Տեսանյութ.Ինչպես հաղթահարել ներանձնային կոնֆլիկտը և դառնալ սեփական կյանքի տերը          Տեսանյութ.Հանձնել է այդ չորս գյուղերը և Սյունիքն էլ է հանձնելու. դուք խոսքի, խոստումների համար տալիս եք տարածքի մի մա՞սը       Ամբողջ աշխարհի աչքի առջև ՀՀ-ն վերածվում է ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի.Թե ինչու է Երեւանը ձեւացնում, թե չի հասկանում, թե ինչի մասին է խոսքը, մեծ հարց է    

24 նոյ 2018 18:35

37-ամյա պայմանագրային զինծառայողը սպանել է տաքսիստին և հափշտակել 15 հազար դրամ

37-ամյա պայմանագրային զինծառայողը սպանել է տաքսիստին և հափշտակել 15 հազար դրամՎերաքննիչ քրեական դատարանում ավարտվել է Վադիմ Օհանյանի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:
Գործը քննվել է Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում Թաթուլ Պողոսյանի նախագահությամբ:
37-ամյա պայմանագրային զինծառայող, կոչումով՝ շարքային Վադիմ Օհանյանը 2016 թվականին դատվել էր թեթև աստիճանի մարմնական վնասվածք պատճառելու համար: Իսկ մեկ տարի անց նա մեղադրվել է ավազակությամբ զուգորդված դիտավորյալ սպանության և առանց հափշտակելու նպատակի մեքենա փախցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով և 183 հոդվածի 1-ին մասով:
Ըստ մեղադրանքի՝ 2017 թվականի ապրիլի 21-ին, ժամը 19-ի սահմաններում Վադիմ Օհանյանը Արարատի մարզի Նորամարգ գյուղում դիտավորությամբ կյանքից զրկել է Մասիս քաղաքի 69-ամյա բնակիչ Հարություն Ա.-ին:
2017 թվականի ապրիլի 21-ին, ժամը 18-ի սահմաններում Վադիմ Օհանյանը Մասիս քաղաքի կենտրոնական հրապարակում նստել է Հարություն Ա.-ի կողմից որպես տաքսի վարած «Օպել Աստրա» մեքենան ու պատվիրել է իրեն տեղափոխել Արարատի մարզի Նորամարգ գյուղի գերեզմանատուն:
Ըստ մեղադրանքի՝ Վադիմ Օ.-ի նպատակը ոչ թե գերեզմանատուն գնալն էր, այլ տաքսու վարորդին ավազակությամբ զուգորդված սպանելը և նրա մոտ եղած փողն ու նյութական այլ արժեքները հափշտակելը:
Վադիմի առաջարկած երթուղով ընթացել են Նորամարգ գյուղ: Նորամարգ ու Ռանչպար գյուղերի մոտակայքով անցնող ոռոգման բաց ջրատարի մոտ Վադիմ Օհանյանը վարորդից պահանջել է կանգնեցնել մեքենան՝ բնական կարիքը հոգալու պատճառաբանությամբ:
Օգտվելով այն հանգամանքից, որ տեղանքում մարդ չկար՝ իրեն տեսնողներ չկային, Վադիմն իջել է մեքենայից, ապա մեքենայից իջած Հարություն Ա.-ին ավազակությամբ զուգորդված սպանելու դիտավորությամբ իր մոտ եղած միակողմանի սուր սայր ունեցող ծակող-կտրող գործիքով հինգ անգամ հարվածել է նրա ձախ ուսային հոդի ու գոտկային շրջաններին՝ պատճառելով թեթև վնաս: Այնուհետև վերցրել է գետնին ընկած մետաղե ատամնանիվը, դրանով մեկ անգամ հարվածել է վարորդի գլխին:
Գանգուղեղային փակ բութ վնասվածքից Հարություն Ա.-ն տեղում մահացել է:
Վադիմ Օհանյանը, ըստ մեղադրանքի, Հարություն Ա.-ին սպանելուց հետո նրա հագուստի գրպաններից հանել ու հափշտակել է 15 հազար դրամ և «Սամսունգ» հեռախոս, ապա դիակը քարշ տալով՝ գցել է ջրատարի մեջ:
Դրանից հետո Վադիմ Օհանյանը տուժողի մեքենան առանց հափշտակելու նպատակի՝ վարելով տարել է Նորամարգ գյուղ, կանգնեցրել է Նորամարգ գյուղի 17-րդ փողոցի վերջնամասում ու հեռացել է: Նա գյուղի խանութներից գնումներ է կատարել սպանված վարորդից հափշտակած փողով ու գնացել է տուն…
Դատարանն ապացուցված է գնահատել հետևյալ հանգամանքները. 2015 թվականի դեկտեմբերի 28-ին Վադիմ Օհանյանը «ՎՏԲ-Հայաստան» բանկի Մասիսի մասնաճյուղից 650 հազար դրամ վարկ է վերցրել՝ յուրաքանչյուր ամիս 20 հազար 800 դրամ վճարելով վարկը մարելու պայմանով, վարկը մարելու վերջնաժամկետ է նշանակվել 2018 թվականը:
Սակայն Վադիմ Օհանյանի կողմից վարկային պարտավորությունները չեն կատարվել: Բանկը 2016 թվականին հայցով մտել է Արարատի ու Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան՝ գումարի բռնագանձման պահանջով: 2017 թվականի մարտի 13-ին դատարանը վճռել է Վադիմ Օհանյանից հօգուտ «ՎՏԲ-Հայաստան» բանկի բռնագանձել 725 հազար 839 դրամ՝ որպես վարկի ընդհանուր պարտքի գումարի մարում:
2017 թվականի ապրիլի 2-ից մինչև ապրիլի 14-ը Վադիմ Օհանյանն ընդգրկված է եղել մարտական հերթապահությունում: Ապրիլի 14-ին նա վերադարձել է տուն և պարտավոր է եղել ծառայության վերադառնալ ապրիլի 22-ին՝ վերակարգում ընդգրկվելու համար:
Ապրիլի 14-ից սկսած՝ Վադիմ Օհանյանը դիմել է տարբեր մարդկանց՝ պարտքով գումար հայթայթելու նպատակով՝ վարկային պարտավորություններն ու այլ պարտքերը մարելու համար: Նրան մերժել են:
Ապրիլի 21-ին Վադիմ Օհանյանը հանդիպել է մորաքրոջը՝ վերջինիս աշխատավայրում: Պարտքով 50 հազար դրամ է խնդրել: Մորաքույրն ասել է, որ այդքան գումար չունի, բայց աշխատանքային օրվա վերջում կարող է 5 հազար դրամ տալ:
Վադիմը մորաքրոջն ասել է, թե գումարն իրեն շատ է անհրաժեշտ, առաջարկել է, որ մորաքույրը տնօրենից կամ որևէ աշխատողից պարտքով գումար վերցնի, բայց մորաքույրը մերժել է քրոջ որդուն:
Նույն օրը, ժամը 14-ի սահմաններում Վադիմը պարտքով գումար խնդրելու համար զանգել է համագյուղացիներից մեկին, դարձյալ մերժում է ստացել: Այդ օրը նրան մերժել են բոլոր այն մարդիկ, ում հետ հույսեր էր կապում: Ի վերջո, ըստ դատական ակտի, Վադիմ Օհանյանը որոշել է գումար ձեռք բերել հանցավոր ճանապարհով՝ ավազակությամբ՝ ապօրինի կյանքից զրկելով որևէ տաքսու վարորդի և հափշտակելով նրա մոտ եղած գումարն ու այլ արժեքավոր իրերը:
Նույն օրը՝ ապրիլի 21-ին, ժամը 18-ի սահմաններում Վադիմ Օհանյանը Մասիսի կենտրոնական հրապարակում նստել է Հարություն Ա.-ի տաքսին…
Դատարանում Վադիմ Օհանյանն իրեն մեղավոր չի ճանաչել: Նա հայտնել է, թե դեպքի օրը՝ 2017 թվականի ապրիլի 21-ին, գնացել է Երևան՝ մասնավոր աշխատանքներ կատարելու՝ շինաղբ թափելու: Այդ օրը կատարած աշխատանքի դիմաց ստացել է 15 հազար դրամ, պատահական մեքենայով հասել է Մասիս, մտել է եկեղեցի: Այնուհետև մոտ տասը րոպե նստել է եկեղեցու բակում, ապա հրապարակի մոտի խանութից օղի է գնել, նստել է հրապարակում կանգնած տաքսիներից մեկը՝ Հարություն Ա.-ի մեքենան: Նախկինում Հարություն Ա.-ին չի ճանաչել: Պատվիրել է, որ նա իրեն տանի Նորամարգ գյուղի գերեզմանատուն: Այնտեղ իր գնած օղուց մի կում խմել է, մնացած օղին թափել է եղբոր գերեզմանին, շիշը դրել է այնտեղ, նորից նստել է տաքսին:
Հարևան գյուղում գտնվող Գրիշայի խանութի մոտ տաքսին կանգնեցրել է, որ առևտուր անի՝ գնել է ծխախոտ, լիմոնադ, ուտելիք: Չի հիշում՝ ինչքան է կազմել գումարը, բայց խանութի աշխատողին է տվել 10 հազար դրամ, իրեն մանր են վերադարձրել: Իրեն այդտեղ բերած տաքսին արդեն հեռացել էր, ինքն այդ տաքսու վարորդին այլևս չի տեսել: Զանգել ու կանչել է համագյուղացիներից մեկին, որ մեքենայով գա ու իրեն տուն տանի: Ճանապարհին ևս մի խանութ է մտել, առևտուր է արել՝ թան է գնել, լիցքավորել է հեռախոսը: Գնացել է տուն: Մեկ-երկու օր մնացել է տանը ու գնացել է ծառայության: Այնտեղից վերադարձել է ապրիլի 26-ին: Հաջորդ օրը ինքը հողամասում աշխատում էր, երբ ոստիկանները եկել ու իրեն բերման են ենթարկել տաքսու վարորդի սպանության կասկածանքով:
Վադիմ Օհանյանը պնդել է, թե ինքը ոչ մի կապ չունի տաքսու վարորդի սպանության հետ: Ճիշտ է, ինքը մի քանի հոգուց, նաև՝ իր մորաքրոջից պարտքով գումար է խնդրել, բայց դա եղել է ոչ թե ապրիլի 21-ին, այլ՝ ապրիլի 18-ին: Այդ գումարներն ինքը խնդրել է որոշ հարցեր կարգավորելու նպատակով: Ամբաստանյալը չի ցանկացել մանրամասնել, թե ինչ խնդիրների մասին է խոսքը:
Վադիմ Օհանյանը նշել է, թե նախաքննական խոստովանական ցուցմունքները տվել է ծեծի ազդեցության տակ: Ցուցմունքը գրել է իր ձեռքով, բայց ինքը չի սպանել…Ինքը վախեցել է բողոքել քննիչին՝ «հուշտ է եղել»: Պաշտպանին էլ չի ասել: Իր հագուստի վրայի արյան հետքերը առաջացել են, երբ ինքը փորձել է օգնել փողոցում արյունոտ ընկած մի մարդու:
Նախաքննական խոստովանական ցուցմունքում Վադիմ Օհանյանն ընդունել է, որ ինքն է սպանել տաքսու վարորդին, բայց գրել է, թե սպանել է ո՛չ հափշտակություն կատարելու նպատակով, այլ՝ անհասկանալի պատճառով: Սպանությունից հետո մեքենայով անցել է վարորդի ոտքերի վրայով, որ ստուգի՝ նա մահացել է, թե ոչ: Հետո մարմինը գցել է Զանգու գետը, մի քանի րոպե սպասել ու համոզվել է, որ մարմինը հոսանքը քշել է, վերադարձել է մեքենայի մոտ, դրանով հասել է իրենց գյուղի դպրոցին հարակից արտեզյան աղբյուրի մոտ, մեքենան թողել է այնտեղ, գնացել է գյուղի մի քանի խանութ, առևտուր է արել, հետո համագյուղացիներից մեկի տաքսիով գնացել է տուն:
Նախաքննական ցուցմունքում Վադիմ Օհանյանը նշել է, թե վարորդի հետ չի վիճել, նրան սպանելու միտքն առաջացել է հանկարծակի՝ երբ տեսել է գետնին ընկած մետաղե ատամնանիվը, սպանությունից հետո ինքը վարորդից ու նրա մեքենայից ոչինչ չի վերցրել: Գիտակցում է, որ մարդ է սպանել, զղջում է…
Նախաքննական մեկ այլ ցուցմունքում Վադիմ Օհանյանն ասել է, թե վարորդը «ղարաբաղցիների» հասցեին վատ է արտահայտվել, ինքը դրանից է զայրացել ու սպանել է նրան: Իրականում վարորդի ոտքերի վրայով մեքենայով չի անցել, չի հասկանում՝ նախկինում ինչու է նման բան ասել…
Դատարանը հաշվի է առել, որ Վադիմ Օհանյանի խնամքին է անչափահաս մեկ երեխան ու մայրը:
Դատարանը Վադիմ Օհանյանին մեղավոր է ճանաչել ավազակությամբ զուգորդված սպանության ու առանց հափշտակելու նպատակի մեքենան փախցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով և 183 հոդվածի 1-ին մասով:
Վադիմ Օհանյանը վերջին հաշվով դատապարտվել է 17 տարի ազատազրկման:
Պատժի սկիզբը՝ 2017 թվականի ապրիլի 28-ից:
Վադիմ Օհանյանից հօգուտ քաղաքացիական հայցվոր Սրբուհի Ս.-ի կբռնագանձվի 1 միլիոն 500 հազար դրամ՝ որպես տուժողի հուղարկավորության ծախսերի հատուցում:
Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոք էր բերել ամբաստանյալի շահերի պաշտպանը՝ նշելով, թե առաջին ատյանի դատարանը մեղադրական դատավճիռը կայացրել է ենթադրությունների ու Վադիմ Օհանյանի նախաքննական ինքնախոստովանական ցուցմունքների հիման վրա: Սակայն, ըստ պաշտպանի, քրեական գործով ձեռք չեն բերվել Վադիմ Օհանյանի մեղավորությունը հաստատող բավարար ապացույցներ:
Պաշտպանը նշել է, թե մեղադրանքի կողմը փորձել է արարքի շահադիտական շարժառիթը հիմնավորելու ուղղությամբ հարցաքննել գործով վկաներին՝ «պարտքով գումար խնդրելու, բանկում վարկ ունենալու» հանգամանքներն օգտագործվել են որպես հանցավոր արարքի կատարման շարժառիթ:
Պաշտպանը նշել է, որ նախաքննության այն փուլում, երբ դեռ չէր հայտնաբերվել տուժողի դիակը, Վադիմ Օհանյանին արդեն իսկ մեղադրանք էր առաջադրվել մարդուն ապօրինաբար կյանքից զրկելու համար: Այդ մեղադրանքը փորձել են հիմնավորել Օհանյանի «խոստովանական»
ցուցմունքներով, «ի ցույց հանրության՝ լրատվական միջոցների հրապարակային մեկնաբանմամբ, կատարվել է դեպքի վայրի զննություն, որի արձանագրությունը իրենից ոչինչ չի ներկայացնում, չի հիմնավորում, չի պարզաբանում գործի հանգամանքների վերաբերյալ ապացուցողական նշանակություն ունեցող փաստեր…»: Իսկ առաջին ատյանի դատարանը, ըստ պաշտպանի, նախաքննական խախտումներն անտեսել է…
Տուժողի մեքենան հայտնաբերելուց հետո, ըստ պաշտպանի, չեն վերհանվել մեքենան տվյալ վայրում թողնելու պատճառները, մեքենայի՝ սարքին կամ անսարք լինելը՝ միգուցե տուժողին կյանքից զրկած անձը կամ անձինք ցանկացել են տիրանալ մեքենային, բայց մեքենան փչացել է, ստիպված թողել են նշված վայրում: Այսինքն, ըստ պաշտպանի, կատարվել է ոչ բազմակողմանի քննություն, և բոլոր թերությունները առաջին ատյանի դատարանն անտեսել է:
Պաշտպանը նշել է, թե գործով ճշտված չէ Վադիմ Օհանյանի կողմից այս կամ այն գործողությունը կատարելու ստույգ ժամանակը:
Դատաբժշկական փորձաքննության և դատաբժշկական լրացուցիչ փորձաքննության եզրակացությունները, ըստ պաշտպանի, ոչ թե լրացնում են իրար, այլ հակասում են, իսկ առաջին ատյանի դատարանը քայլեր չի ձեռնարկել այդ հակասությունները պարզելու ուղղությամբ:
Գործով վկաները, պաշտպանի պնդմամբ, հաստատում են միայն, որ Վադիմ Օհանյանը պարտքեր է ունեցել, բայց չեն հաստատում, որ նա է սպանել տուժողին:
Պաշտպանը նշել է՝ եթե դատարանը հիմք է ընդունել Վադիմ Օհանյանի նախաքննական խոստովանական ցուցմունքները, ապա գոնե նրան պետք է մեղավոր ճանաչեր հասարակ սպանության, այլ ոչ թե շահադիտական դրդումներով սպանության համար:
Չփարատված կասկածները չեն մեկնաբանվել հօգուտ ամբաստանյալի:
Պաշտպանի պահանջն էր՝ բեկանել ընդհանուր իրավասության դատարանի մեղադրական դատական ակտը, կայացնել արդարացման դատական ակտ՝ ճանաչելով ու հռչակելով Վադիմ Օհանյանի անմեղությունը մեղսագրված արարքների կատարման մեջ:
Վերաքննիչ քրեական դատարանը, քննելով գործը, եզրահանգել է, որ այս գործի քննության արդյունքում դատական սխալ, նյութական ու դատավարական իրավունքի նորմերի էական խախտումներ թույլ չեն տրվել, Վադիմ Օհանյանին արդարացնելու անհրաժեշտ ու բավարար հիմքեր չկան:
Վադիմ Օհանյանի մեղավորությունը մեղսագրված արարքների կատարման համար գնահատվել է հաստատված:
Դատարանը հիմնավոր և օրինական է գնահատել ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը:
Պաշտպանի վերաքննիչ բողոքը մերժվել է, իսկ ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը՝ 17 տարի ազատազրկումով, թողնվել է անփոփոխ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր