Քոչարյանին կալանք տալուց ճնշումներ չեն եղել. դատավորի ուշագրավ հայտարարությունը
Քիչ առաջ ավարտվեց Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի նիստը: Հանձնաժողովի անդամներից մի քանի րոպե շուտ դուրս եկավ դատավոր Վաչե Մարգարյանը, որը Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու որոշում էր կայացրել: Նա հիմնականում հրաժարվում էր պատասխանել լրագրողների հարցերին:
Մարգարյանը հրաժարվեց պատասխանել ՀԺ-ի այն հարցին, թե Ռոբերտ Քոչարյանին կալանք տալու հիմքեր կայի՞ն, թե՝ ոչ: Նա միայն պատասխանեց մեր այն հարցին, թե կալանք տալուց հետո ընտանիքին կամ իրեն վտանգ սպառնացե՞լ է. «Ոչ»,- հակիրճ ասաց նա:
Մեր դիտարկմանը, որ Վանեցյանը հեռախոսազրույցում ասում է. «ուզի, չուզի Հրաչը պետք է կալանք տալ», դատավորը պատասխանեց, որ իր անունը Հրաչ չէ, Վաչե է: ՀԺ-ի դիտարկմանը, որ գաղտնիք չէ, որ դատական համակարգում իր անունը հաճախակի են շփոթում Հրաչի հետ, նա որեւէ արձագանք չտվեց: «Ես հրաժարվում եմ պատասխանելուց»:
Նա չպատասխանեց այն հարցին, թե հրավիրվե՞լ է նախաքննական մարմին կամ ինչ կարգավիճակ ունի: «Նախաքննություն է ընթանում, ինչպես նաեւ ԱԺ-ում Քննիչ հանձնաժողով է ստեղծվել, քննությունն ընթանում է»:
Հարցին՝ ունե՞նք անկախ դատական համակարգ, պատասխանեց. «Ես հրաժարվում եմ պատասխանել: Մամուլի ասուլիս չեմ տալիս»: Սակայն նա մի ուշագրավ հայտարարություն արեց. հարցին, թե ճնշումներ եղե՞լ են Քոչարյանին կալանք տալուց, պատասխանեց. «Իհարկե՝ չեն եղել»:
ՀԺ-ի հարցին՝ հաճախակի՞ է զանգում ԱԱԾ տնօրենին, պատասխանեց. «Դա Հրաչին կհարցնես»:
Հիշեցնենք, որ հայտնի հեռախոսազրույցի մեջ Վանեցյանն ասում էր, որ իրեն զանգել է Քոչարյանի գործով զբաղվող դատավորը, իսկ ինքն ասել է՝ պետք է կալանք տալ: Ի դեպ, դատավորը գաղտնալսված հեռախոսազրույցից հետո հայտարարել էր, որ նա Արթուր Վանեցյանի հետ ընդհանրապես չի խոսել: Այսօրվա նիստը դռնփակ էր:
Հիշեցնենք, ԱԺ Քննիչ հանձնաժողովը ստեղծվել էր սեպտեմբերի 13-ին: Հանձնաժողովը լիազորված է իր տրամադրության տակ ունենալ եւ ուսումնասիրել նախաքննական գաղտնիք համարվող բոլոր փաստերը: ԱԺ կանոնակարգ օրենքը թույլ է տալիս հանձնաժողովին տիրանալ նախաքննական գաղտնիք համարվող փաստերին եւ ուսումնասիրել: Հանձնաժողովի կազմում են՝ ՀՀԿ-ականներ Գեւորգ Կոստանյանը, Արփինե Հովհաննիսյանը, Ռուստամ Մախմուդյանը, Կորյուն Նահապետյանը եւ Ալիկ Սարգսյանը: ԲՀԿ-ից հանձնաժողովում 3-ն են` Վահե Էնֆիաջյանը, Սերգեյ Բագրատյանը, Գեւորգ Պետրոսյանը: «Ելք»-ն ունի երկու տեղ` Ալեն Սիմոնյան, Հովիկ Աղազարյան, ՀՅԴ-ից Սպարտակ Սեյրանյանն է: