Քամալա Հարրիսը հրապարակել իր առողջության վերաբերյալ բժշկական եզրակացությունը          Հոկտեմբերի 12-ից 13-ը վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Կենդանակերպի նշաններն ինչպես են արտահայտում իրենց նվիրվածությունը    

28 հուն 2019 11:59

Սկանդալ Վրաստանում.Ի՞նչ գործ ունի Վրաստանում ղարաբաղյան պատերազմի հերոսի հուշարձանը

Սկանդալ Վրաստանում.Ի՞նչ գործ ունի Վրաստանում ղարաբաղյան պատերազմի հերոսի հուշարձանըԱդրբեջանում և վրացական սոցցանցերում շատերը վրդովվում են, փորձագետը սա չեզոքության խախտում է համարում

Վրացական Ջավախքի շրջանում, որը հիմնականում հայերով է բնակեցված, 1990-ականների սկզբին ղարաբաղյան պատերազմում զոհված ջավախեցու արձան է տեղադրվել։ Տեղական այս նախաձեռնությունը սոցցանցերում սկանդալ, իսկ Ադրբեջանում՝ կտրուկ արձագանք է առաջացրել։ Վրաստանի պաշտոնական կառույցներն իրադարձությունը դեռ չեն մեկնաբանել։
Միխայիլ Ավագյանի արձանի բացումը տեղի է ունեցել Ախալքալաքի շրջանի Բուգաշեն գյուղում հունվարի 20-ին։ Կարմիր ժապավենը կտրել են Վրաստանում Հայաստանի դեսպան Ռուբեն Սադոյանն ու գյուղում ծնված բարեգործ Գագիկ Ավագյանը, որի միջոցներով էլ հուշարձանը կանգնեցվել է։

Արարողությանը ներկա էին շրջանի ադմինիստրացիայի և տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարը, Վրաստանի խորհրդարանի պատգամավորներ Հենզել Մկոյանն ու Սամվել Մանուկյանը, որոնք «Վրացական երազանք» կուսակցությունն են ներկայացնում։

Բացմանը հրավիրված էին նաև տեղական իշխանություններն ի դեմս Ախալքալաքի քաղաքապետ Յուրիկ Հունանյանի և Սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանի։
Հայաստանի դեսպանն իր ելույթում ասել է․
«Շնորհիվ Միխայիլ Ավագյանի պես հայրենասերների՝ մեր ժողովուրդը կարողացել է կարևոր հաղթանակներ տանել»։
Բուգաշենում ծնված Միխայիլ Ավագյանը մասնակցել է ղարաբաղյան ռազմական գործողություններին հայկական ուժերի կազմում և հայտնի էր «Կոբրա» մականունով։ Նա մահացել է 1994թ-ին մարտի ժամանակ ստացած վիրավորումից։

Ավագյանի հուշարձանը Բուգաշեն գյուղում կանգնեցվել էր դեռ 1997թ-ին հին վթարային դպրոցի բակում։ Հուշարձանը փոխարինելու որոշումն առաջացել էր այն պատճառով, որ հինը պատահաբար վնասվել էր։
Թբիլիսիի արձագանքը
Վրաստանի իշխանությունների ներկայացուցիչները դեռևս ոչ մի կերպ չեն մեկնաբանել հուշարձանի բացումը։ Հաշտեցման և քաղաքացիական իրավահավասարության հարցերի նախկին պետնախարար Պաատա Զաքարեիշվիլին JAMnews-ի հետ զրույցում բացասական գնահատական է տվել այդ իրադարձությանը, հատկապես արարողությանն իշխանությունների ներկայացուցիչների մասնակցությանը՝ նշելով, որ դա խախտում է չեզոքության սկզբունքը, որը պահպանում է Վրաստանը Ղարաբաղի շուրջ հակամատության հարցում։
«Վրաստանը մինչ այժմ կարողացել է չեզոքություն պահպանել այդ իրավիճակում և Հարավային Կովկասում կայունության որոշակի գործոն մնալ։ Այդ ֆոնին տեղական իշխանությունների ցանկացած որոշում, կլինի դա Ջավախքում, թե Քվեմո Քարթլիում, պետք է բոլոր տեսակետներից լավ մտածված լինի՝ տեղական իշխանությունները դա պետք է հասկանան։
Ես կարծում եմ, որ տեղի իշխանություններն առավելագույնս պետք է փորձեին տեղի բնակիչներին համոզել, որ այդպիսի հուշարձանի բացումը չի համապատասխանում  Վրաստանի վերաբերմունքին Հարավային Կովկասի իրավիճակին։
Չէր կարելի իրավիճակը հասցնել այդ հուշարձանի բացման․ պետք էր մարդկանց բացատրել, որ Վրաստանը պետք է հակամարտության երկու կողմերին էլ, և պետք չէ փորձել նրան խոնարհել դեպի այս կամ այն կողմը։
Կարծում եմ, որ տեղական իշխանությունները պետք է ավելի շատ խելամտություն ցուցաբերեին և մշտապես կապի մեջ լինեին կենտրոնական իշխանությունների հետ, որոնք ձևավորում են երկրի քաղաքականությունը Հարավային Կովկասում»։
Հուշարձանի բացման մասին լուրը սոցցանցերի վրացի օգտատերերի վրդովմունքն է առաջացրել։ Նրանք գրում են․
«Ի՞նչ գործ ունի Վրաստանում ղարաբաղյան պատերազմի հերոսի հուշարձանը։ Ադրբեջանը մեր ռազմավարական գործընկերն է»։
«Հիմա ի՞նչ անել։ Մառնեուլիում (ադրբեջանցիներով բնակեցված քաղաք) սեփական հուշարձանը տեղադրել և պատերա՞զմ սկսել»։
«Ահա (Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի) երդմնակալությանը Սարգսյանի (Հայաստանի նախագահի) ներկայության քաղաքական արժեքը»։
«Սա շատ տագնապալի լուր է։ Հունվարի 20-ին Ջավախքում բացվել է ղարաբաղյան պատերազմի հերոսի հուշարձանը։ Իսկ այն Ադրբեջանում սգո օր է»։
Ադրբեջանի արձագանը
Ջավախքում հուշարձանի բացման լուրն Ադրբեջանում բացասական արձագանք է առաջացրել։
«Խոջալուի դահճին Վրաստանում հուշարձան են կանգնեցրել», – այսպիսի վերտառությամբ նորությունն արտատպում էին որոշ ադրբեջանական լրատվամիջոցներ։
Չնայած որ հստակ տեղեկություններ չկան, որ Ավագյանը մասնակցել է Լեռնային Ղարաբաղի Խոջալու ավանում 1992թ-ին տեղի ունեցած իրադարձություններին, որտեղ հարյուրավոր խաղաղ բնակիչներ՝ ադրբեջանցիներ են զոհվել։
Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովը ֆեյսբուքյան իր էջում վրդովմունք է արտահայտել Ջավախքում արձանի բացման կապակցությամբ։
«Ախալքալաքում տեղի ունեցած սադրիչ ակցիան թույլ տալը ջերմություն չի ավելացնի վրաց-ադրբեջանական հարաբերություններին և կարող է Ախալքալաքի հայերի համար խթան լինել նաև այլ սադրիչ գործողությունների՝ Թբիլիսիի և Բաքվի ռազմավարական գործընկերությանը վնաս հասցնելու նպատակով։ ․․․Կարծում եմ, որ պաշտոնական Բաքուն պետք է Վրաստանի կառավարությանը համապատասխան հարցում ուղղի և հստակություն մտցնի հայկական այս ակնհայտ սադրանքի վերաբերյալ իր դիրքորոշման մեջ»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր