Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք          Տեսանյութ.Կիրանցում գերլարված իրավիճակ է, սև բերետավոտներն ուժի կիրառմամբ փորձում են բացել ճանապարհը       Հյուրանոցի տարածքում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց    

04 նոյ 2019 11:37

Փախլավայի արտադրամաս ունեցող 2 ադրբեջանցիներ Մոսկվայից սիրիացի զինյալներին են մատակարարել հրազենի համար սարքավորումներ

Սիրիացի զինյալները հրազենի համար ջերմատեսասարքերը եւ այլ սարքավորումները ստացել են անմիջապես Մոսկվայից: ԱԴԾ-ն պարզել է, որ երկու տարի շարունակ մատակարարումներն իրականացրել են 2 ադրբեջանցիներ, որոնք փախլավայի  արտադրամաս ունեին, հայտնում է «Կոմերսանտը»՝ «Փախլավան ծառայում է ահաբեկչությանը» խորագրով հոդվածում:
Արեւմտյան շրջանային 2-րդ ռազմական դատարանը հատուկ կարգով է քննել Ռասիմ Բախշիեւի եւ Էլշադ Յաղուբովի քրեական գործը, որոնք մեղադրվում են ՌԴ ՔՕ 205.1 հոդվածի 1-ին մասով նախատեսված (օժանդակություն ահաբեկչական գործունեությանը) հանցագործության կատարման մեջ: Երկու ֆիգուրանտներն էլ, որոնց ԱԴԾ-ն ձերբակալել էր 2018 թվականի օգոստոսին, իրենց մեղքն ամբողջությամբ ընդունել են եւ զղջացել՝ օգնելով քննությանը:


Պարզվել է, որ Բախշիեւն ու Յաղուբովը, որոնք 50-ն անց են, օրվա ապրուստը հոգացել են փախլավայի ոչ մեծ արտադրությամբ, որը լավ էր իրացվում մայրաքաղաքի ադրբեջանական սփյուռքի շրջանում: Սակայն 2016 թվականին հրուշակագործների հետ կապ է հաստատել Թուրքիայում բնակվող ծանոթը, որն առաջարկել է այդ երկիր մատակարարել որսորդական հրացանի համար ջերմատեսասարքեր, նշանառության սարքեր, հեռադիտակներ եւ մոնոկուլյարներ: Այս սարքերի գործարքների համար պետք չէ ունենալ Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության լիցենզիա, ինչից էլ օգտվել են ձեռնարկատերերը: Մինչեւ 2017 թվականը նրանք արտասահման իրենց գործընկերոջն ուղարկել են մոտ 30 մլն ռուբլու արտադրանք, որը միանգամայն օրինականորեն ձեռք էին բերում մայրաքաղաքային խանութներում:
Ձեռնարկատերերի պաշտպանների տեղեկություններով՝ նրանք պատկերացում իսկ չունեին, որ ջերմատեսասարքերն ու մոնոկուլյարները Թուրքիայից տեղափոխվել են Սիրիա, որտեղ օգտագործվել են տարբեր ահաբեկչական խմբերի եւ անօրինական ռազմական կազմավորումների զինյալների կողմից: «Ռասիմը եւ Էլշադը, որոնք ԽՍՀՄ-ում են ծնվել, քիչ են հետաքրքրվել քաղաքականությամբ եւ կրոնական հարցերով, ոչ մի ԻԼԻՊ-ի չեն հարել, այլ պարզապես փորձել են փող վաստակել՝ իրենց ընտանիքներին կերակրելու համար»,- «Ъ»-ին ասել է ձեռնարկատերերի ծանոթը՝ նշելով, որ Թուրքիա բուն մատակարարումների մեջ ոչ մի քրեական բան չկա:
Սակայն 2017 թվականի փետրվարին ռուսական զորքերը բռնել էին ջերմատեսասարքերի խմբաքանակ: Դրանցից ամենահասարակները կարելի է գնել 15-20 հազար ռուբլով: Առավել բարդ սարքերը, որոնք թույլ են տալիս թիրախը հայտնաբերել եւ խոցել մեկ կիլոմետրից ավելի հեռավորությամբ, կարժենան արդեն ավելի քան 1 մլն ռուբլի: ԱԴԾ զինվորական հակահետախուզության աշխատակիցները սարքերի ծագումը պարզելիս, հաստատել են, որ արտադրողներն այն ուղարկել էին Ռուսաստանում իրացնելու համար: Սարքերի վրա եղած համարներով պարզվել են խանութները, որտեղ ադրբեջանցիներն այն ձեռք էին բերել, իսկ առեւտրի կետերում թողած հեռախոսահամարներով դուրս են եկել պարոնայք Բախշիեւի եւ Յաղուբովի հետքի վրա:
Նրանց մեղադրանք է առաջադրվել ահաբեկչությանը ֆինանսավորելու միջոցով ահաբեկչական գործունեությանն օժանդակելու համար, որն արտահայտվել է օպտիկական սարքերի (ջերմատեսասարքերի եւ մոնոկուլյարների), ինչպես նաեւ դրանց աքսեսուարների մատակարարմամբ, վերջինները նախատեսված էին որպես ձեռքի մարտական հրազենի կախովի սարքավորում: Փորձագետների եզրակացությամբ՝ դրանք կարող էին օգտագործվել թիրախային կրակոցների համար հայտնաբերված ջերմակոնտրաստային թիրախների վրա՝ ի դեմս ռուսաստանցի զինծառայողների եւ սիրիացի առաջնորդ Բաշար Ասադի կողմնակիցների: Դրանից բացի, նրանց լրացուցիչ մեղսագրվում է Ռուսաստանում Տաջիկստանի քաղաքացիների օրինականացմանը աջակցության ցուցաբերումը:
Քննությամբ անցնող անձանց սպառնում էր 5-ից մինչեւ 15 տարվա ազատազրկում, բայց դատարանը, հաշվի առնելով մեղադրյալների օգնությունը, սահմանել է 6 տարվա պատժաժամկետ: Ընդ որում՝ նրանք պատիժը պետք է կրեն ոչ թե խիստ, այլ ընդհանուր ռեժիմի գաղութում, ինչը ընձեռում է վաղաժամկետ պայմանական ազատվելու հնարավորություն:
Դատապարտյալների պաշտպաններն, այդուհանդերձ, դատավճիռը բողոքարկել են Գերագույն դատարանի զինծառայողների գործերով կոլեգիայում՝ այն անարդարացի անվանելով չափից ավելի «խիստ» լինելու պատճառով: Փաստաբան Իրինա Օստաեւան, մասնավորապես, նշել է, որ պարոն Յաղուբովը ընտանիքի միակ կերակրողն է, նրա խնամքին են կինը եւ հիվանդություններ ունեցող դուստրը: Պաշտպանության վարկածով՝ նա հանցագործությունները կատարել է «ծանոթին (Բախշիեւին) օգնելու եւ ընտանիքի համար փող վաստակելու նպատակով»:
Գերագույն դատարանը, բողոքները մերժելով, նշել է, որ դատավճիռը կայացնելիս մեղքը մեղմացնող բոլոր հանգամանքները հաշվի են առնվել: Մասնավորապես՝ դատապարտյալների նկատմամբ չի կիրառվել լրացուցիչ պատիժ տուգանքի ձեւով, որը նախատեսված է Քրեական օրենսգրքի 205.1 հոդվածով: Դատապարտյալների Թուրքիայից գործընկերը մինչեւ հիմա միջազգային հետախուզման մեջ է:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր