Աղը ավելի շատ մարդ է սպանում Հայաստանում, քան ծխախոտը
Գլխուղեղի իշեմիկ ինսուլտի ծրագրի համար այս տարի ընդհանուր առմամբ պետական բյուջեից կծախսվի 450 մլն դրամ: Այս մասին այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Հիշեցնենք, որ իշեմիկ ինսուլտի ծրագրով միջամտություններն իրականացվում են պետական բյուջեի հաշվին:
Նախարարը նշեց, որ ծրագրի սկզբունքը հետևյալն է՝ եթե ինսուլտը զարգացել է ինչ-որ ժամանակահատվածում, դեռ հույս կա այդ խցանված անոթը բացել, որ մարդը չդառնա հաշմանդամ, արագ արվում է այդ միջամտությունը: «Դրա բուժման երկու ձև կա, մեկը՝ դեղ է ներարկվում, եթե դա չի ազդում, վիրահատական միջամտություն է լինում: Եթե ամեն ինչ արագ է լինում, հնարավոր է փրկել մարդուն: Խոսքը 24 ժամվա ընթացքում միջամտություն ցուցաբերելու մասին է: Այս պահին էրեբունի և Հերացի հիվանդանոցային համալիրում է ներդրված ծրագիրը: Սա այն դեպքն է, երբ մարդուն կարելի է փրկել՝ արագ կազմակերպելու դեպքում: Հիվանդանոց մտնելուց կես ժամ հետո արդեն բուժումն սկսվում է»,- ասաց նախարարը:
Նրա տեղեկացմամբ՝ այս տարի օգոստոսի 12-ի դրությամբ այս ծրագրով արդեն 212 դեպք սպասարկվել է, ծախսվել է 350 մլն դրամ գումար: Միջինը մեկ անձի հաշվով ծախսը կազմում է 1.5 մլն դրամից ավելի, որոշ դեպքերում՝ մինչև 4 մլն դրամ: Այս տարի ծրագրի շնորհիվ, ըստ նախարարի, 182 մարդ վերադարձել է առողջ կյանք, 30 մարդու չի հաջողվել փրկել: Սա միջազգային թվերով շատ լավ ցուցանիշ է, ասաց նախարարը: Շուտով ծրագիրը կներդրվի նաև Աստղիկ ԲԿ-ում:
«Մենք մտել ենք մոտ 200 մլն-ով այս տարի, արդեն հուլիսին հավելյալ միջոցներ վերցրվեցին, ևս 250 մլն վերցրեցինք այս ծրագրի համար, կանխատեսվում է, որ մինչև տարվա վերջ այս ծրագրի համար կծախսվի 450 մլն դրամ»,- ասաց Թորոսյանը:
Դեպքերի 45 տոկոսը, ըստ նախարարի, մարզերի հիվանդներն են:
Նա նշեց, որ ծրագրի ընդլայնման հնարավորություններ են քննարկում, մարզերում, օրինակ, Գյումրիում, Վանաձորում կամ Կապանում կարող են ներդնել համակարգ, որ ներարկումն արվի, դրա ազդեցությանը զուգընթաց հիվանդը տեղափոխվի մայրաքաղաք: Դրա համար կարևոր է, որ մարզային հիվանդանոցները համապատասխան հագեցվածություն ունենան՝ թե մասնագիտական, թե տեխնիկական՝ ստուգումներ իրականացնելու համար:
Արսեն Թորոսյանն անդրադարձավ նաև կյանք փրկող մեկ այլ ծրագրի՝ սրտի ստենտավորմանը:
Նա նշեց, որ եթե նախկինում մարդիկ նաև հրաժարվում էին պետպատվերով իրականացվող այս ծրագրից, քանի որ ստենտերը ոչ դեղապատ էին, ապա երբ որոշվեց դեղապատ ստենտեր տեղադրել, ծրագրի շահառուների թիվն այս տարի աճեց: Տարվա առաջին յոթ ամիսներին 30 տոկոսով աճել է ծրագրից օգտվողների թիվը:
Նա ասաց, որ սրտի միջամտությունների մասով ծրագրերը պետք է ընդլայնվեն, կան սուր վիճակներ, որոնք ինֆարկտ չեն, բայց կարող են սրվել, եթե միջամտություն չցուցաբերվի:
Վարչապետը հետաքրքրվեց՝ դեպք չի լինի՞, երբ բժիշկները կասեն՝ ախտորոշումն առկա է, բայց պետպատվերի փողը վերջացել է:
«Մերժան որևէ դեպք չի կարող լինել ու չի էլ եղել»,- հավատացրեց նախարարը:
Նա նշեց, որ ծրագիրը նաև Վանաձորում է ներդրված, Սանկտ Պետերբուրգից բժիշկ է եկել ու այնտեղ անցել աշխատանքի: Գյումրիում էլ ավելի վաղ էր ներդրվել ծրագիրը:
Բացի դա, ըստ Արսեն Թորսյանի, պետպատվերով սրտի թանկարժեք հետազոտոթյուններ, սրտի բաց վիրահատություններ և այլ ծառայություններ են մատուցվում են 500 հազար քաղաքացիների համար, որոնք հատուկ խմբերում են ընդգրկված, այդ թվում են՝ զինծառայողների ընտանիքների անդամները:
Ըստ Արսեն Թորոսյանի՝ սրտանոթային հիվանդությունների զարգացմանն էապես նպաստում է չափից ավելի աղ օգտագործելը: Երբ Նիկոլ Փաշինյանը կարևորեց այս համատեքստում ծխախոտի դեմ պայքարի ծրագիրը, նախարարն ասաց. «Հայաստանում երկու անգամ ավելի շատ աղ են օգտագործում, աղը ավելի շատ մարդ է սպանում Հայաստանում, քան ծխախոտը»: