Ադրբեջանի առանց ծանուցման զորավարժությունները չի նպաստում տարածաշրջանային անվտանգության ու վստահության մթնոլորտի ձևավորմանը
Արցախի անվտանգության ապահովումն ու կարգավիճակը ՀՀ համար եղել ու մնում են բացարձակ գերակայություն: Այս մասին ԵԱՀԿ գործող նախագահի հետ տեղի ունեցած համատեղ մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:
Արտգործնախարարի խոսքով՝ բազմակողմ դիվանագիտությունը կարևոր նշանակություն ունի տարածաշրջանում անվտանգության ու խաղաղության ամրապնդման համար: Այս առումով, ըստ Մնացականյանի, կարևոր է ԵԱՀԿ լայն գործիքակազմի օգտագործման համար անհրաժեշտ կամքի ցուցաբերումը:
«Քննարկել ենք ԵԱՀԿ ռազմաքաղաքական հարթությանը վերաբերող հարցեր: Տարածաշրջանում մարդկանց անվտանգ ապագայի ապահովման համար անհրաժեշտ է առանց քաղաքական նախապայմանների հավատարիմ մնալ անվտանգության ու վստահության ամրապնդման միջոցառումներին, սպառազինությունների վերահսկման առկա ռեժիմներին, բացառել ապակայունացնող ռազմական շինարարությունը, զերծ մնալ այնպիսի գործողություններից, որոնք խրախուսում են սպառազինությունների մրցավազքը»,- ասաց նա:
Մնացականյանն ասաց, որ ինքը վերահաստատել է ՀՀ աջակցությունը ԵԱՀԿ ՄԽ համանախագահության հովանու ներքո հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորմանը՝ հիմնված միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների՝ մասնավորապես ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրագործման վրա:
«Արցախի անվտանգության ապահովումն ու կարգավիճակը ՀՀ համար եղել ու մնում են բացարձակ գերակայություն: Կրկնեցի նաև այն մոտեցումը, որը վերաբերում է Ղարաբաղի որոշիչ ձայնի ու ներգրավվածության ապահովմանը: ԼՂ հիմնախնդրի առանցքում ընկած է Արցախի ժողովրդի, մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների, սեփական հայրենիքում ճակատագիրն ազատ տնօրինելու անօտարելի իրավունքը:
Այն վերաբերում է Արցախի 150.000 բնակչության ֆիզիկական, կենսական անվտանգությանը: Հիմնախնդրի խաղաղ կարգավորման արդյունավետ գործընթացի համար անհրաժեշտ նշանակություն ունի խաղաղության համար նպաստավոր մթնոլորտի ձևավորումը»,- շեշտեց Զոհրաբ Մնացականյանը:
ԱԳ նախարարն ընդգծեց, որ Ադրբեջանի կողմից հարձակողական բնույթի զորավարժությունների իրականացումն առանց ծանուցման ոտնահարում է ԵԱՀԿ գործիքակազմով նախատեսված միջազգային պարտավորությունների պահանջները, չի նպաստում տարածաշրջանային անվտանգության ու վստահության մթնոլորտի ձևավորմանը: