Տեսանյութ.Սահմանը արդեն զինվորը գծել է, ի՞նչ ենք հետ տալիս. ի՞նչ իմաստ ունի թշնամուն բերել մեր քթի տակ          Սադրանքների չտրվել, մենք հիմա մեր պաշտպանական պլանները հո չե՞նք փռելու սեղանին, տեսախցիկների առաջ ցույց տանք       «էս էլ ու վերջ», վերջ չկա,հաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են, հետո՝ Տիգրանաշենը, հետո...    

28 օգոս 2018 20:40

ՀՀԿ-ն գրոհում է

Խորհրդարանում Սեւանից լրացուցիչ ջրառի վերաբերյալ օրենքի նախագծի քննարկումները ՀՀԿ համար դարձան նոր իշխանության հասցեին ընդդիմախոսության առիթ, ընդ որում հետաքրքիր շեշտադրումով, թե նոր իշխանությունն անում է այն, ինչի համար կոշտ քննադատում էր նախկինին:
Խոսքը վերաբերում էր ոչ միայն Սեւանի ջրառին, այլ օրինակ նաեւ արտաքին քաղաքականությանը:
Այստեղ գործ ունենք իրապես հետաքրքիր հանգամանքի հետ: Իրապես, նոր կառավարությունը ոռոգման նպատակով լրացուցիչ ջուր է բաց թողնում Սեւանից, երբ դրա համար խստորեն քննադատում էր նախկին իշխանությանը, երբ ընդդիմություն էր:
Առերեւույթ իրապես ստացվում է, որ անում են այն, ինչի համար քննադատել են նախկին իշխանությանը, դրանից բխող եզրակացությամբ:
Սակայն, փոքր ինչ ավելի հանգամանալից դիտարկումը պարզ է դարձնում, որ «նույնն են անում» «բանաձեւը» տեղեկատվա-քարոզչական շահարկում է: Բանն այն է, որ խոսքը ժամանակային «կշռով» անհամեմատելի հատվածների եւ դրանում իշխող ուժերի մասին է: Խոսքն այն մասին է, որ այսպես ասած հին կառավարությունը կամ համակարգը Սեւանից լրացուցիչ ջրառ էր կատարում պարբերաբար, տարիներ շարունակ, լինելով առնվազն երկու տասնամյակ իշխած եւ իշխող ուժ, ըստ այդմ ունենալով ջրային ռեսուրսների այնպիսի արդյունավետ կառավարման հնարավորություն, որը թույլ կտար տարեցտարի ավելի ու ավելի հրաժարվել Սեւանի «շտապօգնությունից»:
Մինչդեռ ներկայում այդ «շտապօգնությանը» դիմում է մի ուժ, որը գործադիր իշխանություն է ընդամենը երեք ամիս եւ հասկանալի է, որ երեք ամիսը բացարձակապես համեմատելի չէ երկու տասնամյակի իշխանության հետ: Իսկ գյուղատնտեսությանը, հողին ու բույսին հնարավոր չէ բացատրել, որ պետք է սպասել, մինչեւ նոր իշխանությունը անհրաժեշտ ժամանակում ջրային ռեսուրսի այնպիսի կառավարում իրականացնի, որը թույլ կտա հրաժարվել Սեւանի ջուրը ոռոգման նպատակով լրացուցիչ ծախսելու անհրաժեշտությունից:
Երկու տասնամյակ իշխող Հանրապետական կուսակցությունը մսխել է Հայաստանի ջրային ռեսուրսները, դրանք ծառայեցնելով իր անդամ, կամ համակարգի մասնակից գործարարների տարբեր բիզնես շահերին, իսկ վերջում այդ ամենը «փոխհատուցել» Սեւանի հաշվին:
Նոր կառավարությունը թե գրեթե բոլոր ներքին ոլորտներում, թե մասնավորապես ջրային ռեսուրսների կառավարման ոլորտում կանգնած է այդ փաստի առաջ եւ ստիպված է ձեռնարկել արտակարգ միջոցներ, չլինելով արտակարգ իրավիճակի պատճառ ու պատասխանատու: Ահա դա է ահռելի եւ էական տարբերությունը, որը «նույնը լինելու» մասին ՀՀԿ ընդդիմախոսությունը վերածում է ընդամենը պարզ ինքնախոստովանության:
Հետաքրքիր է նաեւ արտաքին քաղաքականության ոլորտը: Նոր իշխանությունը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել են, որ Հայաստանը չի փոխելու արտաքին քաղաքական վեկտորներն ու առաջնահերթությունները: Դա նշանակու՞մ է, որ վարվում է «նույն քաղաքականությունը»:
Ամենեւին: Ընդ որում, դա էլ իր հերթին միարժեք չի նշանակում՝ վարվում է ավելի լավ, թե վատ քաղաքականություն, բայց մի բան հստակ է, որ վեկտորների անփոփոխությունը դեռ չի նշանակում «նույն քաղաքականությունը», որովհետեւ կարեւոր է բովանդակությունն ու բնույթը:
Իսկ բնույթն ու բովանդակությունը Հայաստանի իշխանությունը փորձում է փոխել թե ռուսական, թե արեւմտյան ուղղությամբ, եւ դրա նշանները բաց են, ակնառու, առանց քողարկելու կամ առանց ավելորդ «պարտիզանության»:
Այն, որ «նույնը չէ», վկայում է նաեւ հենց նախկին իշխանության, ՀՀԿ արձագանքը, որի հեղինակները ահազանգում են, թե նոր կառավարությունը արդյունավետ չէ Եվրոպայի, Ռուսաստանի ուղղությամբ, առաջացրել է խնդիրներ Մոսկվայի հետ, ինտեգրացիոն նախագծերում եւ այլն:
Այլ հարց է, թե որքանով են այդ ահազանգերն իրատեսական եւ իրական, ու որքանով են մտացածին, քարոզչական: Սակայն տվյալ պարագայում դրանք վկայում են, որ արտաքին քաղաքականությունն էլ «նույնը չէ», նույնն են վեկտորները, բայց փոխվում է քաղաքականության բովանդակությունը:
Ընդ որում, փոխվում է թերեւս ոչ միայն Հայաստանի, այլեւ Հայաստանի դաշնակցի ու գործընկերների շահից ելնելով, որովհետեւ Հայաստանի «գրպանային» կամ «ֆորպոստային» կարգավիճակը վաղուց արդեն վտանգում էր ոչ միայն Հայաստանը՝ ներառյալ Արցախը, այլեւ Հայաստանի հետ սերտ դաշնակցային, գործընկերային, բարեկամական կապ ու նաեւ ծրագրեր, ռազմավարական հեռանկարներ ունեցող սուբյեկտներին, այդ թվում Ռուսաստանին:
Հատկանշական է, որ քաղաքականության փոփոխությունը նախկին իշխանությունը ներկայացնում է իբրեւ խնդիր, գործնականում չունենալով հրապարակային որեւէ փաստարկ եւ հղում անելով ինչ որ անանուն, ոչ պաշտոնական աղբյուրների, կամ պարզապես հայտարարությունների ու հոդվածների, որպիսիք տարբեր առիթներով ու պարբերաբար եղել են նաեւ այդ իշխանության շրջանում:
Այստեղ հարցը եթե տեղեկատվա-քարոզչական մանիպուլյացիան չէ, ապա մտածողությունն ու պատկերացումն է, որտեղ սեփական շահի մասին հստակ ու արժանապատիվ բարձաձայնումը դիտարկվում է խնդիր, իսկ սսկվելը՝ բարձրագույն դիվանագիտական պիլոտաժ եւ իմաստնություն: Մինչդեռ, առավել անվստահելի դիրքորոշում պատկերացնելը թերեւս դժվար է, որովհետեւ միջազգային գործընկերները չեն կարող դիմացինի վստահելիության ներուժը չափել նրա «ծպտուն չհանելով», որովհետեւ պարզ չէ, թե էլ ում առնչությամբ եւ ինչի մասին է լռում, ծպտուն չի հանում այդ սուբյեկտը, տվյալ դեպքում Հայաստանի նախկին իշխանությունը:
Աղբյուր՝ lragir.am

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր