Ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 25-ին տարադրամի շուկայում          Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցածից հետո արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»       Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների    

08 նոյ 2022 16:34

Մինչեւ 2023թ. հունվարի 1-ը հավաստագրում չանցած բուժաշխատողները կզրկվեն աշխատանքից

Հայաստանում այն բուժաշխատողները, որոնք մինչեւ 2023թ. հունվարի 1-ը անհրաժեշտ քանակությամբ շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) կրեդիտներ չեն հավաքի եւ չեն ստանա հավաստագիր հետագա հնգամյա գործունեության համար, կզրկվեն աշխատելու հնարավորությունից։ Այս մասին NEWS.am Medicine-ի  թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի Մասնագիտական գործունեության հավաստագրման ազգային կենտրոնի ղեկավար Լիլիթ Հարությունյանը։

Նրա խոսքով՝ այսօրվա դրությամբ հավաստագրման կենտրոնն ընդունել է 12 200 հայտ եւ արդեն տրամադրել է 10 000 հավաստագիր։ Երկրում ընդհանուր առմամբ մոտ 40 000 բուժաշխատող կա։

Հավաստագրման հայտերը կարելի է լրացնել՝ այցելելով կենտրոն, ինչպես նաեւ էլեկտրոնային եղանակով՝ հայտն ու սքանավորված փաստաթղթերն ուղարկելով havastagir@nih.am էլեկտրոնային հասցեին։

Նա հիշեցրել է, որ բուժաշխատողների շարունակական մասնագիտական զարգացման կրեդիտային համակարգը Հայաստանում ներդրվել է «Բնակչության բժշկական օգնության եվ սպասարկման մասին» օրենքի փոփոխություններով, որոնք ուժի մեջ են մտել 2016թ. մայիսի 4-ին։ Այս համակարգը ենթադրում է հնգամյա շրջափուլ, եւ առաջին հինգ տարին ավարտվել է 2021թ.։ Բայց կորոնավիրուսի համավարակի եւ 2020թ. պատերազմի պատճառով որոշվել է բուժաշխատողների հավաստագրման ժամկետը հետաձգել մինչեւ 2023թ.։

Հավաստագրեր

Լիլիթ Հարությունյանը նշել է, որ բուժաշխատողների համար գոյություն ունի հավաստագրերի երկու տեսակ՝ առաջին անգամ տրվող հավաստագիր եւ շարունակական մասնագիտական զարգացման հավաստագիր։ Առաջինը տրվում է ավտոմատ կերպով, մասնագիտական կրթական հաստատության դիպլոմի հիման վրա։ Փաստացի, այժմ Հայաստանում առաջին անգամ տրվող հավաստագիր ստանում են կլինիկական օրդինատուրաների եւ միջին բժշկական ուսումնական հաստատությունների 2018-2022թթ. բոլոր շրրջանավարտները։ 

Շարունակական մասնագիտական զարգացման հավաստագիր ստանալու համար անհրաժեշտ է հինգ տարվա ընթացքում հավաքել ՇՄԶ կրեդիտների նվազագույն քանակությունը եւ ունենալ առնվազն երեք տարվա աշխատանքի փորձ։ Եթե բուժաշխատողը չունի երեք տարվա փորձ այդ ընթացքում, բայց հավաքել է ՇՄԶ կրեդիտների պահանջվող քանակության 70 տոկոսը, նա հնարավորություն ունի թեստավորվել եւ դրական արդյունքի դեպքում նույնպես հավաստագրում անցնել։

Շարունակական մասնագիտական զարգացման կրեդիտները

Որքա՞ն ՇՄԶ կրեդիտներ պետք է հավաքեն տարբեր մասնագետները.

Ավագ բուժաշխատողներ՝ 220
Միջին բուժաշխատողներ՝ 140
Դեղագետներ՝ 160
Դեղագործներ՝ 100։
Ինչպես նշել է մասնագետը, բուժաշխատողները կարող են կրեդիտները կուտակել տարբեր միջոցներով՝ մասնակցելով գիտաժողովների ինչպես Հայաստանում, այնպես էլ արտասահմանում, հաճախելով վերապատրաստման դասընթացների՝ ինչպես առկա, այնպես էլ առցանց, զբաղվելով գիտական եւ դասախոսական գործունեությամբ։ Կա կրեդիտների երեք տեսակ՝ տեսական, գործնական եւ ինքնակրթության կրեդիտներ։ Կրեդիտների յուրաքանչյուր տեսակից բժիշկները պետք է ունենան առնվազն 5-ը, այլ սահմանափակումներ չկան։

Օրինակ, թեկնածուական ատենախոսությունը բժիշկներին ապահովում է 180 կրեդիտ, դոկտորականը՝ 220, հոդվածների հրապարակումն ազդեցության գործակցով ամսագրերում՝ մինչև 36 կրեդիտ։ Կրեդիտներ են գոյանում նաեւ ատենախոսությունների ղեկավար լինելու համար։

Վերապատրաստման դասընթացներ

Լիլիթ Հարությունյանը նշել է, որ ներկա պահին նկատվում է բուժաշխատողների բարձր ակտիվություն հնարավոր բոլոր  շարունակական մասնագիտական զարգացման համակարգում հավատարմագրված միջոցառումներին հաճախելու իմաստով, քանի որ երկու ամիս հետո բուժաշխատողների հավաստագրման ժամկետն ավարտվում է։ Թեեւ նրանք մոտ յոթ տարի ունեին, որպեսզի հավաքեին կրեդիտների անհրաժեշտ քանակությունը,  կան մարդիկ, որոնք չեն հասցրել անել դա, եւ հիմա լրացնում են բաց թողնվածը։ Կան բժիշկներ էլ, որոնք հավաքել են անգամ 700-800 կրեդիտ եւ արդեն ստացել են իրենց հավաստագրերը։

Նա նշել է, որ թե՛ Երեւանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանը, թե՛ Առողջապահության ազգային ինստիտուտը կազմակերպում են բժիշկների վերապատրաստման դասընթացներ, ինչպես վճարովի, այնպես էլ անվճար։ Ավելին, ընդունվել է որոշում մինչեւ 2022թ. վերջը համարել հավատարմագրված անգամ վերապատրաստման այն դասընթացները, որոնց վկայականների վրա նշված չէ ՇՄԶ քանակը։ Վերապատրաստման դասընթացներին մեկ շաբաթ այցելելու համար հաշվարկվում է 25 կրեդիտ, առավելագույն տեւողությունը՝ 7 շաբաթ է, այսինքն՝ ընդհանուր առմամբ տրամադրվում է 175 ՇՄԶ։

Այդ դասընթացների վճարը բժիշկների համար շաբաթական մոտ 20 հազար դրամ է, յոթ շաբաթվա համար՝ 140 հազար դրամ։ Լիլիթ Հարությունյանն այս գումարը շատ մեծ չի համարում բժիշկների համար, անգամ նրանց, ովքեր նվազագույն աշխատավարձ են ստանում, քանի որ այս դասընթացներին հաճախել պետք է ոչ թե յոթ շաբաթ անընդհատ, հնգամյա ժամկետի ավարտին (այս դեպքում՝ յոթնամյա), այլ դրանք հավասարաչափ բաժանելով ըստ տարիների։

Նա ավելացրել է, որ այսօր կան առցանց շատ վերապատրաստման դասընթացներ, որոնց բժիշկները կարող են մասնակցել իրենց հարմար ժամանակ՝ տնից, ընդ որում՝ դրանցից շատերն անվճար են։ Պետք է ընդամենը կարդալ նյութերը եւ լրացնել թեստերը։ «25 000 բուժաշխատող ուսուցում է անցել Առողջապահության ազգային ինստիտուտի այս անվճար դասընթացներում եւ կրեդիտներ ստացել»,- ավելացրել է նա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր