Հետաքրքրություն է ներկայացնում այն հարցը, թե ինչ հարթակից են արձակվել Spike NLOS կառավարվող հրթիռները
![](https://razm.info/wp-content/uploads/2020/07/Dzck1pcWsAEVdzU-1024x675.jpg)
Ի թիվս ԱԹՍ-ների՝ ցուցադրության շարքերում կային նաև վերջին օրերի մարտերից մնացած այլ բեկորներ, որոնք համապատասխանում էին իսրայելական արտադրության Spike NLOS կառավարվող հրթիռներին, հայտնում է Razminfo-ն:
![](https://razm.info/wp-content/uploads/2020/07/Spike-NLOS-1024x512.jpg)
Լուսանկարում՝ ձախից՝ ցուցադրված բեկորը, աջից՝ Spike NLOS հրթիռը:
NLOS-ը Spike կառավարվող հրթիռների ամենահեռահար տարբերակն է, որը կարող է թիրախներ խոցել մինչև շուրջ 25 կմ հեռավորությունից: Բացի NLOS-ից, Ադրբեջանի սպառազինությունում կան նաև Spike-ի այլ տեսակներ, օրինակ՝ 5 կմ հեռահարությամբ Spike LR-ը և 8 կմ հեռահարությամբ Spike ER-ը: Սրանց հրթիռները, սակայն, նաև տեսքով են տարբերվում NLOS-ից, և ցուցադրված բեկորների մեջ դրանց մնացորդներ մենք չտեսանք:
Առանձին հետաքրքրություն է ներկայացնում այն հարցը, թե ինչ հարթակից են արձակվել այս հրթիռները։ Սկզբունքորեն դրանք կարող են տեղադրվել և՛ ցամաքային, և՛ օդային հարթակների վրա, իսկ Ադրբեջանում առաջին անգամ դրանք տեղադրել էին ռազմանավերի վրա:
![](https://razm.info/wp-content/uploads/2020/07/Dzck1pcWsAEVdzU-1024x675.jpg)
Ադրբեջանի ՊՍԾ ռազմանավը Spike NLOS արձակման կայանով
2018 թվականին հարցազրույցներից մեկում Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը ասել էր, որ իրենք դասեր են քաղել 2016թ. ապրիլյան մարտերում իրենց ուղղաթիռը կորցնելուց, աշխատանքներ են տարել, և հիմա ուղղաթիռները մարտ վարելու կարիք չունեն հակառակորդի ՀՕՊ-ի հասանելիության տարածք մտնելու: Հենց այս խոսակցության կոնտեքստում Հասանովը հիշատակել էր Spike NLOS-ը: Վերջերս էլ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը նաև հրապարակեց լուսանկար, որոնցում Մի-17 ուղղաթիռի վրա կային ենթադրաբար Spike NLOS-ի համար նախատեսված կախոցներ:
razm.info