անձնական մեծ հարստություն՝ Ոսկեհատ գյուղում առանձնատուն և այլ հնարավորություններ շվեյցարական բանկերում: Իսկ հնազանդությունը Աստծո առաջ չենք կարող դատել, բայց գիտենք, որ այդ դեպքում էլ է խախտումներ կատարել»,-ասաց Գևորգ Յազիչյանը, հավելելով, որ Գարեգին Բ-ն ոչ թե կաթողիկոս պիտի չլինի,
այլ ընդհանրապես քահանայագործությունից պիտի դուրս գրվի՝ ըստ եկեղեցական կանոնների:
Անդրադառնալով իրենց հասցեին հնչող մեղադրանքներին, թե պառակտում են Մայր Աթոռը, հայ եկեղեցին Գևորգ Յազիչյանը նկատեց. «Մենք հայ եկեղեցու պաշտպանն ենք և ցանկանում ենք, որ այն բարեկարգվի ու իր առաքելությունը կատարի: Մենք ոչ թե հայ եկեղեցին պառակտում ենք, այլ նախատեսում, որ այսօրվա պառակտյալ իրավիճակը վերջնականապես վերջ գտնի: Նույն Մայր Աթոռում էլ այսօր կա պառակտված վիճակ, որի մասին լռում են մեզ «պառակտող» անվանողները: Մայր Աթոռում տիրում է նաև բռնակալություն, կա մի բռնակալ, որը պատշաճության սահմաններն անցնում և իրեն ամենակարող է համարում: Մեր եպիսկոպոսները շփացնում են այդ բռնակալին: Ի՞նչ է նշանակում կաթողիկոսն անձեռնմխելի է: Վերջիվերջո, Մայր Աթոռը ՀՀ-ում է, որտեղ օրենքի առաջ բոլորը հավասար են, և գահակալի համար որևէ անձեռնմխելիության սահմանված չէ»,-նշեց Գևորգ Յազիչյանը:
Կարգալույծ արված Տեր Կորյուն աբեղա Առաքելյանն էլ պարզաբանեց՝ իր հայտարարությունները այն մասին, թե վերջին երեք վեհափառները եղել են ԿԳԲ-ի դրածոներ, սխալ են ընկալվել. «Ես հատուկ շեշտել եմ, որ Վազգեն Վեհափառը և Գարեգին Առաջինը, լինելով ազգասեր անձինք, մեծ շահ են բերել մեր ազգին, եկեղեցուն: Իսկ այսօրվա կաթողիկոսը լինելով դրածո, ոչ թե պարզապես պետական շահերից ելնելով է դրվել գահին, այլ իր մոլուցքի պատճառով գործի է դրել կաշառք, կեղծիք, բռնություն, պետական լծակներ և հասել գահին: Այս մարդն առաջին օրվանից քանդող գործունեություն է ծավալել հայ եկեղեցում»,-ասաց Տեր Կորյուն աբեղա Առաքելյանը:
Խոսելով իրեն կարգալույծ անելու որոշման մասին Տեր Կորյուն աբեղա Առաքելյանը նշեց,
որ դա ճնշման միջոց է. «Փորձում է ճնշում գործադրել, թե կարգալույծ կանեմ, այսինքն՝ նաև ֆինանսապես է փորձում ճնշել: Ասում է, թե այնպիսի իրավիճակում կհայտնվեք, որ ստիպված կլինեք ոտքերս ընկնել, ողորմություն խնդրել»:
Նա նաև վստահեցրեց, որ առաջիկայում մի շարք նվիրյալ հոգևորականներ, որոնք Գարեգին Բ-ի «զոհն» են դարձել, իրենց հոգևոր համազգեստով, սքեմով պիտի ներկայանան ժողովրդին. «Սա մեծագույն հարվածը պիտի լինի այդ չկաթողիկոսին, որ հասկանա՝ մարդկանց կյանքի և իրավունքի հետ խաղ անել չի կարելի»: