Մայիսի 1-ին և 2-ին Արեգակի վրա կարող են լինել ամենաուժեղ X դասի բռնկումներ, մագնիսական փոթորիկը կարող է ծածկել Երկիրը          Ադրբեջանը մայիսից պատրաստվում է սկսել բնակեցնել հայկական Շուշի քաղաքը       Ադրբեջանի հետ շուտափույթ սահմանազատումն ու սահմանագծումը սպառնալիք է ՀՀ անվտանգության, կենսագործունեության ու հետագա գոյության համար    

18 հուն 2019 20:05

Հայաստանի վարչապետի հոդվածը հրատարակվել է Դավոսի ֆորումի կայքում

Հայաստանում ժողովրդավարական փոփոխությունները արտաքին քաղաքականության մեջ որեւէ տեկտոնիկ երեւույթ չեն առաջացրել։ Հայաստանը մնում է հավատարիմ իր միջազգային պարտավորություններին եւ արտաքին քաղաքական գործընկերներին։ Այս մասին Դավոսում Համաշխարհային տնտեսական ֆորումի կայքում գրում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով, ժողավրդավարական Հայաստանը կարող է ավելի արժեքավոր ներդրող լինել այն ռազմաքաղաքական եւ տնտեսական միություններում, որոնց նա մասնակցում է։
«Հետեւողական ժողովրդավարության ձեռքբերումը դժվար գործընթաց է, որը զգալի ժամանակ է պահանջում, անպայման հավատարմություն եւ նույնիսկ մենթալիտետի փոփոխություն։ Մենք միայն առաջին քայլերն ենք արել այդ չընդհատվող ուղու վրա։
Հասարակական վստահության աննախադեպ մակարդակի եւ լեգիտիմության պայմաններում Հայաստանի կառավարությունը հաստատել է բարեփոխումների հավակնոտ ծրագիր։ Կոռուպցիայի դեմ ամուր պայքարը, մենաշնորհների վերացումը, տնտեսական եւ քաղաքական կյանքի բոլոր մասնակիցների համար հավասար պայմանների ստեղծումը, աղքատության ոչնչացումը եւ անկախ դատական համակարգը մեր կառավարության առաջնահերթություններից են»,- գրում է Փաշինյանը։
Նա ընդգծում է, որ կառավարությունը ներկայում կենտրոնացած է տնտեսական վերափոխումների վրա։ «Մենք բոլորովին նոր էջ ենք բացել՝ այժմ Հայաստանում իրոք մրցակցային միջավայր է բիզնեսի վարման համար։ Մենք կատարելագործում ենք նորմատիվ-իրավական բազան, հեռացնում ենք առեւտրային խոչընդոտները, արդիականացնում ենք ենթակառուցվածքները, բարձրացնում ենք հայկական ապրանքների մրցունակությունը եւ ներգրավում արտասահմանյան ուղիղ ներդրումներ»,- նշում է վարչապետը։
Լինելով Եվրասիական տնտեսական միության անդամ, Հայաստանը, Փաշինյանի խոսքերով, որպես կապող օղակ, կարեւոր դեր է խաղում ԵՏՄ-ի եւ ԵՄ-ի միջեւ՝ արեւմտյան ընկերությունների համար ստեղծելով ԵՏՄ շրջանակներում բիզնես վարելու բազմաթիվ հնարավորություններ՝ օգտագործելով հայերի գիտելիքներն ու հմտությունները, որոնք լավ ծանոթ են այդ շուկային եւ նրա կանոններին։ «Մենք ԵՄ-ի հետ ստորագրել ենք համակողմանի եւ ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիր, որը կապում է Հայաստանին եւ ԵՄ-ին` ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական տեսանկյունից: Այսպիսով, կան բոլոր հնարավորությունները, որպեսզի օտարերկրյա ներդրողները Հայաստանում սկսեն իրենց բիզնեսը»,- նշում է նա:
Ինչպես վարչապետի հոդվածում է նշվում, Հայաստանը գտնվում է «իսկապես տեխնոլոգիական եւ արդյունաբերական տնտեսություն ձեւավորելու ճանապարհին, որը կհամապատասխանի 21-րդ դարի չափանիշներին`ավելի լայն հնարավորություններով եւ հեռանկարներով, որոնք Հայաստանը կդարձնեն թանկարժեք եւ բարձր տեխնոլոգիական ապրանքներ եւ ծառայություններ արտադրող երկիր, որոնց հիմքում ընկած է մարդկային ստեղծագործ կապիտալը»:
«Մենք վճռական ենք այս ճանապարհով շարժվելու, որպեսզի հասնենք մեր վերջնական նպատակին` կայուն, ժողովրդավարական եւ տնտեսապես զարգացող Հայաստանին, որտեղ ամեն ինչ հիմնված է օրենքի գերակայության եւ պատասխանատու կառավարման վրա: Մենք ձախողելու իրավունք չունենք: Մենք պետք է արդարացնենք մեր ժողովրդի վստահությունը եւ պաշտպանենք ժողովրդավարությունը»,- եզրափակում է հեղինակը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր