Պարզվել է վանաձորցի 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը          Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով. եղանակն առաջիկա օրերին       Տեսանյութ.Ինչպես հաղթահարել ներանձնային կոնֆլիկտը և դառնալ սեփական կյանքի տերը    

26 հոկ 2019 17:15

3 միլիոնից 1-ը. հայ բժիշկները հազվադեպ հիվանդություն են ախտորոշել 47-ամյա կնոջ մոտ

Մեկ ամիս առաջ 47-ամյա կնոջ ոտքերը սկսել են ուժեղ ցավալ, իսկ երկու օր անց նրա ոտքերը սկսել են թմրել. սկզբում նվազել է ոտնաթաթերի զգայունությունը, հետո թմրել են ավելի վերին հատվածները՝ հասնելով մինչեւ պորտը։ Ի հայտ է եկել նաեւ թուլություն ոտքերում։
Հոկտեմբերի սկզբին պացիենտը, որը չի ցանկացել նշել անունը, դիմել է բժշկի եւ հոսպիտալացվել Հայաստանի բժշկական կենտրոններից մեկում. թեեւ ախտանշանների սկզբից ընդամենը 5-6 օր է անցել, պացիենտն արդեն չի կարողանում քայլել, նրա մոտ սկսվել են միզելու խնդիրներ։ Մի շարք հետազոտություններ իրականացնելով՝ բժիշկները նրա մոտ սուր մոտորասենսորային աքսոնալ նեյրոպաթիա` «պոլիռադիկուլոնեյրոպաթիա» են կասկածել (ОМСАН, Acute motor and sensory axonal neuropathy - AMSAN), որը հազվադեպ հիվանդություն է, հանդիպում է 3 մլն մարդուց մեկի մոտ։
Ցանկանալով երկրորդ կարծիք լսել՝ պացիենտի ընտանիքը դիմեց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ նյարդապաթոլոգիայի բաժանմունք, որտեղ հետո տեղափոխվել է պացիենտը։ Բոլոր ախտանշանները նրա մոտ պահպանվել են՝ թե՛ ոտքերի սուր ցավը, թե՛ զգայականության խախտումները, թե՛ ոտքերի թուլությունը։ Պացիենտը դեռ չի կարողանում քայլել։

Նախնական ախտորոշումը հաստատվել է. պացիենտն իսկապես սուր շարժասենսորային ակսոնալ նեյրոպաթիա ունի՝ Գիեն-Բառեի համախտանիշի ծանր տարատեսակ, որն ախտահարում է վերջույթների նյարդային ծայրամասերը եւ հանգեցնում պարեզների ու զգայականության խանգարման։ Եթե հիվանդությունն ախտահարում է  շնչառական մկանները, պացիենտին միացնում են թոքերի արհեստական վենտիլյացիայի ապարատին։
Բուժումը խորհուրդ է տրվում սկսել որքան հնարավոր է շուտ, առաջին իսկ օրերին, այլապես վերականգնվելու հնարավորությունները նկատելիորեն նվազում են։ Քանի որ պացիենտը արդեն բավական ժամանակ էր կորցրել, բժիշկները որոշեցին սկսել ագրեսիվ բազմաբաղադրիչ բուժում՝ պլազմոֆերեզ եւ մեթիլպրեդնիզոլով փուլ-թերապիա։
Պացիենտի վերականգնման շանսերը բավական ցածր էին, բայց բուժման 3-րդ օրը ոտքերի զգայականությունը սկսել է վերականգնվել, իսկ 4-րդ օրը պացիենտը կարողացել է ոտքի կանգնել։
Հայ բժիշկները կապ են հաստատել նաեւ Լիմոժի (Ֆրանսիա) համալսարանական հիվանդանոցի գործընկերների հետ։ Հայտնի նյարդապաթոլոգ, պրոֆեսոր Միշել Վալաթը եւ նրա գործընկերները համաձայնել են անվճար մի շարք թանկարժեք հետազոտություններ կատարել, որոնք անհրաժեշտ են ախտորոշումը հաստատելու եւ հետագա բուժումը որոշելու համար։ Այդ հետազոտությունները հասանելի չեն ոչ միայն Երեւանում, այլեւ եվրոպական քաղաքների մեծ մասում, իսկ դրանց արժեքը, ինչպես հայտնի է դարձել NEWS.am Medicine-ին, գերազանցում է 2000 եվրոն։
Հոկտեմբերի 25-ին պացիենտը դուրս է գրվել հիվանդանոցից. նվազագույն թուլությունը ոտքերում դեռ պահպանվում է, բայց նա կարողացել է ինքնուրույն քայլել։ Առաջիկայում նրան անհրաժեշտ կլինեն վերականգնողական բուժում եւ նյարդապաթոլոգների վերահսկողություն։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր