Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով. առաջիկա օրերի եղանակի կանխատեսում          Ապրիլի 26-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Ապրիլի 26-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

27 ապր 2020 14:34

Սոցապ նախարարությունում կենսաթոշակառուների համար ստեղծվում են անհարկի խոչընդոտներ․ Արման Թաթոյան

Արտոնյան պայմաններով կենսաթոշակ նշանակելու հարցում կան խնդիրներ եւ մարդկանց հաճախ մերժում են: Այս մասին այսօր՝ ապրիլի 27-ին, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովում «2019 թվականի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին» տարեկան հաղորդման քննարկման ժամանակ նշեց ՄԻ պաշտպան Արման Թաթոյանը:


«Այստեղ շատ ձեւական մոտեցում է կիրառվում եւ իրավունքի գերակայությունը մնում է հետեւում: Օրինակ, կա կառավարության որոշմամբ սահմանված ցանկ, որտեղ նշված են մասնագիտություններ, աշխատանքներ եւ մարդկանց դիմումները մերժում են այն հիմնավորմամբ, որ արտոնյալ կենսաթոշակի իրավունք տվող նրանց աշխատանքային ստաժը չի բավականացնում, քանի որ ասենք թե, չեն համապատասխանում տառացիորեն այդ ցանկի պահանջներին:


Դրանք այնպիսին են, որ կարելի է այնպես մեկնաբանել, որ քաղաքացիները չզրկվեն այդ իրավունքից: Օրինակ, մի դեպքում քաղաքացին աշխատել է լաբորանտ, հետագայում աշխատել է որպես ուսուցիչ, լաբորանտի ստաժը հաշվի չի առնվում եւ նա զրկվում է արտոնյալ թոշակի այդ հնարավորությունից:


Մասնակի կենսաթոշակ նշնակելու հարցում եւս համակարգային խնդիրներ կան:


Խնդիր է նաեւ մարդկանց փաստացի աշխատած ժամանակահատվածը կենսաթոշակի իրավունք տվող աշխատանքային ստաժում չհաշվառելը: Սա վերաբերում է այն իրավիճակներին, երբ մարդիկ չեն կարողանում ներկայացնել աշխատանքային ստաժն պացուցող փաստարկներ, ասենք աշխատել են որեւէ հիմնարկում, սակայն չունեն փաստաթղթերը, որով կկարողանան դա հիմնավորել»,-ասաց Թաթոյանը:


Նա հավելեց, որ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության համապատասխան մարմինը թոշակառուների համար ստեղծում է արհեստական խոչընդոտներ այն իրավիճակներում, երբ նրանք փորձում են իրենց ստաժի հետ կապված հարցը լուծել դատական կարգով. «Մասնավորապես, վերջերս ներդրվել է մի այնպիսի պրակտիկա, որ կենսաթոշակային մարմինը միջամտում է  դատարանում ստաժի հաստատման գործընթացին՝ ներկայացնելով դիրքորոշում դիմումն առանց քննության թողնելու միջնորդությամբ, իբր կողմերի միջեւ առկա է վեճ: Սրա պատճառով գործերը թողնվում են առանց քննության: Սա տարիների անթույլատրելի խրոնիկ պրակտիկայի հետեւանք է»:

Նախկինում եղել է համակարգային բնույթի կոռուպցիա, որ կենսաթոշակ նշանակելու համար առաջին մի քանի ամսվա կենսաթոշակը կենսաթոշակային մարմինը պահանջում, ստանում էր, որ այդ հարցով զբաղվի:


«Հիմա այդ երեւույթը վերացել է կամ համակարգային բնույթ չի կրում, բայց հիմա էլ քաղաքացիներից դիմումները չեն վերցնում, բանավոր մերժում են եւ այլն»,-ասաց Թաթոյանը: Նա հավաստիացրեց, որ իր ասած ամեն խոսքը կարող է ամրապնդել պրակտիկայից վերցված օրինակներով:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր