Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

21 հուլ 2020 14:55

Արդյոք Երեւանը մտահոգվա՞ծ է Թուրքիայի՝ հակամարտությունում հնարավոր ավելի ուղղակի միջամտությամբ

Հայաստանը լիովին հանձնառու է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը. պատերազմը տարբերակ չէ։ Այս մասին «France 24» լրատվամիջոցին տված հարցազրույցում նշել է Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:


«Պատերազմն իսկական աղետ կլինի ամբողջ տարածաշրջանի համար։ Հայաստանն ու Արցախն ունեն պաշտպանվելու կարողություն։ Սակայն պատերազմը պետք է ամբողջությամբ բացառվի։ Մենք լիովին հանձնառու ենք հարցի խաղաղ կարգավորմանն այնպիսի մոտեցմամբ, որ Հայաստանի, Արցախի, ինչպես նաեւ Ադրբեջանի շահերը հավասարապես կհասցեագրվեն: Մենք աշխատում ենք փոխզիջման վրա հիմնված լուծման ուղղությամբ եւ շարունակելու ենք ջանքեր ներդնել խաղաղ կարգավորման համար: Սա եղել եւ մնում է Հայաստանի հանձնառությունը»,-ասել է նա:


Հարցին, թե Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը կարող է լինել այս լարվածության իրական պատճառը, Մնացականյանը պատասխանել է. «Սա շատ մտահոգիչ է, քանի որ մենք ականատես ենք եղել Թուրքիայի ապակայունացնող դերին իր հարեւանությունում՝ Արեւելյան Միջերկրական, Հյուսիսային Աֆրիկա, Մերձավոր Արեւելք: Այժմ մենք ականատես ենք լինում անկայունության այս գործոնը մեր տարածաշրջան՝ Հարավային Կովկաս տեղափոխելու փորձին: Այս փորձը նաեւ ներկայացվում է Հարավային Կովկասում Թուրքիայի «պատմական առաքելության» լույսի ներքո:


Այժմ դուք հասկանում եք, որ նման «պատմական առաքելությունը» Հայաստանի մոտ արթնացնում է վերջին դարասկզբին իրականացված Հայոց ցեղասպանության տխուր հիշողություններ, եւ իհարկե, մենք խիստ մտահոգված ենք այդ առնչությամբ: Մենք նաեւ ականատես ենք լինում, որ հայերի դեմ իրականացված այդ ոճրագործության անպատժելիությունն է հիմք տալիս Թուրքիային հստակորեն պնդելու Հարավային Կովկասում որեւէ դերակատարության վրա:


Հարցին, թե արդյոք ունի՞ մտահոգություն, որ Թուրքիան  կարող է ավելի անմիջական դեր խաղալ Ադրբեջանի հետ հակամարտության հարցում, ներառյալ ռազմական ճանապարհով, ՀՀ ԱԳ նախարարն արձագանքել է. «Այս հարցում Թուրքիան որեւէ դերակատարում չունի: Խաղաղ կարգավորումը վերաբերում է Հայաստանին, Արցախին եւ Ադրբեջանին, եւ Արցախի հետ միասին մենք շատ կառուցողական ձեւով կշարունակենք սերտ համագործակցել Ադրբեջանի հետ լուծում գտնելու ուղղությամբ: Մենք պետք է աշխատենք հրադադարի կայուն ամրապնդման ուղղությամբ, մենք պետք է Ադրբեջանից լսենք ուժի սպառնալիքի կամ ուժի կիրառման մերժում: Մենք պետք է աշխատենք այնպիսի միջավայրի վրա, որը նպաստում է բանակցություններում առաջընթացին:


Մենք պետք է աշխատենք պարտավորությունների այնպիսի հավասարակշռության ուղղությամբ, որը կնպաստի համաչափ փոխզիջման հասնելուն, պետք է լինի փոխզիջման վրա հիմնված լուծում, որին Ադրբեջանի առավելապաշտական կեցվածքը չի նպաստում: Ուստի, մենք շարունակելու ենք այդ ուղղությամբ աշխատել միջազգային մանդատ ունեցող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափի շրջանակում: Մենք բարձր ենք գնահատում համանախագահների՝ Ֆրանսիայի, Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների դերը, եւ նրանց շատ կայուն ներդրումը, հանձնառությունն ու ներգրավվածությունը: Այս ձեւաչափի շրջանակներում մենք կշարունակենք աշխատել խաղաղության ուղղությամբ»:


Ճշտող հարցին, թե արդյոք Երեւանը մտահոգվա՞ծ է Թուրքիայի՝  հակամարտությունում հնարավոր ավելի ուղղակի միջամտությամբ, Մնացականյանն ասել է. «Ակնհայտորեն մենք անտարբեր չենք կարող լինել, քանի որ դա կարող է լինել միայն անկայունության դեր, եւ, իհարկե, մենք չենք կարող անտարբերությամբ  վերաբերել դրան. դա, անշուշտ, անհանգստության տեղիք է տալիս»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր