Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք          Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս       Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ    

02 փետ 2019 13:25

Ո՞րն է Փաշինյանի խիզախ քայլը.Գերմանիան բացեց դաշտը Հայաստանի համար. հայտարարություններ Բեռլինում

Ո՞րն է Փաշինյանի խիզախ քայլը.Գերմանիան բացեց դաշտը Հայաստանի համար. հայտարարություններ ԲեռլինումՀայաստանի վարչապետը խիզախ քայլեր է ձեռնարկել, և մյուս կողմն էլ պետք է պատրաստ լինի այդպիսի քայլերի, փետրվարի 1-ին Բեռլինում Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, անդրադառնալով արցախյան խնդրին:

Թե ինչն է Նիկոլ Փաշինյանի խիզախ քայլը, մանրամասնել է հենց ինքը Փաշինյանը, մեկնաբանելով Գերմանիայի կանցլերի հայտարարությունը: Ըստ նրա, ինքը հայտարարել է, որ արցախյան լուծումը պետք է լինի ընդունելի բոլոր երեք կողմի ժողովուրդների համար՝ Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի: Կարո՞ղ է արդյոք Ադրբեջանի նախագահը նույնը հայտարարել, որ լուծումը պետք է ընդունելի լինի նաև Հայաստանի ու Արցախի ժողովրդի համար, հարցրել է Փաշինյանը, ինքն էլ, փաստացի պատասխանելով, որ Ադրբեջանի ղեկավարը չի գտնվում այդ հայտարարությանն ընդունակ և, ըստ այդմ, չի կարող լինել առաջընթացի հույս: Խիզախության մասին Անգելա Մերկելի հայտարարությունը, իհարկե, Հայաստանում կտա տարաբնույթ մեկնաբանությունների հերթական ալիքի առիթը, Փաշինյանի հանդեպ կասկածներով, որոնք իհարկե ունեն շատ կոնկրետ քաղաքական շարժառիթներ, որ գալիս են իշխող նախկին համակարգից:
Միևնույն ժամանակ ակնհայտ է, որ, երբ Գերմանիայի կանցլերը հայտարարում է խիզախ քայլերի մասին, դա բոնուս է հայկական կողմին, ոչ թե ինչ-որ «դավադրության» կասկածի տեղիք: Պատճառն այն է, որ, եթե կա այդպիսի իսկապես լուրջ կասկածի հիմք, ապա ուժային կենտրոնները կլռեն, ավելորդ հայտարարություններով չեն բորբոքի հայաստանյան հանրությանը, քանի դեռ այդ հիմքը չի դարձել հաստատուն պայմանավորվածություն: Ըստ այդմ, Մերկելի խոսքը բոնուս է հայկական կողմին, քաղաքական իմաստով միավոր, որ Գերմանիան գրանցում է Հայաստանի օգտին, ինչը կարող է իր հերթին խորքում ունենալ ավելի ռազմավարական նշանակության տողատակեր: Բանն այն է, որ Բեռլինն այդպիսով կարող է ձևավորել այն հիմքը, որով պետք է աշխուժացնի կամ ծրագրում է աշխուժացնել իր ռեգիոնալ քաղաքականությունը, ավելի լայն համատեքստում:
Եվ այս իմաստով անկասկած է, որ արցախյան գոտին շրջանցելը ուղղակի անհնարին է: Մյուս կողմից հասկանալի է, որ այստեղ պետք է դիրքորոշում, և հնարավոր չէ պարիտետի վրա կառուցել այդ աշխուժացումը ռազմավարական իմաստով: Ըստ այդմ պետք է գործընկեր: Միևնույն ժամանակ Բեռլինը, իհարկե, ինչպես ցանկացած աշխարհաքաղաքական կողմ՝ չի նեղացնի որևէ կողմի, չի գնա այսպես ասած՝ չփաստարկված ընտրության, որովհետև հիմնական գործընկերությամբ հանդերձ, աշխատել պետք է իհարկե երկու կողմի հետ: Ահա, այս փաստարկն է Մերկելի խոսքում, որ Գերմանիան արձանագրում է հայկական կողմի խիզախությունը, այսինքն` հայկական կողմը իր վարքագծով ավելի վստահելի և ընդունելի է եղել Գերմանիայի համար: Միաժամանակ, կանցլերը նաև արձանագրում է, որ բուն արցախյան խնդիրը երկարաժամկետ առումով անլուծելի է, առնվազն եղած տրամաբանությամբ դիտարկելիս, և, ըստ այդմ, Գերմանիան փաստարկում է Հայաստանի հետ գործակցելու հիմքը: Ընդ որում, այստեղ հիմնարար, ռազմավարական մտադրությունների մասին է վկայում այն, որ Նիկոլ Փաշինյանի առաջին այցին զուգահեռ, գերմանական կողմը կազմակերպել է նաև նախկին իշխանության՝ ՀՀԿ պատվիրակության այց, ինչը նշանակում է, որ Բեռլինը քննարկել է իրապես ռազմավարական հեռանկարի հարցեր, և այդ համատեքստում անհրաժեշտ է համարել համաժամանակյա դիտարկումը, այսպես ասած, ինստիտուցիոնալ հիշողության բազայի վրա:
Սա, իհարկե, հարցեր է առաջացնում, թե ինչ բնույթ է ունենալու այդ գործակցությունը և այստեղ հատկանշական է, որ Նիկոլ Փաշինյանն ասուլիսում շեշտել է տնտեսական գործակցության հարցերի քննարկումը, տնտեսական որ ծրագրեր իրականացնելու հեռանկարների դիտարկումը: Անխոս է, որ ռեգիոնալ քաղաքականության աշխուժացման համատեքստում Գերմանիան, իհարկե, հիմնական գործիքակազմ դիտարկելու է տնտեսությունը: Սակայն մյուս կողմից, սա, իհարկե, ինքնաբերաբար, ինքնահոս գործընթաց չէ, և հայկական կողմը Բեռլինի ընտրությունը կարող է և կորցնել, եթե չլինեն ռազմա-քաղաքական համատեքստ ներառող տնտեսական գաղափարներ ու նախաձեռնություններ, որոնց համար, իհարկե, առաջին հերթին անհրաժեշտ է ինքնիշխանություն: Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Գերմանիան Հայաստանի առաջ չի դնում աշխարհաքաղաքական կողմնորոշման խնդիր, ինչն այլ կերպ նշանակում է, որ չի դրվում Ռուսաստանից Եվրոպա կամ Արևմուտք թեքվելու հարց: Սակայն սա, իհարկե, ինքնին Ռուսաստանին հանգստացնելու միտված հայտարարություն լինելով, միաժամանակ պահանջում է իհարկե ավելի մեծ պատասխանատվություն, որովհետև Բեռլինը, փաստորեն չդնելով աշխարհաքաղաքական կողմնորոշման հարց, դնում է բովանդակության հարցը, գաղափարների հարցը:
Այսինքն՝ Հայաստանից չի ակնկալվում ընտրել Արևմուտք, թե Ռուսաստան, և սա, ըստ էության, նոր չէ: Հայաստանից ակնկալվում է բովանդակություն, որը համահունչ կլինի ռեգիոնում ոչ միայն ռուսական շահերին: Նոր Հայաստանը օժտված է դա անելու ինքնիշխան կարողունակության անհամեմատ բարձր աստիճանով, և միաժամանակ համաշխարհային իրավիճակն էլ տալիս է այդ կարողությունն արդյունավետ օգտագործելու հնարավորություն, որի որքային պահանջարկը՝ որքան էլ տարօրինակ է, ունի նույնիսկ Ռուսաստանը: Սա, իհարկե, առանձին խոսակցության նյութ է, սակայն Նիկոլ Փաշինյանի Գերմանիա այցը, խոշոր հաշվով, ցույց տվեց, որ Հայաստանի համար բացված է ռեգիոնալ քաղաքականության առումով արտաքին քաղաքական դիվերսիֆիկացիայի աստիճանը առավել բարձրացնելու շոշափելի դաշտ, և այս իմաստով էական է, որ Գերմանիայում էլ Փաշինյանը հայտարարեց փետրվարի վերջին Իրան այցելելու մասին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր