Դիվերսիոն խմբերի գործողությունների տապալումից հետո, ինչպես գիշատիչ գայլերն են լիզելով իրենց վերքերը կարգավորում, հիմա այդ կարգավիճակում են ազերիները

Դիլբարյանի կարծիքով՝ եթե մենք շարունակենք արտաքին քաղաքական հարթակում նաև անընդհատ բարձրաձայնել ոչ թե միայն պատերազմական գործողությունների, այլ նաև պատերազմական հանցագործությունների մասին, որ Ադրբեջանը կատարել է կամ հայտարարում է, ապա մենք կկարողանանք նրանց պարտադրել քիչ թե շատ կայուն խաղաղություն՝ գոնե հայ-ադրբեջանական հատվածում։
Թուրքիան խրախուսեց Ադրբեջանի ԶՈւ-ին՝ հայտարարելով, որ եղբայրական Ադրբեջանին սատարելու պատրաստակամություն է հայտնում. բացահայտ այս միջամտությամբ Թուրքիան ի՞նչ է ակնարկում և ի՞նչ հավակնություններ ունի: Հարցին Դիլբարյանը պատասխանեց. «Թուրքիան միշտ ակնարկում է տարածաշրջանում գերակա դիրք գրավելու մարտավարության և ռազմավարության մասին։ Ես կարծում եմ, որ այդ սպառնալիքները հասցեագրված էին նաև Ռուսաստանին, որը տարածաշրջանում գլխավոր արտաքին քաղաքական խաղի մասնակիցներից է։ Մեր արտաքին գերատեսչական մարմինն արձագանքեց այդ հայտարարությանը, և ես կարծում եմ, որ մնացած արձագանքներն էլ բավարար էին, որպեսզի Թուրքիան իր զինատեսակներով և հրահանգիչներով օգներ բավականին ցածր մարտունակություն ունեցող Ադրբեջանին»:
Անդրադառնալով վերջերս Բաքվի կողմից Մեծամորի ատոմակայանին հարված հասցնելու սպառնալիքին՝ Նարինե Դիլբարյանն ընդգծեց. «Չեմ կարծում, որ Ադրբեջանը գտնվի այնքան տխմար, որ գործուն քայլերի վերածի այդ սպառնալիքը։ Բացի այդ, ուզում եմ շեշտել, որ բազմաթիվ լրատվական կայքերով ասվեց, որ ռուսական հակաօդային պաշտպանությունը, ելնելով Մեծամորի հանդեպ Ադրբեջանի կողմից հնչած ոտնձգությունից, տարածքը վերահսկում է։ Այդ հայտարարությունները սուտ մարտավարություն է՝ ահաբեկել և սարսափեցնել. կարծում եմ՝ կարճատես քայլ է Ադրբեջանի կողմից»։
Վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող գործողություններին և հրադադարի խախտումներին արձագանքեցին բազմաթիվ երկրներ ու միջազգային կառույցներ՝ հիմնականում չեզոք հայտարարություններով։ Նարինե Դիլբարյանն այդ արձագանքներն այսպես մեկնաբանեց. «Տեղի ունեցան հերթապահ արձանագրումներ և զուտ իրավիճակից ելնելով, ես չէի ասի, որ հայանպաստ, այլ իրականությանը նպաստող։ Հայտարարությունները, իհարկե, քիչ էին, բայց պետք է հաշվի առնել, որ միջազգային հանրությունը պահպանողական է, և դու պետք է ուժի դիրքերից ապահովես քո ամրությունը, որից հետո միջազգային հանրությունը կմտածի քեզ պաշտպանելու մասին։ Գուցե այս ամենի մեջ լավը այն էր, որ մենք իսկապես կարողացանք ապահովել մեր ռազմական կայունությունը»: