«Ես հայ եմ, և դա չի քննարկվում». Նիկոլյա Ազնավուր
Աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի որդին՝ Նիկոլյա Ազնավուրը, օրերս Մոսկվա է ժամանել, որտեղ մասնակցել է «Գթասրտության ժամանակագրություն» խորագրով միջոցառմանը: Նա rusarminfo.ru-ին տված հարցազրույցում պատմել է այն մասին՝ ինչպես է որոշել Հայաստան տեղափոխվել, և ինչպես է զգում իրեն իր նախնիների հայրենիքում:
Շվեյցարիայում մեծացած Նիկոլյան Հայաստանում է եղել բազմիցս, սակայն մեր երկիր տեղափոխվելու վերջնական որոշումը կայացրել է այս տարի:
«Ես սիրում եմ Երևանը, այն ինձ շատ է դուր գալիս: Այնտեղ հարմարավետ է»,- ասել է Ազնավուր կրտսերը:
Ամենամեծ խնդիրը, որին նա բախվել է Հայաստանում, լեզվին չտիրապետելն է:
«Այժմ ես ակտիվ հայերեն եմ սովորում: Այն շատ բարդ է, սակայն կամաց-կամաց (դա ասել է հայերեն-Խմբ.) ստացվում է խոսել»,- ասել է շանսոնյեի որդին:
Նա պատմել է, որ Հայաստանում իր եվրոպական արտաքինի պատճառով, քանի որ մայրը շվեդուհի է, հաճախ չեն ընկալում իրեն որպես հայ, և նա ստիպված է լինում ամեն անգամ ապացուցել, որ «իսկական հայ» է:
«Ես հայ եմ, և դա չի քննարկվում: Հնարավոր է՝ հայի արտաքին չունեմ: Սակայն ֆրանսերենում կա լավ արտահայտություն՝ «Հագուստը, որ կրում ես, քեզ չի դարձնում այն, ինչ կաս»: Դա իսկապես այդպես է»,- ասել է նա:
Նիկոլյա Ազնավուրը նաև խոստովանել է, որ հաճախ է Հայաստանում շուկաներ այցելում, մարդիկ սկսում են իր հետ ռուսերեն խոսել, իսկ նա հայերեն է պատասխանում՝ ասելով, որ ռուսերեն չի խոսում:
Ինչպես նախօրեին հաղորդել էր Tert.am-ը, Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանատունն «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ու «Ազնավուր» հիմնադրամի աջակցությամբ «Գթասրտության ժամանակագրություն» խորագրով միջոցառում է կազմակերպել՝ նվիրված Սպիտակի ողբերգական երկրաշարժի 30-րդ տարելիցին:
Երեկոյի ընթացքում Նիկոլյա Ազնավուրը պատմել է՝ ինչպես է հայրը 1988թ. Հայաստանին օգնելու համար մոբիլիզացրել ամբողջ միջազգային հանրությանը:
«Հայրս առաջիններից էր, որ արձագանքեց 1988թ. ողբերգությանն ու անմիջապես գործի անցավ: Հենց այդ նույն գիշերը նա Ժորժ Գարվարենցի հետ գրեց Pour toi Armenie («Քեզ համար, Հայաստան») երգը՝ մոբիլիզացնելով արտիստների Ֆրանսիայից, Ամերիկայից, Իտալիայից, իսկ հետո՝ ամբողջ միջազգային հանրությանը»,-նշել է լեգենդար շանսոնյեի որդին: