Իրավիճակը դուրս է ստանդարտ լուծումների տիրույթից,անթույլատրելի է կառավարությանը միայնակ թողնելը

Ոչ ոք չի կարող կանխատեսել, թե որքան ժամանակ կշարունակենք ապրել սահմանափակումների ռեժիմում, վաղ է գնահատել համաճարակի հասցրած վնասների չափն ու ծավալը։
Իրավիճակը դուրս է ստանդարտ լուծումների տիրույթից, մեզ ամեն օր պետք են նոր, ոչ սովորական միջոցներ ու գործիքներ: Անթույլատրելի է այդ հարցում կառավարությանը միայնակ թողնելը: Կառավարությունն այս հարցում պետք է ստանա գործարար համայնքի, գիտնականների, մասնագետների ու փորձագետների աջակցությունը: Այդ նպատակով Հայաստանի և Սփյուռքի մեծահարուստների, գործարարների, տնտեսագետների ու ֆինանսիստների մասնակցությամբ պետք է ստեղծել հատուկ հիմնադրամ, որը կգեներացնի ոչ միայն կորոնավիրուսի համավարակի առաջացրած տնտեսական հետևանքների մեղմման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներ, այլև գաղափարներ, ծրագրեր ու նախագծեր, որոնք կֆինանասավորվեն այդ նույն հիմնադրամի միջոցով:
Չափազանց կարևոր է, որպեսզի այդ նախաձեռնություններն ունենան ենթակառուցվածքային, համակարգաստեղծ բնույթ և նպաստեն տնտեսության բեռնմանը կամ վերբեռնմանը: Այս հիմնադրամը կարող է հաջողված նախադեպ դառնալ մասնավորի և կառավարության համագործակցության համար, ինչը ընդունված պրակտիկա է շատ երկրներում: Հաշվի առնելով ստեղծված իրավիճակի արտակարգ ու ոչ սովորական բնույթը այդ հիմնադրամը պետք է գործի կառավարության հետ սերտ համագործակցությամբ, կարելի է քննարկել անգամ հիմնադրամի ստեղծման գործում որևէ ձևաչափով կառավարության մասնակցության հարցը:
Կառավարությունն ինքը այս փուլում բաց է բոլոր տեսակի նախաձեռնությունների ու տնտեսության առողջացմանն ուղղված գաղափարների քննարկման համար: Մեր խնդիրն է գտնել համագործակցության ու փոխգործակցության արդյունավետ ձևաչափեր, որոնք հնարավորություն կտան հաղթահարել ստեղծված ճգնաժամային իրավիճակը, իսկ ապագայում արդեն այդ ձևաչափերն օգտագործել տնտեսական երկարաժամկետ ծրագրերի իրականացման համար»: