Առաջարկվում է փոփոխություններ մտցնել շարունակական բժշկական կրթության կրեդիտների կուտակման մեխանիզմում

Գևորգ Գրիգորյանը նշեց, որ շարունակական բժշկական կրթության կրեդիտների կուտակման մեխանիզմում առաջարկվում է փոփոխություններ մտցնել: Համապատասխան առաջարկությունների փաթեթը մշակվում է այս տարվա հունվարի 8-ից մեկնարկած «Հայաստանում բժիշկների շարունակական մասնագիտական զարգացման բարելավման ծրագրի» շրջանակում. «Ավելի քան 100 բժիշկների շրջանում անցկացված հարցումը ցույց է տվել, որ նրանք իսկապես վատ են տեղեկացված, թե ինչպես է պետք հավաքել անհրաժեշտ կրեդիտները: Օրինակ՝ կրեդիտները կարելի է ստանալ համաժողովներին մասնակցելու միջոցով, սակայն հստակություն չկա, թե արդյոք կրեդիտներ փոխանցվո՞ւմ են հարակից մասնագիտությունների բժիշկներին նեղ մասնագիտական համաժողովներին մասնակցելուց հետո, թե ոչ: Հարցեր են առաջանում նաեւ արտասահմանում ստաժավորման փաստն ապացուցող վկայականների ներկայացման ժամանակ»,- նկատեց Գեւորգ Գրիգորյանը:
Գեւորգ Գրիգորյանը նաև նշեց, որ ծրագրի շրջանակում՝ մարտի 7-ին կհայտարարվի հասարակական կազմակերպությունների առողջապահական կոալիցիայի ստեղծման մասին, որը լիազորված կլինի համապատասխան մարմինների հետ քննարկել առողջապահության ոլորտի հարցերը եւ խնդիրները. «Անհրաժեշտ է կրեդիտները հաշվի առնելու աղյուսակ մշակել, որոնք հաշվարկվել են արտասահմանում որակավորման բարձրացման դասընթացներ անցնելու համար:
Խորհուրդ է տրվում նաեւ բժիշկներին պարտավորեցնել ամեն տարի հավաքել Х քանակությամբ
կրեդիտներ՝ լինի դա ինքնակրթության ճանապարհով, հոդվածների հրապարակման, թե համաժողովներին
կամ վերապատրաստման դասընթացներին մասնակցելու»,- ասաց Գևորգ Գրիգորյանը:
Սպասվում է, որ արդեն մայիսի կեսին առաջարկները կուղարկվեն Հայաստանի Առողջապահության նախարարություն եւ Առողջապահության ազգային ինստիտուտ:
Հայաստանում բժիշկների շարունակական մասնագիտական զարգացման բարելավման ծրագիրն ավարտվում է ընթացիկ տարվա հուլիսի 1-ին:
Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրամիության՝ շուրջ 4,5 մլն դրամ դրամաշնորհի շրջանակում: