Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Տեսանյութ.Տավուշում պայմանագրային զինծառայողներ են միացել պայքարին       Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք    

18 մայիս 2020 10:37

«Դո՛ւք եք լիցենզավորում այդ կլինիկաներին և չե՞ք վստահում նրանց». Սարգիս Միքայելյան

Վերլուծաբան Սարգիս Միքայելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Որքան հասկացա՝ Առողջապահության նախարարությունն արգելել է վճարովի հիմունքներով կորոնավիրուսի թեստավորումը մասնավոր լաբորատորիաներում:


Սիրելի՛ բարեկամներ, եթե ճիշտ եմ հիշում, այդպիսի թեստավորում իրականացվում էր Վարդանանց ԲԿ-ում և Պրոմտեստ լաբորատորիայում, գուցե այլ կլինիկաներում էլ: Էլի կան շատ լուրջ մասնավոր կլինիկաներ՝ գերժամանակակից լաբորատորիաներով (օրինակ՝ Սիրմեդ, ԷկոՍենս և այլն), որոնք կարող են ձեռք բերել թեստերը և կատարել թեստավորում վճարովի հիմունքներով: Թեև դա էժան չէ, բայց շատ մարդիկ կան, որ կուզեին ինքնուրույն անցնել թեստավորում՝ պարզելու համար, օրինակ, թե արդյոք այդ վարակի անախտանիշ կրողներ չեն և, հետևաբար, արդյոք վտանգավոր չեն իրենց մերձավորների համար:


Արգելելու հիմնավորման մեջ ասվում է, օրինակ. «Լաբորատորիաների կողմից կարող են գնվել և կիրառվել տարբեր զգայունություն և մասնահատկություն (սպեցիֆիկություն) ունեցող թեստ-հավաքածուներ՝ կասկածի տակ դնելով ստացված արդյունքների հավաստիությունը...»:


Ախր սրան կա պարզ լուծում. սահմանե՛ք այն բնորոշիչները (զգայունության և սպեցիֆիկության), որոնց պետք է բավարարեն լաբորատորիաների կողմից ձեռքբերվող ու կիրառվող թեստերը: Թող նույն թեստերն առնեն, ինչ-որ ԱՆ-ն, մի՞թե դա անհնար է:


Ասվում է. «...վճարովի թեստավորում կարող են սկսել իրականացնել տարբեր լաբորատորիաներ` առանց... կենսանվտանգության համակարգի առանցքային պահանջների պահպանման, լաբորատորիաներում վարակի հսկողության իրականացման, ..., ինչպես նաև հնարավոր է հետազոտվողների անձնական տվյալների անհարկի տարածում...»:


Սա բացարձակապես քննադատության չի դիմանում: Դո՛ւք եք լիցենզավորում այդ կլինիկաներին և չե՞ք վստահում նրանց: Եվ այդ ինչպե՞ս են այդ նույն լաբորատորիաները ապահովում կենսանվտանգությունը և հսկողությունը մնացած բոլոր հետազոտություններում: Չէ՞ որ այդ նույն լաբորատորիաներում կատարվում են տարբեր այլ վարակների թեստավորումեր, ասենք՝ ՄԻԱՎ-ի, հեպատիտ C-ի և այլն, ինչպես նաև մասնավոր կլինիկաներում իրականացվում են տարբեր բժշկական գործողություններ, որոնք ռիսկային են վարակների տարածման տեսանկյունից: Ստացվում է, որ դուք վստահում եք, (պարզ օրինակ), բոլոր ատամնաբուժարաններին հեպատիտ C-ով պացիենտների վարակման ռիսկի առումով, բայց չե՞ք վստահում մասնավոր լաբորատորիաներին՝ ԿՈՎԻԴ-19-ի հետ տարածման ռիսկի առումով: OK, սահմանված չափորոշիչներ կան, չէ՞, ընդամենը պատշաճ վերահսկեք դրանց պահպանումը, ի՞նչն է խնդիրը: Համոզված եմ, որ կլինիկաները հենց իրե՛նք են շահագրգիռ լինելու կենսանվտանգության պահանջների պահպանման հարցում: Ինչ վերաբերում է հետազոտվողների անձնական տվյալների տարածման ռիսկին, ապա սա ընդհանրապես անհասկանալի թեմա է, ընկերներ. այսինքն՝ նույն լաբորատորիաներում, որ անում են, օրինակ, սիֆիլիսի անալիզներ, պացիենտների անձնական տվյալների տարածման ռիսկ չկա, իսկ ահա կորոնավիրուսի պարագայում՝ կա՞: Մյուս կողմից էլ՝ դա օրենսդրությամբ կարգավորվող հարց է, եթե կլինի խախտում՝ կարող են կիրառվել համապատասխան իրավական միջոցներ, ի՞նչ է հարցը:


Ասվում է. «Երբեմն անհնար է լինում հավաքագրել տեղեկատվություն թեստավորման դրական արդյունք ունեցած անձանց վերաբերյալ...»:


Սա առհասարակ խնդիր չէ. ընդամենը պետք է պացինետին ԿՈՎԻԴ-19-ի թեստավորում անցկացվի միայն անձնագրային տվյալների գրանցմամբ և իրազեկմամբ, որ թեստավորման արդյունքները տրամադրվելու են համաճարակային հսկողության համապատասխան մարմնին: Ու վերջ:


Ընդհանուր առմամբ, կարող եմ եզրակացնել, որ մասնավոր լաբորատորիաներում կորոնավիրուսի թեստավորման արգելման որոշման հիմնավորումը թերի է:


Գուցե ինչ-որ այլ հարցեր կան, որոնք ես չեմ պատկերացնում:


Բայց մի բան շա՛տ լավ եմ պատկերացնում, որ համաճարակի այս փուլում իշխանություններն իրե՛նք պետք է շահագրգռված լինեին հնարավորինս շատ թեստավորումների իրականացմամբ, որ բացահայտվեն նաև ասիմպտոմ դեպքերը, չպարզված համաճարակային շղթայով դեպքերը և այլն: Եվ այս հարցում շատ մեծ նշանակություն կունենար մասնավոր կլինիկաներում վճարովի հիմունքներով թեստավորումը: Վերջին հաշվով՝ այս համաճարակի դեմ պայքարի հիմնական գործիքներն են հենց թեստավորումը և կարանտինային միջոցառումները: Չգիտեմ՝ ինչու է արգելվել, դրա պատճառն ինձ համար միանշանակ հասկանալի չէ»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր