Ղազախստանի ՆԳՆ-ում հայտնել են խարդախ սխեմայի մասին, որը կազմակերպել են Ղազախստանի և Հայաստանի քաղաքացիները

Հայաստանը ԵԱՏՄ երկրներից ամենաուշն է իր ավտոմեքենաների համար տեխռեգլամենտ մտցրել, դա տեղի է ունեցել 2020 թվականին, եւ մինչ այդ Հայաստանի բոլոր քաղաքացիները կարող էին տեղաշարժվել եվրո-4 դասից ցածր եւ 2007 թվականի արտադրության ավտոմեքենաներով:
Ղազախստանում նման մեքենաների համար արգելք է սահմանվել դեռեւս 2015 թվականին:
Ինչպես պատմել է Ղազախստանի ՆԳՆ ղեկավարի տեղակալ Մարատ Կոժաեւը, ղազախստանցիներն օգտագործել են երկու երկրների պահանջներում նշված սողամուտքերից եւ տարբեր ճանապարհներով հայկական փաստաթղթեր ձեւակերպել, թե, իբր, ժամանակավորապես բնակվում են Հայաստանում:
Այդ փաստաթղթերի հիման վրա ավտոմեքենան ներկրվել է Ղազախստան: Փաստաթղթերի թվում են՝ վարման լիազորագիր, ապահովագրություն եւ տեխանձնագիր, բնակության ձեւակերպում եւ այլն:
«Յուրաքանչյուր դեպք անհատապես կբացահայտենք: Մենք ոստիկանական խումբ ենք ուղարկել Հայաստան՝ հասկանալու համար, թե ինչ մեխանիզմ է այնտեղ կիրառվել, ով է մեղավոր: Մեր հայ գործընկերների հետ կստուգենք ղազախստանցիների եւ Հայաստանի քաղաքացիների գործողությունները»,- հայտարարել է Կոժաեւը:
Նա հավելել է, որ իրավապահ մարմիններ են դիմում ղազախստանցիները հայտարարություններով, որ Հայաստանում ավտոմեքենա գնելիս ներգրավվել են խարդախ սխեմաներում: