Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման          Տեսանյութ.Փարիզում տղամարդը ներխուժել է Իրանի հյուպատոսության շենք և սպառնացել պայթեցնել իրեն. տղամարդուն ձերբակալել են       Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը    

24 հոկ 2019 15:11

Արդյո՞ք մոտ ապագայում ռազմական դրություն սահմանելու մտահոգություններ կան․ պատգամավորը՝ փոխնախարարին

ԱԺ-ն հոկտեմբերի 24-ին քննարկեց կառավարության ներկայացրած «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագիծը: Դրանով նախատեսվում է ռազմական դրության ժամանակ բուժօգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների կառավարման լիազորությունները փոխանցել ՀՀ առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնին` անկախ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների սեփականության ձևից՝ բացառությամբ պաշտպանության նախարարության զինվորական հոսպիտալների:
Քննարկմանը մի շարք պատգամավորներ հարցադրեցին, թե ինչո՞վ է պայմանավորված դրա՝ հենց այս պահին ներկայացումը, արդյո՞ք մոտ ապագայում ռազմական դրության սահմանման մտահոգություններ կան:
Արման Բաբաջանյանը, դիմելով հիմնական զեկուցող, առողջապահության նախարարի տեղակալ Լևոն Հակոբյանին, հարցրեց. «Ապրիլյան պատերազմից հետո այդպիսի միասնական շտաբ ստեղծելու հարց քննարկվե՞լ է, ծախսերն ո՞ւմ կողմից են արվելու: Ի պատասխան Լ.Հակոբյանն ասաց. «Ապրիլյան պատերազմի օրերին ես փոխնախարար չեմ եղել, սակայն գիտեմ, որ նման քննարկումներ եղած կլինեն»:
Իսկ ինչ վերաբերում է ծախսերի հատուցմանը, ապա դա արդեն իսկ առկա օրենսդրությամբ կարգավորվում է: Ինչպես պարզաբանեց «Իմ քայլից» Արտակ Մանուկյանը, փոխհատուցման հարցը կարգավորված է «Գնումների մասին» օրենքով: Դրանում ամրագրված են անհետաձգելիության հիմքեր, ռազմական դրությունը դիտարկվելու է ֆորսմաժորային իրավիճակ, և փոխհատուցումների հարցը լուծվելու է մեկ անձից գնման ճանապարհով:
Մոտ ապագայում ռազմական դրություն հաստատվելու մտահոգություններին ի պատասխան՝ առողջապահության փոխնախարարն Լ.Հակոբյանն ասաց, որ ռազմական դրության վերաբերյալ քննարկում չի եղել, սակայն այդ վտանգը միշտ էլ կարող է լինել: Օրինագծով պարզապես խնդիր է դրվել ռազմական դրության ժամանակ ուղղահայաց կառավարման բերել առողջապահության ոլորտը:
Խորհրդարանը վերոնշյալ օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո 2-րդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունեց նաև նախորդ օրը քննարկած բոլոր նախագծերը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր