Չէր կարելի կորոնավիրուսի հարցում պետականորեն այսքան անտարբեր լինել,, թե գուցե այն կանցնի, մեզ չի կպչի

«Կանխարգելման հարցում մենք ուշացանք, թեև հիմա էլ ուշ չէ, պետք է գործը պրոֆեսիոնալներին վստահել: Ժամանակին Հայաստանում կար համաճարակաբանության ինստիտուտ, որում աշխատող բարձր որակի մասնագետների շնորհիվ մեր երկրում վերացվեց, օրինակ, մալարիա հիվանդությունը: Այսօր այդ ինստիտուտը չկա, եթե այն լիներ իր մասնագետներով, մեծ դեր կխաղար»,- ասել է բժիշկը:
Ըստ Ազնաուրյանի՝ մեր առողջապահական ռեսուրսները սակավ են, մեկ ինֆեկցիոն հիվանդանոցը Երևանում, այն էլ վատ շենքային պայմաններով, բավարար չէ այս ծանրաբեռնվածությամբ աշխատելու համար. «Ինֆեկցիոն հիվանդությունները մշտապես պետք է ուշադրության կենտրոնում լինեն: Ո՞վ կսպասեր, որ աշխարհում համավարակ կհայտարարվի: Առողջապահության նախարարության համապատասխան բաժանմունքները պետք է գրագետ գործեն: Հիմա պետք է ամեն գնով կանխել տարածումը, փակել օդային սահմանը նույնիսկ Ռուսաստանի հետ: Մեր շարքային բուժաշխատողներն այսօր մեծ աշխատանք են կատարում, նրանց սիրտն իսկապես ցավում է հիվանդների համար»:
Բժշկի կարծիքով՝ իշխանությունը պետք է հոգեբանորեն ժողովրդի կողքին լինի, ոչ թե հրամայի, այլ բացատրի, հանգստացնի, հասնի բոլորին. «Իշխանությունը թեթևամտորեն վերաբերվեց այս վտանգին, թե գուցե այն կանցնի, մեզ չի կպչի: Դա սխալ մոտեցում էր: Կաբինետում նստած պաշտոնյաները չեն կարող որոշել՝ հիվանդության բռնկում կլինի՞, թե՞ ոչ: Կազմակերպչական և կարգապահության հարցերը պետք է մղվեն առաջին պլան, ինչպես Չինաստանում: Բայց մեր կառավարությունը հանգիստ սպասում էր, մտածում էր՝ մեզ ոչինչ չի սպառնում»:
Արտաշես Ազնաուրյանի պնդմամբ՝ կարևորը խուճապի չմատնվելն է, առողջապահական բոլոր հիմնարկները պետք է մոբիլիզացվեն, բուժական համակազմը գործի ամբողջ ինտենսիվությամբ. «Պետք է ամեն ինչ արվի՝ համաճարակը կանխելու համար: Առաջիկա մի քանի շաբաթում մենք չենք հաղթահարի ճգնաժամը: Այս վիրուսը ծանոթ չէր մարդկությանը, պատվաստանյութ չկա, ոչ մի դեղորայք այն չի բուժում, և չէր կարելի այսքան թեթևամտորեն մոտենալ այդ հարցին: Պետք է գիշեր ու ցերեկ բոլոր բժշկական հաստատություններն աշխատեն, ինչպես պատերազմի ժամանակ: Պետք է առանձնահատուկ զարգացնել ինֆեկցիոն հիվանդությունների դեմ պայքարն առհասարակ»: