Հոգեբանական պատճառներից որո՞նք են առավել հաճախ նպաստում ցավի առաջացմանը. Հարցազրույց Սոնա Հարությունյանի հետ
Վերջերս Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնում կայացավ «Ցավի հոգեբանություն» թեմայով դասընթացը: Այս առիթով Hayacq.com-ը զրուցեց Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնի հոգեբան, դասընթացավար Սոնա Հարությունյանի հետ:
-Դասընթացի թեման բավական հետաքրքիր է, ցավը փաստորեն հոգեբանություն ունի՞:
-Ցավի թեման միշտ արդիական է, քանի որ ցավային գանգատը բժշկին դիմելիության տեսանկյունից առաջատար է: Իսկ վերջին ժամանակներում ցավը դիտվում է ոչ միայն որպես մարմնական դրսևորում, այլ կարևորվում է նաև հոգեբանական պայմանավորվածությունը: Սկսած Արիստոտելի ժամանակներից մինչ մեր օրերը ցավի էության մասին գոյություն ունեցող տեսակետները բազմիցս փոխվել են: Նախկինում ցավը գնահատել են որպես «հոգեկան տառապանք», «ապրում», «տհաճության զգացում», այլ ոչ թե ֆիզիոլոգիական գործընթաց: Կամ, օրինակ, Սպինոզան ցավը դիտարկել է որպես «թախիծ», որը պարտության է մատնում մարմնի այս կամ այն հատվածին: Ներկայումս ընդունված է ասել, որ ցավի զգացողության մեջ միահյուսված են սուբյեկտիվն ու օբյեկտիվը, հոգեբանականն ու ֆիզիոլոգիականը: Իհարկե, հետաքրքրության կիզակետում ցավի զգացողության սուբյեկտիվ գործոնն է: Պարզվում է` ցավի ընկալման և տանելիության վրա մեծապես ազդում են հոգեկան վիճակը, ցավի մասին պատկերացումները, հիշողությունները, նախկինում ունեցած հոգետրավմատիկ դեպքերը, և պատահական չէ, որ ֆրանսիացի հայտնի վիրաբույժ Ռ. Լերիշն ասել է. «Մենք հավասար չենք ցավի առջև»: Նշանակում է, որ տարբեր մարդիկ տարբեր են ընկալում և հակազդում միևնույն ցավային գրգռիչին: Այս և շատ այլ օրինակներով ակնհայտ է դառնում ցավի և հոգեբանական գործոնների անժխտելի կապը:
-Իսկ հոգեբանական պատճառներից որո՞նք են առավել հաճախ նպաստում ցավի առաջացմանը:
-Որպես ռիսկային գործոններ կարող ենք նշել տևական սթրեսը, դեպրեսիան, տագնապը, ալեքսիթիմիան, երբ մարդն իր հույզերը դժվարանում է բառերով ներկայացնել, ցածր ինքնագնահատականը, ճնշված բացասական հույզերը, անձնային որոշ առանձնահատկություններ:
-Ստացվում է` ցավի մասին շատ բան գիտենք, սակայն բուժումն արդյունավետ չէ՞: Ինչպե՞ս եք բացատրում ցավի այդչափ տարածվածությունը:
-Ցավի տարածվածությանը կարող են նպաստել մի շարք գործոններ, առաջնահերթ` միակողմանի ախտորոշումն ու բուժումը: Ցավը միջդիսցիպիլինար խնդիր է, և այն հասկանալու, հաղթահարելու համար անհրաժեշտ է համալիր մոտեցում` բժշկական, հոգեբանական, սոցիալական: Եթե, օրինակ, ցավն առաջացել է հոգեբանական գործոնից, կամ ինչպես ասում ենք, հոգեծին ցավ է, ապա դեղորայքային միջամտությունը արդյունավետ չի կարող լինել, անհրաժեշտ է անպայման ապահովել հոգեբանական խորհրդատվություն` իրական պատճառը գտնելու և հոգեբանական միջամտությամբ այն հաղթահարելու համար: Ի դեպ, Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնն ներկայումս միակն է, որտեղ լուսաբանվում են «Ցավի հոգեբանության» հարցեր դասընթացների միջոցով, ինչպես նաև իրականացվում է անհատական հոգեբանական աշխատանք քրոնիկական ցավ ունեցող պացիենտների հետ:
Հարցազրույցը
Իրինա Սարգսյանի