Տեսանյութ.Լարված իրավիճակ Երեւան-Սեւան մայրուղում. ճանապարհը փակ է          Եվրոպան վերջնարդյունքում հայերին «մի ծխելու սիգարետ տվեց» ու մի փոքրիկ դրամաշնորհ, իսկ Ալիևը հասնում է այն ամենին, ինչ ցանկանում է ներկան հաղթել է և արդեն 2030 թ-ի մասին է մտածում.       Հայտնի թուրք սեյսմոլոգը նախազգուշացրել է՝ Թուրքիայում ուժգին երկրաշարժ, ցունամի կլինի    

30 հուն 2020 14:37

Եթե հիվանդանամ էլ, աշխարհի վերջը չի, ինձ տիրություն կանեն․ Պատմում է Չինաստանում բնակվող հայուհին

Չինաստանի Սյանյան քաղաքում (Շանսի նահանգ) մարդիկ փորձում են դուրս չգալ տներից, շփումները հասցնել մինիմալի՝ այդպիսով կանխելով նոր կորոնավիրուսային վարակի տարածումը։ Այս մասին NEWS.am Medicine-ի հետ զրույցում պատմեց այդ քաղաքում բնակվող Ամալյա Մխիթարյանը։
Քաղաքում ամենատարածված տաքսի ծառայությունը՝ Didi-ն այսօրվանից չի աշխատում։ Սյանյան քաղաքում վարակվածները 5-ն են, հարակից՝ Սիան քաղաքում՝ 22-ը։ Մահվան դեպքեր երկու քաղաքներում էլ չկան։
Ամալյայի խոսքով՝ խուճապն ավելի շատ համացանցում է՝ խմբերում ու էջերում, իսկ փողոցներում մարդիկ հանգիստ են, պարզապես փորձում են պահպանել հիգիենայի կանոնները, կրում են դիմակներ։ Մետրոն աշխատում է, բայց սահմանափակ ժամերով։ Շենքերի պահակները ուշադիր են ելումուտ անողների նկատմամբ, իրենց մոտ ունեն ջերմաչափեր եւ այլ պարագաներ։

«Ունենք Wechat-ի հայերի խմբեր, որտեղ մարդիկ կարծես երկու մասի բաժանված լինեն, մի մասը հանգիստ է, մյուս մասը՝ վախեր ունի, մտածում են՝ հետ գնան Հայաստան», - նշեց մեր զրուցակիցը։
Ամալյան մինչեւ այս քաղաք տեղափոխվելը ապրել է նաեւ Չինաստանի Ցինդաո քաղաքում, կապի մեջ է նաեւ այնտեղի բնակիչների, ընկերների հետ։
«Այստեղ բազմաթիվ թաղամասեր փողոցից առանձին են, ու թաղամաս մտնելու համար դարպասով պետք է անցնել։ Հարեւանս ինձ պատմեց, որ իրենց թաղամասում պահակը փակել է դարպասը ու թույլ չի տալիս ելումուտը։ Սննդի հարցով օգնում են իրար, պահակները բերում են, իսկ մարդիկ, հասկանալով, որ այս պահին դուրս չգալը անհրաժեշտություն է, թաղամասից դուրս չեն գալիս, երբեմն դարպասների ներսում դուրս են գալիս զբոսնելու․․․»։
Սինյան քաղաքում թանկացումներ չկան, մարդիկ փորձում են գնել այնպիսի ուտելիքներ, որոնք տուփերով են, փաթեթավորված, մսամթերք ու ձու գնելուց խուսափում են։ Կառավարությունը հայտարարել է, որ քառապատիկ կտուգանի այն դեղատների սեփականատերերին, ովքեր կթանկացնեն դիմակները։
«Մի շաբաթ կլինի, ինչ տանից դուրս չենք գալիս։ Հունվարի 22-ին նոր տարվան էինք պատրաստվում, ես որոշեցի մեկ շաբաթվա առեւտուր անել, դեռ տեղյակ չէինք վիրուսի մասին, մի օր անցավ, վիրուսի մասին ասացին, ես սնունդ ունեի, կարող էի մնալ տանը։ Մի օր եմ դուրս եկել գիշերը, էնպիսի ժամի, որ քիչ մարդ լինի», - պատմեց մեր զրուցակիցը։
Ամալյայի խոսքով՝ օտարերկրացիները ավելի տեղեկացված են, ավելի զգույշ են՝ ի տարբերություն չինացիների։
«Մենք ընդամենը խուսափում ենք մարդկանցից, դրսից չենք վախենում, եթե հանկարծ մարդու էլ հանդիպում ենք, 2 մետր հեռավորություն ենք պահում։ 2 օրից պատրաստվում եմ դուրս գալ սուպերմարկետ մեծ առեւտրի, մեր մոտ մի խանութ կա, մանր բաներ առնում եմ, վաճառողուհին դիմակով է, հեռու ենք կանգնում իրարից, գոռալով խոսում ենք»։
Ամալյան նշում է, որ Չինաստանի կառավարությունը ամեն հնարավոր միջոց ձեռնարկում է՝ իրավիճակի հաղթահարման համար, եւ բնակիչներն իրենց ապահով են զգում։
«Ես վստահ եմ, որ եթե նույնիսկ այդ վիրուսը ինձ էլ հասնի, այս կառավարությունը տիրապետում է իրավիճակին, բոլոր ջանքերը գործադրում է վիրուսի հաղթահարման համար։ Ու ես դրա համար չեմ գալիս Հայաստան։ Եթե վստահ լինեի, որ Հայաստանում թեստ կանցկացնեն, կարանտինը կպահեն, կարող է եւ գայի, բայց իմ քաղաքում վիճակն այդ աստիճան չէ, որ գամ, ու ես ապահով եմ, եթե հիվանդանամ էլ, աշխարհի վերջը չէ, ինձ տիրություն կանեն․․․»։
Հիշեցնենք, որ Չինաստանում ավելի քան 7000 մարդ է վարակվել կորոնավիրուսով, գրանցվել է մահվան 170 դեպք: Վարակը սկսվել է Ուհան քաղաքից, այժմ քաղաքում ելումուտն արգելված է։
Հիվանդության հիմնական ախտանիշներն են ջերմությունը, հոգնածությունը, խորխով հազը։ Հիվանդությունը սովորաբար սկսվում է որպես շնչառական վարակ, որն ուղեկցվում է տենդով, հազով ու թոքաբորբով, բայց հաճախ ծանր ընթացք է ստանում՝ խոցելով թոքերը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր