Բազմոցին պառկած մարդու աղքատությունը կառավարութունը չի հաղթահարելու. արգելել սրահներում ոսկեջրած աթոռներ դրած օբյեկտների գործունեությունը

«Հիմա մենք ստեղծել ենք բավարար դաշտ, ու եթե ինքնակարգավորումեր տեղի չեն ունենալու, մենք որոշակի ստանդարտներ ենք պարտադրելու: Չաշխատող մարդը չի կարող լավ ապրել: Հետևաբար, մեր խնդիրն է աշխատանքի համար ստեղծել բոլոր հնարավոր պայմանները, էլի կրկնում եմ, բազմոցին պառկած մարդու աղքատությունը Կառավարութունը չի հաղթահարելու, այդ մարդը առնվազն պետք է բռնի Կառավարության մեկնած ձեռքը ու վեր կենա բազմոցից»,-ասաց ՀՀ վարչապետը:
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ սպասում են բավականին բարձր տնտեսական աճ: «2020 թվականի մեր տնտեսական աճի ցուցանիշը պիտի լինի ավելի լավը, քան՝ 2019 թվականինը»,-ասաց Փաշինյանը:
Խոսելով զբոսաշրջության մասին՝ նա ասաց, որ Հայաստան են գալիս հաճախորդներ, որոնք փոքր ու միջին բիզնեսի պոտենցիալ հաճախորդներ են: «Այս մարդիկ գալիս են ոչ թե հինգաստղանի հյուրանոցներում ապրելու, ամենաթանկ ռեստորաններում սնվելու, այլ գալիս են քայլելու, սար բարձրանալու, գետ տեսնելու, կենդանի տեսնելու ու հունվարի 1-ից մենք միկրոբիզնեսն ազատել ենք հարկերից»,-ասաց նա:
Վարչապետը նշեց, որ պետք է արգելել այն օբյեկտների գործունեությունը, որոնք ոսկեջրած աթոռներ են դնում իրենց սրահներում, սակայն սանհանգույցում անմխիթար վիճակ է։ Ըստ նրա՝ այսպիսի օբյեկտներին աշխատել պետք է թույլ չտալ այնքան ժամանակ, մինչև ունենան նորմալ աթոռներ և ոսկեջրածին մոտ զուգարաններ։
Խոսելով հսկիչ դրամարկղային կտրոնների խնդրի մասին՝ վարչապետն ասաց, որ շարունակում են ահազանգեր ստանալ, որ զանգվածային կերպով մարդիկ շարունակում են չտրամադրել ՀԴՄ-ներ: «Իհարկե, մենք վարչարարության առումով խոսել ենք, որ խիստ պետք է վերաբերվենք, բայց ՊԵԿ նախագահին մի գաղափար եմ առաջարկել, որ հնարավորություն տրվի, որպեսզի ՀԴՄ չթողարկելու մասին փաստող քաղաքացիների կողմից տրամադրված տեսագրության հիման վրա հարկային մարմինը վարչական վարույթ իրականացնի»,-ասաց նա:
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի դիտարկումներից հետո վարչապետը արձագանքեց.«Ես կոնկրետ քաղաքական խնդիրը առաջադրում եմ, դուք պետք է լուծումները գտնեք, գնացեք գտեք լուծումներ»: